ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին է ներկայացրել բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին համալսարանում տեղի ունեցավ ռեկտորի ընտրություն, որի արդյունքում այդ ժամանակ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը չորս ձայնի տարբերությամբ հաղթեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանին:
Ռեկտորի ընտրությունը չհաստատվեց, քանի որ ընտրության արդյունքները բողոքարկման փուլում են։
Մարտի 14-ին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվեց բուհի ժամանակավոր խորհրդի կազմը։ Խորհուրդը 3 անդամ ունի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը։
Մարտի 15-ին Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը
նշանակվեց ԲՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն այս նշանակմանը դեմ են ուսանողների և դասախոսների մեծ մասը։
Դեռ նախորդ տարվա կեսերին սկսեց շրջանառվել գաղտնի նախագիծ, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը։ Այդ ընթացքում սկսվեցին ուսանողների բողոքի ակցիաներ հնարավոր նման որոշման դեմ։
Միաժամանակ, համալսարանի գործող ռեկտորի պաշտանավարման ժամկետով պայմանավորված՝ գործող իշխանությունը խնդիր էր դրել ազատվել ռեկտորից և սեփական թեկնածուին առաջադրել այդ պաշտոնում։ Սակայն ընտրություններում պարտությունը իշխանությունները չէին մարսում: Այդ «հողի» վրա անգամ ԿԳՄՍՆ նախարարը, փոխվարչապետ, հոգաբարձուների խորհրդի ղեկավար Համբարձում Մաթևոսյանը ազատվեցին պաշտոններից, վերջինս այժմ էլ հրաժարվում է ստորագրել նիստի արձանագրությունը:
Oragir.News-ի հետ զրույցում համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ցոլակ Ակոպյանն ասաց, որ Գյուրջինյանի նշանակումը ոչ միայն խայտառակություն է, այլև հակաիրավական, հակասահմանադրական որոշում է։
«Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն ամեն ինչի վրա, իրենց ոչ հետաքրքրում է կոլեկտիվի կարծիքը, ոչ հետաքրքրում է օրենքը, կանոնադրությունը, բացահայտ ասում են՝ ինչ ուզենք՝ կանենք, մեր դեմ խաղ չկա։ Այս սկզբունքով են գրոծում, այս սկզբունքով նաև երկիր են ղեկավարում»։
Նա ընդգծեց, որ աննախադեպ էր, որ ռեկտորի պաշտոնակատարը համալսարան է գալիս ոստիկանների ուղեկցությամբ։ «Ես ուղղակի ցավում եմ, 20 տարի բուհական համակարգում եմ աշխատում, երբևէ մտքովս չէր անցնի, որ բուհում նման բան կարող է լինել»։
Ակոպյանը նշեց, որ ուսանողները երեկ ակցիա էին իրականացրել, իսկ առավոտյան նամակ են ուղարկել՝ պահանջելով գումարել գիտական խորհրդի նիստ։ «Ես մերժել եմ, որովհետև գիտական խորհրդի նիստի գումարումը արվում է կանոնակարգով։ Այս պահին համալսարանում մեծամասամբ դասադուլ է ընթանում, այս պահին երրորդ ժամ է ընթանում, ուսանողները մեծամասամբ դասին նստած չեն։
Թե ապագայում ինչ կլինի՝ չեմ կարող ասել, ես միայն մեկ բան եմ իրենց ասել, որ ուսանողներն են որոշում իրենց անելիքը, եթե որևէ մեկն իրենց մազին կկպնի, ես մինչև վերջ կանգնելու եմ իրենց կողքին, ինձ որևէ բան չի կաշկանդում, բայց իրենք են որոշում՝ մտնում են դասի, թե պայքարում են»։
Նա նաև նշեց, որ առավոտյան հանդիպել է Գյուրջինյանին։ «Իրեն ասել եմ իմ կարծիքը, ասել եմ, որ որևէ խնդիր չունեմ Գյուրջինյան Դավիթ մարդու, մասնագետի հետ։ Խնդիրն օրենքն է ու օրենքի վրա թքած ունենալն է իմ ընդվզման պատճառը»։