Երևան +16°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:00 18-03-2023

ՍԱՏՄ-ի «թոզփչոցին», կաթնաշոռի հետ բորբոսասնկով մեզ կերակրողների «լոլոները» և զրո ինքնապահպանման բնազդով քաղաքացիները

«Հետքը» ուսումնասիրություն էր իրականացրել, որի արդյունքում պարզ էր դարձել՝ փորձաքննության ներկայացված կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ն է համապատասխանում սահմանված նորմերին։ Ընդ որում՝ սահմանված նորմերին նույնիսկ չեն համապատասխանում ամենաթանկարժեք, էլիտար համարվող արտադրատեսակները։ Ուսումնասիրությունից հետո մի քանի ընկերությունները միանման հայտարարություններ տարածեցին, որից եթե «լոլոները» հանենք, ստացվում է, որ իրենց մոտ ամեն ինչ նորմաներին համապատասխան իրականացվում է, խնդիրը երկրորդային, երրորդային շղթայում է, այսինքն՝ գուցե նորմալ պայմաններում չեն հասցրել խանութ, գուցե խանութում պատշաճ պայմաններում չեն պահվել եւ այլն։

Այս պարզաբանումը թերեւս նման է նրան, որ տան կինը ամեն օր համեղ-համեղ ճաշ պատրաստի, բայց տանը ոչ մի մաքուր ափսե չլինի ճաշը լցնելու համար, արդյունքում տնեցիները ուտեն վատ, կեղտոտ ափսեների մեջ լցված ճաշ։ Այսինքն՝ ընկերությունները ոչ թե պետք է ուրիշների վրա մեղքը գցեն, այլ պատասխանատվություն ստանձնեն եւ խոստովանեն, որ խաբել են սպառողին, ապրանքի արտադրումից մինչեւ իրացում պատասխանատու է նույն ընկերությունը, այո՛, ընկերությունը պետք է վերահսկի, որ նորմալ պայմաններում իր ապրանքը հասցվի խանութ, այնտեղ նորմալ պայմաններում պահվի։ Իսկ եթե որեւէ մեկի մտքով անցնում է մեղքը բարդել քաղաքացու վրա, օրինակ՝ ասել, թե ապրանքը ուշ է տուն հասցրել, թթվել է, ապա, քավ լիցի, գուցե 1-2 նման դեպք լինի, բայց այս սուղ պայմաններում ով է գժվել գումար վճարել եւ չօգտագործել, իսկ եթե արտադրված ապրանքը նույնիսկ կես ժամ, մի ժամ «չի դիմանում» եւ փչանում է, ուրեմն այստեղ նորից արտադրողների խնդիրն է։

Հետաքրքիր է նաեւ մեր պետական իրավասու մարմինը՝ Սննդի անվտանգության տեսչական մարմինը, ով զբաղված է ամեն շաբաթ որեւէ խուլ գյուղում մի «բուդկա» հայտնաբերելով եւ փակելով, իսկ հիմա լռում է, փոխարեն խոշոր արտադրողներին վերահսկի, ամենօրյա ապրանքների մասով ստուգումներ իրականացնի, աշխատանքի իմիտացիայով է զբաղվում։ Ցավալի է գիտակցել, որ որպես քաղաքացի՝ մենք բացարձակ անպաշտպան ենք, աշխատում ենք, թանկ վճարում սննդի համար՝ մտածելով, թե լավագույնն ենք օգտագործում՝ անարատ, համեղ, եվրոպական ստանդարտներին համապատասխանող, բայց արի ու տես, որ ուտում են խմորասնկեր, աղիքային ցուպիկ, բորբոսասնկեր։ Մյուս կողմից էլ՝ պետք է նկատել, որ բազում քաղաքացիներ այսօր եւս շարունակում են օգտվել նույն արտադրատեսակներից կամ անտեղյակ են վերջին ուսումնասիրությունից կամ թքած ունեն, եւ մտածում ենք՝ այսքան ժամանակ կերել են, ոչինչ չի եղել, կամ էլ մեր հանրության մոտ բացարձակ վերացած է ինքնապահպանման բնազդ, մենք թքած ունենք ոչ միայն երկրի, միմյանց վրա, այլև ինքներս մեր և մեր առողջության, կյանքի վրա։

Ձեզ գուցե հետաքրքրի