Վրաստանում անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներն օրեր շարունակ երկրի իշխանություններից փորձում են մեկնաբանություն ստանալ Միջազգային քրեական դատարանի կողմից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր
Պուտինին ձերբակալելու օրդեր տրամադրելու որոշման վերաբերյալ, սակայն դա նրանց չի հաջողվում։ Ինչպես փոխանցում է վրացական Новости-Грузия լրատվական գործակալությունը, որևէ լրատվամիջոցի չի հաջողվել պարզել Վրաստանի իշխանությունները Պուտինին համարու՞մ են ռազմական հանցագործ, թե՞ ոչ։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբակիձեն այսօր ասել է, որ այս փուլում միայն Ռուսաստանի նախագահին կալանավորելու օրդեր է տրված, և ապագայում միայն դատարանը կկարողանա հաստատել Պուտինի մեղքը։ «Ինչ վերաբերում է կոնկրետ անձանց հանցագործ ճանաչելուն, ապա դա դատարանի խնդիրն է, և մենք պետք է սպասենք որոշմանը։ Ձերբակալության օրդեր տալը չի նշանակում պատիժ»,- ասել է նա։
Անդրադառնալով որոշման քաղաքական մասին՝ Կոբակիձեն շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու համար։ Նա ափսոսանք է հայտնել, որ պատերազմի ավարտը դեռևս տեսանելի չէ։ «Ցավոք սրտի, մենք պատերազմի ավարտը չենք տեսնում։ Նման իրավիճակում բոլորը պետք է կենտրոնանան խաղաղության ապահովման և խնդրի հաղթահարման վրա»,- հայտարարել է նա։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին ձեռնպահ է մնացել որոշումը գնահատելուց։ Նա միևնույն ժամանակ նախազգուշացրել է, որ աշխարհին սպառնում է երրորդ համաշխարհային պատերազմը։
«Ամենակարևորն այն է, որ այսօր ամբողջ աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի առաջ։ Այս գնահատականը չափազանցված չէ, շահարկում չէ։ Օրեցօր մենք տեսնում ենք ավելի շատ առճակատում, ավելի շատ լարվածություն և ավելի էսկալացիա։ Այս պայմաններում իմ՝ որպես կառավարության ղեկավարի գլխավոր մտահոգությունը և մեր ժողովրդի առաքելությունը խաղաղության, կայունության և մեր երկրի փրկության պահպանումն է»,- ասել է նա։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, պատասխանելով Պուտինի մասին հարցին, հիշեցրել է՝ իրենք գտնվում են Վրաստանի խորհրդարանի շենքում, որը դատարան չէ։ Նրա խոսքով՝ այն, ինչ կարող է անել Վրաստանը, նման հարցերը որոշող մարմնին դիմելն է։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն ավելի վաղ հիշեցրել էր, որ 2022 թվականի մարտին Վրաստանն աշխարհի այն 38 երկրների թվում էր, որոնք Ռուսաստանի կողմից կատարված ռազմական հարցագործությունները հետաքննելու հարցով դիմել էին Հաագայի դատարան։
Հիշեցնենք, որ մարտի 17-ին Հաագայի միջազգային դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների հարցերով ռուս հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային
ձերբակալելու միջազգային օրդեր է տվել։ Վերջիններս մեղադրվում են Ուկրաինայի՝ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքներից երեխաներին ապօրինի տեղափոխելու մեջ և կասկածյալի կարգավիճակ ունեն։
Այս որոշումը նշանակում է, որ Ռուսաստանի սահմաններից դուրս Պուտինին կարող են ձերբակալել և դատապարտել։ Որոշումը ենթադրում է, որ Պուտինը երբեք չի կարողանա մեկնել այն երկրներ, որոնք վավերացրել են Հռոմի արձանագրությունը, ինչպես նաև այն երկրներ, որոնք ճանաչում են Հաագայի դատարանի իրավասությունը։ Այդ երկրների ցանկում, ի թիվս այլ երկրների, ընդգրկված են Ռուսաստանի դաշնակիցներ Տաջիկստանը, Վենեսուելան և Աֆղանստանը։