Երևան +21°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 21:53 22-03-2023

15 արտասովոր մշակութային ավանդույթ՝ աշխարհի տարբեր ծայրերից

Աշխարհի յուրաքանչյուր հասարակություն ունի իր մշակութային ավանդույթները, որոնք ամբողջացնում են նրանց ժառանգությունը՝ դարձնելով եզակի ու տարբերվող։

Այն, ինչ սովորական կամ քաղաքակիրթ է համարվում մի երկրում, կարող է արտասովոր և վիրավորական լինել մեկ ուրիշ երկրում։ Ներկայացնում ենք մի քանի նման մշակութային առանձնահատկություններ․

1․ Ուշադիր եղեք Ռուսաստանում ծաղիկներ նվիրելիս։ Խուսափեք դեղին գույնի ծաղիկներից, քանի որ դա կնշանակի հարաբերությունների խզում: Արգելվում է նվիրել նաև կարմիր մեխակներ, քանի որ դրանք նվիրում են պատերազմի վետերաններին և դնում են պատերազմում զոհվածների գերեզմաններին:

2․ Չինացիներին ինչ-որ բան նվիրելիս նույնպես պետք է չափազանց զգույշ լինել։ Նրանց մշակութային ավանդույթները մշակվել են հազարամյակների ընթացքում և փոխանցվել սերնդեսերունդ: Չինացիների մեծամասնությունը նաև սնահավատ է։ Պետք չէ նվիրել սպիտակ ծաղիկներ (խորհրդանշում է մահ), թաշկինակ (խորհրդանշում է հրաժեշտ), հովանոց (խորհրդանշում է անձնական հարաբերությունների ավարտ), 4 կտորից բաղկացած ցանկացած նվեր (4 թիվը խորհրդանշում է մահ), ծղոտե սանդալներ (խորհրդանշում է բաժանում), կանաչ գլխարկ (խորհրդանշում է դավաճանություն)։

3. Եգիպտոսում ճաշելիս աղ մի՛ խնդրեք։ Շատ մշակույթներում սա նորմալ երևույթ է, մինչդեռ եթե Եգիպտոսում ընթրում եք տեղացիների հետ, աղ խնդրելը ընդունվում է որպես վիրավորանք․ նրանք կարծում են, որ ձեզ դուր չի եկել մատուցված սննդի համը։

4․ Լինել ճշտապահ, թե ոչ, այս է խնդիրը։ Օրինակ՝ Վենեսուելայում և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում նորմալ է 10-15 րոպեից մինչև կես ժամ ուշանալը։ Ամերիկացիները, գերմանացիները, հարավկորեացիները և ճապոնացիները նախընտրում են լինել ճշտապահ։ Մալազիայում նորմալ է մինչև մեկ ժամ ուշանալը, իսկ ահա Մարոկկոյում հանգիստ կընդունեն, եթե նույնիսկ գնաք հաջորդ օրը։

5․ Շատ երկրներում նորմալ է, որ որոշ սննդի տեսակներ ուտեք ձեռքով, բայց ահա Նորվեգիա գնալիս այդ հարցում պետք է շատ զգույշ լինել, քանի որ սկանդինավյան այս երկրում նույնիսկ սենդվիչն են դանակ-պատառաքաղով ուտում։



6․ Թեև Նիդեռլանդների և Չինաստանի մշակութային ավանդույթները շատ տարբեր են, բայց երկու երկրում էլ խորհուրդ չի տրվում նվիրել սուր իրեր։ Հոլանդացիների համար սուր առարկաները համարվում են անհաջող նվերներ, իսկ չինացիների համար դա նշանակում է, որ ցանկանում եք խզել կապը նրանց հետ։

7․ 1849-ին հունգարական զորքերը դաժան պարտություն կրեցին Ավստրիայի դեմ պատերազմում։ Նրանք ականատես եղան, թե ինչպես են ավստրիացի գեներալները նշում հաղթանակը և բաժակները չրխկացնելով՝ գարեջուր խմում: Հունգարացիները երդվեցին 150 տարի խմելու ժամանակ բաժակներն իրար չխփել: 1999-ին լրացավ նախանշված ժամանակը, սակայն հունգարացիների մեծ մասը շարունակում է այս ավանդույթը։



8․ Բոլիվիայում բիզնես քննարկումներն արգելված են ընթրիքի կամ որևէ սոցիալական առիթի ժամանակ: Բոլիվիայի բնակիչները կարծում են, որ ընթրիքն անձնական հարաբերությունները բարելավելու համար է։ Եթե ձեզ հրավիրում են գործնական ընթրիքի, սեղանի վրա մի՛ քննարկեք նման հարցեր, եթե ձեր բոլիվացի հյուրընկալողը առաջինը խոսք չբացի:

9․ Շատերի համար կարևոր չէ, թե ինչ թանաքի գույնով եք գրում իրենց անունը, այլ ավելի կարևոր է, որ ճիշտ գրեք: Այնուամենայնիվ, հարավկորեացիների համար կարող եք օգտագործել բոլոր գույները, բացառությամբ կարմիր թանաքից, քանի որ նրանց համար կարմիր թանաքը խորհրդանշում է մահ:

10․ Ֆինլանդիայում եթե հաջող բիզնես հանդիպումից հետո ձեզ հրավիրեն սաունա, մի՛ անհանգստացեք: Սա նշանակում է, որ ձեր գործնական հանդիպումը հաջող է անցել:

11․ Գրեթե բոլոր երկրներում տաքսի պատվիրելիս հաճախորդը նստում է մեքենայի հետևի նստարանին, իսկ ահա Ավստրալիայում դա համարվում է սնոբիզմ։ Ավստրալացիները հաճախ նստում են դիմացը՝ վարորդի կողքին։

12․ Որոշ բնիկ ամերիկացի ցեղեր ունեին ավանդույթ՝ որպես անվախության նշան կրել կաչաղակի փետուր: Այնուամենայնիվ, հենց կաչաղակ տեսնելը վատ նշան է համարվում։ Մեծ Բրիտանիայի շատ շրջաններում ընդունված է, որ մարդիկ կաչաղակ տեսնելիս ողջունեն նրան, որպեսզի խուսափեն դժբախտությունից։

13․ Ինչպե՞ս ողջույնել Ճապոնիայում, Գերմանիայում և մի շարք այլ երկրներում։

Գերմանիայում հանդիպման ժամանակ կա ավանդույթ՝ սեղմել սենյակում ներկա գտնվողների ձեռքերը։ Դուք նույնիսկ պետք է սեղմեք ներկա գտնվող երեխաների ձեռքը: Ճապոնիայում ինչ-որ մեկին ողջունելը և շնորհակալություն հայտնելը ներառում է խոնարհում: Խոնարհման կորությունը կախված է նրանից, ում եք ողջունում: Այտը համբուրելը սովորական ողջույնի ձև է Արգենտինայում: Բրազիլիայում ընդունված է ողջունելիս երեք անգամ համբուրել։ Ֆրանսիայում այտը համբուրվելու մշակույթը տարբերվում է ըստ տարածաշրջանների: Եթե Բրեստում ընդունված է համբուրել մարդու մեկ այտը, ապա Թուլուզում կարելի է համբուրել երկու այտերը, իսկ Նանտում կարելի է չորս անգամ համբուրել այտը։

14․ Տարին մեկ անգամ Վալենսիայի Բունյոլ քաղաքում իսպանացիները հավաքվում են միմյանց վրա լոլիկ նետելու։ Աշխարհի ամենամեծ լոլիկի կռիվը՝ La Tomatina-ն, այժմ ներգրավում է մասնակիցներ ամբողջ աշխարհից, իսկ եթե դեմ եք լոլիկ նետելուն, ի՞նչ կասեք նարինջի մասին: Ամեն տարի Իվրեա կառնավալի ժամանակ իտալական Իվրեա քաղաքի բնակիչները հավաքվում են Նարինջների ճակատամարտ՝ իրար վրա նարինջներ նետելու։ Ավանդույթը ստեղծվել է ի հիշատակ քաղաքի բնակիչների և իշխող բռնակալի միջև ծավալված պայքարի, երբ բռնակալից ազատվելու համար նարինջներ էին նետում։



15․ Աշխարհի շատ մշակույթներ հագուստի հետ կապված ավանդույթներ ունեն: Գույնը, որը հարսնացուն կրում է իր հարսանիքի օրը, հաճախ ավանդական է և համարվում է հաջողության նշան: Չինաստանում և Հնդկաստանում հարսնացուները կարմիր են հագնում, իսկ ահա ԱՄՆ-ում և Եվրոպայում, որպես կանոն, սպիտակ են հագնվում։

Արմինե Մուրադյան