copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:08 21-03-2023

7+2. ժամանակակից պոետներ, ում պետք է կարդալ

1․ Հուսիկ Արային կարելի է համարել մեր օրերի լավագույն սիրերգակներից մեկը։ Նրա բանաստեղծական ժողովածուները այսօր ամենապահանջվածներից են։



Կարոտ

Դու իմ աշխարհն էիր, որ արդեն վրիպել եմ․
իմ գիշերները վաղուց են առանց քո երազների։

Զանգերն են ղողանջում դանդաղ ու թույլ-թույլ,
և ես հեռացող ոտնահետքերի ցավն եմ զգում,
որկրնկում են մարմնիս մեջ։
Աշնան նոսր երկնքում
չվող թռչունների թևեր են՝ երամ-երամ․
կարապի երգն եմ հասկանում ջրերի վրա՝
մեկ անգամ, որ վերջին անգամն է։

Կտոր-կտոր է անում սիրտս հիմա
ամեն հեռացող բան․
մի քիչ դանդաղ գնա,
ճանապարհդ շատ է հոգնել իմ մեջ։

Կարոտն է կաթում գանգամաշկիս նույն կետին՝
համաչափ տկկոցով ու ծակող սառն է.
այդպես մահապատիժ են իրագործում
չգիտեմ որ անտեր երկրում․
ի՜նչ ստույգ են աչքերը քեզնից նայող հոգեվարքի։

Դու իմ մեջ այնքան շատ ես,
որքան ոչ մի տեղ չես․
և ես ամեն մանրուք պահպանում եմ զգույշ,
հանկարծ մաս չպակասի ամբողջից,
ու երբեմն էլ շոյում եմ մարմինս դողով,
որ դու ես ամբողջովին։

Կարոտի մունետիկն եմ մոլոր,
որ մեր կյանքի փողոցներում
կանչում է՝ սեր կա, կա՛ սերը,
բայց չի տեսնում և ընտրում է միշտ սխալ։

Քո աստեղային դիպվածն էի ես,
որ վրիպեցիր օրերի մեջ։

2․ Հենրիկ Էդոյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում իրենց ինտելեկտուալ-փիլիսոփայական ենթաշերտերով։



Հայր մեր

Այս ապառաժների միջև
որոնք թեքված են չորս
կողմից մեզ վրա
ցույց տուր քո դեմքը
այս ջրերի քարերի այս
ոլորապտույտ օրերի վրա
կիսախավարում երկու դռների
տարածության մեջ որոնք
անընդհատ բացվում են ու
փակվում և նորից
կրկնվում նույն
ձևով նույն ռիթմով
այս կիսաքաղաքներում
կիսափողոցներում այս
կիսաշենքերում այս կիսադեմքերի
անվերջ գոռգոռացող սաստկացող
ձայների մեջ այս
պարիսպների պատուհանների
այս անցորդների քողարկված և
անդուռ երազ-
տանջանքներում
ցույց տուր քո դեմքը
Հայր մեր որ յերկինս ես Հայր
մեր որ յերկիրս ես
սպասման տարիների և
Ահեղ Դատաստանի
սահմանի առաջ
ցույց տուր քո դեմքը

մեզ որ դեմք չունենք
ավաղ չունենք անուն ու
ճակատագիր երբ
սկիզբն անորոշ է վերջը որոշակի
Հայր մեր որ յերկինս ես Հայր
մեր որ յերկիրս ես։

3․ Հայ ժամանակակից գրականության մեջ անհնար է չճանաչել Գագիկ Սարոյանի յուրօրինակ ձեռագիրն ու բանաստեղծությունների տարբերվող մինիմալիստական կառուցվածքը։



Զմրուխտ

Դողում է նրա մարմինը սիրուց
Թովիչ, որպես երգը
Կանաչ բացատների:
Ես հովին եմ կանչում,
Որ գա մխիթարի,
Քաջալերի նրան,
Ում մարմինը վաղո~ւց
Չի շիկացել սիրո մարմանդ ածուխներին:
Դողում է նրա մարմինը սիրուց
Թովիչ, որպես երգը
Կանաչ բացատների:
Նա տնքում է թաքուն, ամաչում է
Ինքն իր մարմնի արձագանքից.
Սիրտը փլուզվում է
Քրտնած ջրերի մեջ:
Ես հովին եմ կանչում,
Որ գա, մազը սանրի,
Որ գա, մխիթարի,
Ասի` հանդարտ հոսիր ու վստահիր
Սիրո արծաթ ալիքներին:
Դողում է նրա մարմինը սիրուց
Թովիչ, որպես երգը
Կանաչ բացատների:
Ես հովին եմ կանչում,
Որ ականջին ասի`
Բաց թող քո բոբոխին,
Բա~ց թող, թող հեռանա...
Քո ներսերում ապրող սև բոբոլին բա~ց թող.
Սերը չունի տաբու
Եվ արգելքներ չունի:
Դողում է նրա մարմինը սիրուց
Թովիչ, որպես երգը
Կանաչ բացատների:
Ես հովին եմ կանչում,
Որ գա ու շնկշնկա,
Որ գա ու ազատի,
Նրա կանաչ հոգին
Հանի մոխիրներից:

4․ Մհեր Արշակյանն աչքի է ընկնում իր խորաթափանց ու դիպուկ մտքերով, որոնք դառնում են ոչ միայն բանաստեղծություն, այլև թևավոր միտք։



Գնացիր: Գնաց: Պատերազմն այս երկար
կմնա այս տեսքով՝
սեղմվող փողոցներ, որտեղ դեռ սեր կա
ու՝ ոչ մի կես խոսք:

էլ չի գալու ոչնչի ժամանակը, տես,
պոեզիան պոկվում է մեղեդուց,
ոչ ոք չի մեռնում, կյանքը՝ ոչ մի բանի կրկես՝
անընդհատ ներս ու դուրս:

Եվ քաղաքն այս, ուր ինձ իրերի նման
անունով կոչեցին,
և քաղաքն այս, ուր ես եղել եմ, կմնամ,
ամեն օր չլինելով ժամը 6-ից,

և քաղաքում այս, ուր ևս մեկին
ուզում ես փրկել հենց քո սիրուց,
հեշտ չէ լինել այր, կամ էլ՝ կին,
ցանկացած պահի՝ կույս…

Կողմնորոշիչներն ինձ այստեղ անծանոթ են,
իսկ ես նրանց՝ ոչ,
այստեղ ես միայն իմ սրտում եմ շարել Another
Brick in the Wall:

Քայքայվող սիրո պահանջներն այստեղ մեծանում են,
իսկ ես նույնն եմ էլի՝
հեռացված, բայց կրկին հեռացող, ինչպես անունն է
քեզ չասված բառերի:

Ինձ չի սիրել ոչ ոք ու էլի մեկը՝ կին,
մի կերպ ես դիմացա,
չորս արևելք նայեցի ես, չորս արևմուտք, երկինք,
ու երբեք՝ դիմացս:

Անակունք իմ ձայնը դուրս չեկավ իր հունից,
լսողն ո՞վ էր այստեղ,
ես զուր տեղը միայն տվեցի անունն իմ
իմ օրերին աստեղց:

Ես վրեժը դարձա իմաստունի, լռության,
ես խոսեցի աբսուրդ,
ես հալոցքը եղա քարի մենության ու ձյան,
ու սառն եղա ներսում:

Իմ աղոթքը՝ Աստված ունենալու թթխմոր,
բայց ինձ պետք էր ստիխ,
կար մեկը, չսիրեց զեղումներս այդ՝ c’mon,
նույնիսկ ես եմ գալիս ստից:

Փողոցները, որոնք ամեն օր լքել եմ՝
քարացած, սևեռուն,
ինձ օձի պես են նայում՝ որպես ամենակուլ քեն,
որպես չգնացող հեռու:

Ես արդեն հիսուն եմ. արդեն վերջապես եմ ինքս,
հասու նաև մեռածներին,
խրտնում է ինձնից հուշը չեղածի, այսինքն,
վերջինը գնացած սերն իմ:

Ի՜նչ առողջարար է հիշողությունը նախորդ ցավերի
քո հաջորդ բացակայությամբ,
և ի՜նչ հաճույք՝ մարգարեից առաջ գրել ավերիչ
օրերի մասին ու ձյան:

Գնացիր: Մնաց պատերազմն այս երկար՝
անընդհատ վերև ու ներքև,
և ու՞մ պիտի ասեմ, որ Տիեզերքը, երբ կար,
ես եմ կարմիր ներկել:

Եվ ու՞մ համար լինել այսքան չհունական հերոս՝
մինչև հաջորդ պատերազմ՝
և ինչպե՞ս տարբերվենք մեր հեռացումներով՝
ձեռք ձեռքի տված:

5․ Ավագ Եփրեմյանի ընդհանրացնող, փիլիսոփայական հարցադրումներ առաջադրող և ընթերցողին խորհելու առիթ տվող բանաստեղծությունները միշտ էլ արդի են ու սիրելի։



Ձմեռը մտնում է քաղաք
մարդկային սրտերի միջով,
մարդկային սրտերի միջից
ձմեռը մտնում է քաղաք,
եւ որքան սրտերը՝ արջնած,
այնքան ցրտերը՝ դաժան,
այնքան բառերն՝ անպարզ,
այնքան արեգակը՝ թեք,
եւ հոգիները՝ միայնակ,
ու առավել քան իրական,
եւ ավագ հանգրվանն՝ հեռու,
եւ մեղքը՝ հսկա լեռնապար,
եւ վշտի դաշտերը՝ բերրի,
եւ կրքի վաշտերն՝ անհագուրդ,
եւ ամեն անակնկալ վարդ –
ասես գերեզմանոցում աճի…
եւ երգի ձայներ չկան,
բայց ինչ–որ շշուկներ են սվսվում՝
հատելով դատարկ փողոցները,
մարդկային սրտերը, գործերը,
քաղաքը – ինչպես քամին,
որից, այդ քամուց, սարսռում են
բառերը, մեղքերը, վարդերը՝
հար անակնկալ հայտնված…
մարգարե–գուշակի նման՝
ակնկալելի հայտնությամբ
կամ որպես հերթական նշան,
ձմեռը մտնում է քաղաք։

6․ Դավիթ Մշեցին ժամանակակից հայ գրականության ընդվզող երակն է։



ինչքա՜ն թանկ նստեց այս փորձությունը
մեր շրթունքներին,
որ բարբառում էին՝ աղոթքի նման,
թե մենք ենք միակ տերը մեր երկրի․
օ՜, վերադարձի այրված կամուրջներ․․․
օ՜, նախկին տաժանք,
որ կեղեքում էիր,
բայց չէիր եղեռնում․․․
օ՜, լլկված շուրթեր,
որ անկարող եք խոստովանելու՝
ո՞վ է իրական տերը մեր երկրի․․․

7․ Խաչիկ Մանուկյանի պոեզիան սնվում է դասականության և վեհության գահավիժող ջրվեժներից։



ՀԱՅՐԵՆԻՔ

Հոգեհացի սեղանի պես մռայլ
Եվ դառնությամբ բաժակների համր,
Որպես խանդակ՝ ելքով մի անհնար,
Գեր գաճաճի շնչով՝ ծանր-ծանր,
Որպես չբեր մի կին՝ անթով գերի
Կամ որպես աղ՝ ցանվող բաց վերքերին՝
Ցոլում-անցնում են օրերը անբերրի՝
Լծված մահասարսուռ, մութ կրքերին։

Հիմա կարո՞ղ ես դա երգել մեկ էլ,
Հիմա կարո՞ղ ես դու հերկել հոգիդ
Եվ երկնքի ցանքսը տապից փրկել՝
Ամպրոպների նման կայծակնագիր։
Ես ո՞ր ախպերն էի այն հեքիաթում,
Հեգ ճակատիս ո՞վ էր սղագրել,
Գուցե այդպե՞ս չէ, Տեր, լավ չես կարդում,
Գուցե մի այլ ուս է կամ՝ մի այլ բեռ։

Քո պարգևած վերջին ակնթարթում,
Սպասումներն անգամ լրիվ մարած,
Իմ զառամած սիրո հավատն արթուն
Եվ մոմերը հոգուս լրիվ վառած՝
Պիտի տենչամ ես քե՛զ, իմ Զվարթո՛ւն,
Եզերքներիդ ծիրով ծովածավալ,
Խորշակների թողած անապատում
Պիտի փշրե՛մ ամեն կորուստ ու ցավ,
Ճա՜խրն արծիվների թևերիս տակ՝
Թռիչքներդ պիտի հար խթանեմ,
Հետո խաղաղ իջնեմ քո գիրկը տաք
Ու քո բիբլիական ցավը տանեմ։

8․ Վիոլետ Գրիգորյանը որպես կին գրող իր այլախոհական մտքերով յուրօրինակ նրբերանգ է ժամանակակից գրականության համար։



Այս ինչ դժվար ձմեռ է, սեր իմ, մանրամասն, բջիջ առ
բջիջ ինձ սիրիր,
փոքրիկ ու հարմար քարանձավ գտիր ինձ համար,
զարդարիր չքնաղ, այլաշխարհիկ իրերեով,
կավե ու փայտե ամանեղենով, փափուկ գորգերով,
նախշուն կարպետներով,
տաք ու սիրուն շորեր առ ինձ համար,
թարմ, արնակաթ միս բեր, խորովիր,
ու կուտենք միասին, բերաններս լիքը կխոսենք
ու ոչ մի բառ չի հասկացվի, ու կծիծաղենք,
ու յուղը կծորա դնչներիս...
ու երջանիկ, երջանիկ կլինենք:
Գուցե սա իմ վերջին ձմեռն է
գուցե չեմ տեսնելու՝ ինչպես են ծաղկելու ծառերը ա՛յս
անգամ,
իսկ ծաղկելո՞ւ են նրանք, սեր իմ, ծաղկելո՞ւ են արդյոք...
Ինձ սիրիր, ինչպես օտար, հեռու երկնքների տակ սիրում
են կանանց,
ախ, տեսնես, ի՞նչպես են սիրում
ծովեզրյա աղաբույր քաղաքում, հյուսիսի սառցե
կղզիներում
կամ հարավում՝ կիզիչ արևի, անծանոթ բույսերի,
տաք համեմունքների, գույնզգույն փետուրներով
թռչունների աշխարհում:
Ինձ սիրիր, ինչպես Փարիզում կամ Եգիպտոսում՝
շքեղորեն ազատ, հաճելի ծուլությամբ,
կամ ինչպես չադրայով պարսկուհուն Թեհրանում հիմա
մոլեգին-խնդալով,
կամ՝ ճապոներեն սիրո բառեր շշնջա իմ ականջին...
Գուցե սա իմ վերջին ձմեռն է,
գուցե չեմ տեսնելու՝ ինչպես են չված թռչունները
վերադառնալու,
իսկ վերադառնալու են նրանք, սեր իմ, վերադանալո՞ւ
են արդյոք...
Ու թե ուզենաս, քեզ համար աղջիկ կծնեմ մեկ-երկու
ամսում,
ես դա կարող եմ,
իմ միջից նա կելնի, ինչպես նավը նեղ ծովախորշից,
ու կլողա դեպի քեզ, դեպի քո սիրո բաց ծովերը,
գույնզգույն փետուրներով մի աղջիկ, այլաշխարհիկ
պտուղ,
թխամորթ մի եգիպտուհի, որ հանկարծ կբլբլա ճապոներեն,
սեր իմ,
ու երջանիկ, երջանիկ կլինենք:
Ինձ սիրիր, կերակրիր և տաքացրու,
որ չսատկեմ այս ձմեռ,
ու թե չսատկեմ, սեր իմ, տեսնելու եմ՝
ինչպես են ծաղկելու ծառերը ա՛յս անգամ,
ու թե ինչպես են վերադառնալու
(ես գիտեմ, դեռ վերադառնալու են)
գույնզգույն թռչունները՝ տեսնելու եմ, սեր իմ,
ու հենց որ լսեմ ծլվլոցն առաջին,
թողնելու եմ քեզ, սեր իմ, և աղջկաս, և քարանձավս
ու գնալու եմ հեռու, հեռու,
չես պահելու, սեր իմ, մեկ է, գնալու եմ...

9․ Հասմիկ Սիմոնյանը շատ ուժեղ լեզվի զգացողություն ունի։



Փակիր աչքերդ, տղաս,
արցունքի պես թեթև մարմինդ
հանձնում ենք հողին:
ասե՞լ, որ սա պատերազմ էր
գրքերի ու մարդկանց միջև,
և հաղթեցին ճանճերը
սատկած
և մեր կոփված ձիերը, նժույգները մեր քաջ
կեսգիշերանց դարձան
հեկեկացող աթոռ
այս տևական անքնության պատճառով
կոպերիս տակ անվերջ ձյուն է մաղվում
և հիմա դու այն ես, տղաս,
ինչ ես ափով եմ զգում – մոխիր
ասե՞լ, որ դու չկաս,
կամ մարմինդ չգտանք,
կրակահերթը գզգզել էր քեզ,
դու թափանցիկ էիր, ու երբ բարձրացրեցինք,
ճակատիդ բաց վերքից լույսի շող ընկավ:
ամբողջ գիշեր հոսեցիր, տղաս.
կարմիր երգ էր մարմինդ խոնավ:
լուսադեմին ջերմում էիր նորից,
խնդրեցիր քեզ բարձրացնել տանիք…
և ինչպե՞ս փակել աչքերդ, տղաս, և ինչպե՞ս քիչ-քիչ սովորել մեռնել,
դու իջնող ձյունն էիր և իմաստը ձյան,
և ինչպե՞ս սանրել մազերը, կծել խնձորն այս առողջ,
գլուխը դնել պոեզիայի փափուկ հետույքին,
քնել,
երազում տեսնել երազներ և ոչ թե մառազմ:
ինչպես ասել, տղաս,
որ դու հիմա ծանր ես թարթիչի չափ
և կուրծքդ՝ կրծոտած բառերով լի սափոր՝ քարով ջարդված,
ինչ բառերով պատմել քեզ այս ձյունը, թափորը մարդկանց,
ինչպես ասել քեզ, որ դու չկաս…

Ամենից շատ դիտված

14:00 Արարատի փոխքաղաքապետի տղեն 15 հոգով հարձակվել է մեր վրա․ բացառիկ տեսանյութ՝ ծեծկռտուքից
21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
15:25 Լոռու Ջիլիզա գյուղը կհանձնվի Վրաստանի՞ն
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
15:11 Ժա՛ննա, հեռացի՛ր. քաղաքացիները պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը. ՈւՂԻՂ
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ