Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:46 21-03-2023

Եթե դիմացինդ թուրք է ու եկել է երկիրդ կործանելու, ո՞նց ձեռքդ կդողա․ կանանց ջոկատի հրամանատար

Ոստիկանության գնդապետ ՄՀՆՋ (ОМОН) կանանց ջոկատի հրամանատար Մարինե Այրումյանը դեռ վաղ մանկությունից տիրապետում է զենքին։ Գտնում է, որ կինը ցանկության դեպքում պետք է սովորի կրակել, որովհետև կանայք շատ դիպուկ են կրակում։

«Կնոջը համահունչ է զենքը, կարևորը ցանկությունն է։ Վերջին տարիներին ավելացել է կին-դիպուկահարների թիվը։ Պատերազմող երկիր ենք ու հազարավոր կորուստներից հետո պետք է մեր մեջ ուժ գտնենք, որ ավելանան սահմանապահ ուժերը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Մարինա Այրումյանը։



Դպրոցական տարիներից Մարինեն կապվեց զենքի հետ՝ ունենալով բժշկական կրթություն աշխատանքի անցավ ոստիկանական համակարգում։ Չորս տարի շարունակ կրակային մրցաշարի է մասնակցել և գրավել 2-րդ տեղը։

Մարինե Այրումյանը ասում է՝ մարդու վրա կրակելը շատ դաժան բան է, բայց թշնամուն մարդ չի կարելի համարել․ «Եթե դիմացինդ թուրք է ու եկել է երկիրդ կործանելու, անմեղ երեխեքին կոտորելու, ո՞նց ձեռքդ կդողա»։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին գնդապետը հայտարարեց կանանց ջոկատի ստեղծման մասին։ Մի քանի օրում կամավորագրվեցին շուրջ 700 կանայք։



«Բոլոր չէ, որ տիրապետում էին զենքին։ Կային խոհարարներ, ադրբեջաներենի, թուրքերենի իմացությամբ աղջիկներ, բժիշկներ, բուժքույրեր։ Մի քանիսին մերժեցինք կամավորագրվել, որովհետև մինչև մեկ տարեկան երեխա ունեին։ Մերժել ենք նաև անչափահասներին։ 16-17 տարեկան աղջիկները խնդրում էին, որ գրանցվեն։ Ոգին բոլորի ներսում էր ու վստահեցնում էին, որ պատերազմի դաշտում իրենց կօգնի վրեժը»,-պատմեց։

44-օրյա պատերազմից հետո ջոկատի 33 տոկոս կանայք կրակային պատրաստվածություն ստացան։ Մարինե Այրումյանը շարունակում է գնալ դիրքեր, հասկանալ և գնահատել իրավիճակը։Ցավ է ապրում՝ եթե պատերազմ սկսի, կանանց մի մասը չի միանա․ «Հիասթափված են ահավոր, բայց վստահ եմ, որ մեծ մասը էլի կգա։ Ցավը մեզ անընդհատ տանում է վրեժի։ Ես աղջիկներին սառը դատել եմ սովորեցրել, որովհետև հուզված մարդը կապ չունի կին է, թե տղամարդ չի կարող պատերազմի դաշտ գնալ»։



Ոստիկանության գնդապետը և հրամանատարը նաև հրաշալի մայր է, լավ տանտիկին, հմուտ խոհարար․ «Տղաս ամենաշատը իմ պատրաստածն է սիրում, ընկերներս նույնպես։ Ես հյուրասեր և ընկերասեր մարդ եմ։ Ինձ համար շատ կարևոր է ընտանիք արժեքը, որովհետև եթե ընտանիքդ չսիրես, հայրենասեր լինել չես կարող»,-եզրափակում է Մարինե Այրումյանը։

Զրուցեց՝ Լուսին Ղազարյանը