Նա հայագիտության հայրենանվեր ավանդները սրբությամբ պահպանողներից մեկն էր․ այսօր պրոֆեսոր Էդուարդ Աղայանի ծննդյան օրն է
copy image url

Նա հայագիտության հայրենանվեր ավանդները սրբությամբ պահպանողներից մեկն էր․ այսօր պրոֆեսոր Էդուարդ Աղայանի ծննդյան օրն է

Մշակույթ 2 տարի առաջ - 19:53 16-03-2023
Այսօր ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Աղայանի ծննդյան օրն է։

Շուրջ երեսուն տարի նա հաջողությամբ վարում էր համալսարանի ընդհանուր և համեմատական լեզվաբանության ամբիոնը` միաժամանակ ղեկավարելով համալսարանի հայագիտական կենտրոնը և լեզվի ինստիտուտի ընդհանուր լեզվաբանության բաժինը: Աղայանը համալսարանի լեզվաբանության ու հայոց լեզվի գծով գիտական աստիճաններ շնորհող գիտխորհրդի նախագահն էր ու մի շարք գիտխորհուրդների անդամ: Գիտական բարձր հեղինակությունը նրա գործունեության մեջ զուգակցված էր կազմակերպչական եռանդի, անաչառ, սկզբունքային վարքագծի և մարդամոտ բնավորության հետ:



Սերտ ու անմիջական էր այն կապը, որ պրոֆեսորն ուներ դպրոցի հետ: Երկար տարիներ նա ամենայն բարեխղճությամբ ու հոգատարությամբ աշխատում էր հայոց լեզվի դպրոցական դասագրքերի վրա: Նրա կողմից ու նրա մասնակցությամբ կազմված դասագրքերն ու ձեռնարկները աչքի են ընկնում ծրագրային նյութերի անբողջական ընդգրկումով, սահմանումների, ձևակերպումների ճշգրտությամբ, օրինակների, տեքստերի նպատակահարմար ընտրությամբ:

Գիտնականը իր բազմաթիվ աշխատություններում հետևողականորեն պաշտպանում ու հիմնավորում է այն դրույթը, որ լեզուն հասարակական երևույթ է, իսկ լեզվաբանությունը` հասարակական գիտություն: Լեզուն հասարակությանը ծառայում է իբրև հաղորդակցման միջոց, ընդ որում, այն հաղորդակցման միջոցների մեջ ամենակարևորն է: Ունենալով հաղորդակցման, արտահայտման և ճանաչողական գործառություններ, ձևավորելով մտածողությունը` լեզուն իր էությամբ մարդկային ձեռքբերում է, համաժողովրդական բնույթ ունի և միասնական է ամբողջ հասարակության, ողջ ժողովրդի համար:



1976 թվականին լույս է տեսել Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանը»: Բառացանկի ընտրության համար հեղինակը քարտագրել է մեծաքանակ գրականություն, մասնագիտական գրականությունից կատարել է տերմինների հավաքում և ընտրություն, ստեղծել հուսալի քարտարան` ընդգրկելով շուրջ 200 հազար բառ: Գիտական քննությամբ նա բառարանում թողել է 135 հազար բառային միավոր, ընդ որում, շուրջ 15 հազար բառ առաջին անգամ է բառարանագրվել: Բառարանի արժեքը մեծացել է նաև նրանով, որ այնտեղ տեղ է գտել մոտ 11 հազար դարձվածաբանական միավոր: Բառարանը կազմելիս Ակադեմիկոս Աղայանը դրսևորել է հայոց լեզվի բառային կազմի համակողմանի ու խոր իմացություն, նրա գեղագիտական հատկությունների, արտահայտչական ուժի ու հնարավորությունների նուրբ զգացողություն։

Ակադեմիկոս Էդուարդ Աղայանը այն ինքնատիպ անհատականություններից է, որոնք մեր գիտությունն ու մշակույթը հարստացրել են ստեղծագործական ծանրակշիռ ներդրումներով, նպաստել նրանց առաջընթացին: Նա, իսկապես, հայ լեզվաբանության մեծ երախտավորներ Հ. Աճառյանի, Մ. Աբեղյանի, Գր. Ղափանցյանի, Ստ. Մալխասյանցի գործի արժանավոր ու հետևողական շարունակողներից է, հայագիտության հայրենանվեր ավանդների անընդհատությունը սրբությամբ պահպանողներից մեկը: