Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:57 23-03-2023

27 տարի Մհերը անցկացրել է բանտում ու այս գործը պետք է վերաբացվի ․ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կինը մանրամասնում է

«Այս գործը կարոտ է վերաբացման, այս ամենը չի կարող մնալ այնպես, ոնց ներկայացվել է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց լրագրող, փաստաբան, ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեջլումյանը։

Նշենք, որ դատարանը մարտի 20-ին քննել է ԵՊԲՀ ուսանող Իոսիֆ Աղաջանովին 1996 թվականին դաժանաբար սպանելու համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը:

Դատարանին ներկայացվել են Ենոքյանի ձեռքբերումները։ Մհեր Ենոքյանը գրքեր է հրատարակել, ստեղծագործում է, աշխատում է, բարձրագույն կրթություն ունի։ Մհեր Ենոքյանի կնոջ խոսքով՝ Ենոքյանի մասին դրական եզրակացություն են տվել ոչ միայն քրեակատարողական հիմնարկից, այլև՝ պրոբացիայի ծառայությունից:

Զարուհի Մեջլումյանը նկատում է, որ գործով նախաքննությունը, մեղադրանք փոփոխելուց հետո, տևել է ընդամենը ութը օր․ «Այսօր դուք չեք գտնի անգամ ճանապահրատրանսպորտային պատահարի որևէ գործ, որ ութ օրվա նախաքննությամբ ուղարկվի դատարան։ Դատաքննությունը սահմանափակվել է երկու կամ երեք նիստով։ Առաջին նիստը եղել է 1996 թվականի նոյեմբերի 18-ին, իսկ դատական վճիռը կայացվել է նույն թվականի նոյեմբերի 29-ին։ Այսինքն 11 օր անց հրապարակվել է ակտը։ Իրեղեն ապացույցները դատարան չեն բերվել, բայց դրվել են դատավճռի հիմքում։

Դատավճռի հիմքում ի՞նչն է, իրենք ինչն են անընդհատ ցիտում․ Արամ Հարությունյանի վերջին ցուցմունքն է, որը չորս անգամ փոփոխված էր, հինգերորդն էլ դատարանում։ Այսինքն՝ մյուս համակատարող համարվող անձի ցուցմունքը դրվել է դատավճռի հիմքում։ Մեզ համար շատ տարօրինակ է, երբ Արամ Հարությունյանի համար տուժող կողմը չպահանջեց որևէ պատիժ, երբ դեպքից անցել էր ընդամենը մի քանի ամիս և նա դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, չեն վիճարկել վերին դատական ատյանում։

Ես ինքս տուժողի ներկայացուցիչ լինելով, բազմաթիվ գործերում գիտեմ, որ պահանջում են արդար դատաքննություն, պահանջում են պատիժ օրենքի ամբողջ խստությամբ։ Եթե համապատասխան դատական ակտ չի կայացվում՝ մենք բողոքարկում ենք վերին դատական ատյան։ Աղաջանովները չեն բողոքարկել։ Միխայիլ Աղաջանովը ընդհանրապես չի հետաքրքրվել, թե Արամ Հարությունյանը ինչ պայմաններում է գտնվում «Կոշ» ՔԿՀ-ում և չեն էլ վիճարկել պահպանման պայմանները։


Այդ մարդը արդեն 12 տարի ազատության մեջ է։ Հարց է ծագում, թե ինչո՞ւ են հանգիստ թողնում Արամ Հարությունյանին։ Փաստորեն ընտրովի արդարադատություն է ու այն պատճառով, որ տուժող կողմը չի պահանջել պատիժ և չի վիճարկել 15 տարին»։

Զարուհի Մեջլումյանը վստահեցնում է՝ արդար դատական ակտ անպայման կայացվելու է․ «Մենք հասնելու ենք արդարացման դատավճռի, որտեղ էլ նա լինի՝ բաց ռեժիմում, թե պայմանական վաղաժամկետ ազատ արձակված։ Խնդրում եմ՝ այս գործը թողնել իրավաբաններին, քանի որ Մհերը նույնպես ունի Սահմանադրական իրավունք, այնպես, ինչպես բոլոր դատապարտյալներն ու քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում։

Մհերը 27 տարի, մի ամբողջ կյանք, քառորդ դարից ավելի պատիժ է կրում։ Եթե հիմք ընդունենք անգամ, որ օրինական և արդար դատական ակտ է կայացվել, միևնույն է, անձը ունի պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունք՝ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի հիմքերով»,- ասում է Զարուհի Մեջլումյանը։

Անդրադառնալով տուժող կողմի տարածած հայտարարություններին, մասնավորապես, ընկերոջ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության նախկին պետ, Երևանի ՃՈ-ի նախկին պետ, այժմ ԱՄՆ-ում բնակվող Արսեն Արշակյանի հայտարարությանը, թե չի կարելի ազատ արձակել Մհերին՝ Զարուհի Մեջլումյանը ասաց․

«Ո՞վ է Արսեն Արշակյանը, թող գնա ԱՄՆ-ում տաքսի քշի։ Այդ կրակը հանգած է, բայց իրենք փորձում են ամեն կերպ բորբոքել։ Մհերը արդեն ութ ամիս է, բաց ռեժիմում է։ Նա շփվում է հասարակության հետ, ապրում է հասարակության մեջ, ստեղծագործում է։ Շուտով կավարտի երկրորդ հետբուհական կրթությունը, արդեն 8 տարի է՝ աշխատում է, պիտանի է լինում իր իրավաբանական գիտելիքներով։ Ես էլ, ինքն էլ թեզ պաշտպանեցինք դատական սխալների թեմայով, որովհետև դա մեր ճակատագիրն էր»,- եզրափակեց Մհեր Ենոքյանի կինը։



Հիշեցնենք` 1996 թ․-ին սպանվել էր Երևանի բժշկական համալսարանի ուսանող, 1975 թ․-ին ծնված Իոսիֆ Աղաջանովը։ Սպանության համար մեղադրանք էր առաջադրվել համակուրսեցուն` Մհեր Ենոքյանին ու նրա եղբոր դասընկերոջը` Արամ Հարությունյանին։

Քրգործի համաձայն` 1996թ. հուլիսի 12-ին Երևանի բնակիչ Ենոքյանը, համաձայնության գալով Հարությունյանի հետ, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20 000 դոլար պահանջելու նպատակով, Աղաջանովին տարել են Հարությունյանի բնակարան, որտեղ առանձին դաժանությամբ սպանել են Աղաջանովին:

Ենոքյանը մետաղյա գործիքով (разводной ключ) հարվածել է Աղաջանովի գլխին, ապա դանակով հարվածել կրծքավանդակին ու աչքին։ Այդ ընթացքում Հարությունյանը բռնել է Աղաջանովի ոտքերը, իսկ երբ նա ուշաթափվել է, Ենոքյանի հրահանգով կտրել է Իոսիֆի պարանոցը։

Աղաջանովին սպանելուց հետո նրանք դիակը դրել են բրեզենտե պայուսակի մեջ, դուրս տարել և թաքցրել բետոնե հենապատի հետևում ու ծածկել քարերով: Դատաքննության ընթացքում Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել։ Արամ Հարությունյանն ի սկզբանե ընդունել է մեղքը` դատապարտվելով 15 տարվա ազատազրկման:

Նա արդեն սպառել է պատժաչափը։ Մհեր Ենոքյանը 1996-ին դատապարտվել էր մահապատժի, բայց ՀՀ նախագահի 2003 թ-ի ներման հրամանագրով նրա պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Գործին կցված փաստացի ապացույցները վարույթի ավարտից հետո ոչնչացվել են։