Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, նրա խոսույթի մեջ շատ էինք հանդիպում, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների կողմ։ Նրան, կարելի է ասել, չհաջողվեց դա իրագործել։ Այո՛, այսօր մենք ՀՀ միջազգային խողովակներով պետք է կարողանանք Արցախը դարձնել բանակցային կողմ։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախի ժողովրդի անվտանգության ու իրավունքների շուրջ բանակցությունները պետք է ընթանան Ստեփանակերտի ու Բաքվի միջև։
«Եթե Հայաստանի օրվա իշխանությունները հրաժարվում են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը լինել և հակադարձում են ՀՀ Գերագույն մարմնի ընդունած որոշումներին և իրենց իսկ կառավարության կողմից հաստատված ծրագրերի դրույթներին, ապա հասկանալի է, որ այդ մարդը վախենում է բարձրաձայնել, կամ իրեն արդեն իսկ պատնեշ են դրել, որ նա հանկարծ չփորձի զբաղվել Արցախի հարցով։ Նա այս ամենի ու այս բոլոր պարտավորությունների տակ մտել է ու խոստում է տվել, որ այլևս չի զբաղվելու Արցախի հարցով։ Այսօր հրաժարվելով Արցախից՝ նույն ձևով հրաժարվելու է նաև Հայաստանի ժողովրդի շահերն առաջ տանել։
Կարծում եմ, որ արդեն իսկ հրաժարվել է, պարզապես հանրային չի ասում։ Նա այսօր միայն ու միայն կատարում է թշնամի պետությունների պարտադրանքը, դրանով փորձում է վեկտորներն ուղղել՝ իբր Արցախը պետք է բանակցի, Հայաստանի սուվերեն տարածք և այլն։ Սա ուղղակի մանիպուլյացիա է։ Եվ նա այսօրվա մամուլի ասուլիսով հանրությանը փորձում է պատրաստել հերթական զիջումներին։ Իսկ այդ մանիպուլյացիաներն էլ անում է, որպեսզի պահպանի իր աթոռը»,- ասաց նա։
Դավիթ Գալստյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հակասում են միմյանց՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի, իսկ Արցախի ժողովրդին՝ էթնիկ զտման ենթարկելու մտադրություն, անընդհատ փոփոխության է ենթարկում, ձեռք բերված պայմանավորվածությունները և որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո Ադրբեջանը կկատարի պայմանագրով ձեռք բերած պարտավորությունները։
«Երբ նա փաստում է, որ Ադրբեջանը նման մտադրություններ ունի, և Հայաստանի իշխանությունները այդ մտավախությունների ներքո փորձում են ուղղորդել, որ Արցախը մնա մեն-մենակ նման նպատակ ունեցող երկրի դեմ՝ ապա դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է, որ նույն վարչապետ Նիկոլ Փաշինյանը կողմնակից է այդ ծրագրին, քանի որ նա չի ասում՝ եթե Ադրբեջանը նման նպատակներ ունի, ապա մենք պարտավոր ենք տեր կանգնել 120․000 հայի ինքնորոշմանն ու անվտանգությանը։ Մենք տեսնում ենք, որ նրանք տարբեր ձևերով փորձում են նշաձողն իջեցնել ու հասցնել այն մակարդակի, որ վաղը փորձեն ասել՝ դե, մենք ի՞նչ կարող էինք անել, Ստեփանակերտ-Բաքու շփումների արդյունքն էր դա»,- ասաց նա։
Այս առումով, ըստ Գալստյանի, Փաշինյանը պատասխանատվությունից խուսափելու ճանապարհ է հարթում իր համար։ «Արցախը երբեք անվտանգության աստիճանը բարձրացնելու որևէ քայլի դեմ չի գնացել։ Արցախը բազմիցս պաշտոնական դիրքորոշումներ է՝ հայտնել, որ ռուս խաղաղապահներից զատ կարող է նաև միջազգային մանդատով օժտել ռուս խաղաղապահներին, որոնք կունենան այդ միջազգային ստանդարտն ավելի լայն շրջանակներում ավելի արդյունավետ կիրառել։ Բայց, հաշվի առնելով, որ այսօր նույն Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման հետ շփումները Նիկոլ Փաշիյանի միջոցով են իրականացվում, մենք չենք կարող իմանալ, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է խոսում ու ինչ է պայմանավորվում փակ դռների հետևում և ինչ է մատուցում հանրությանն ու Արցախում բնակվող մեր հայրենակիցներին։ Հենց դա է կասկածանքի տեղիք տալիս»,- ասաց նա։
Այս համատեքստում, ըստ պատգամավորի, Նիկոլ Փաշինյանը փորձում է մի քանի խաղ խաղալ, որոնք, իր բնորոշմամբ, արդեն իսկ տանում են պարտության ու ավելի ցավոտ զիջումների։
«Եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է, որ ռուս խաղաղապահները և ԵՄ դիտորդները պետք է Արցախում լինեն, ապա նա դա պետք է ոչ թե հայտարարի, այլ գործուն քայլերով ցույց տա, որ ինքը փորձում է համադրել ու այդ ամենն անհրաժեշտ է այսօր՝ Ադրբեջանին սանձելու համար։ Բայց դա ընդամենը խոսույթ էր, որը գործնական քայլերում մենք չենք տեսնում։ Եթե նա իրականում մտածում է, որ միջազգային դիտորդների առկայությունն Արցախում անվտանգությունն ավելի կբարձրացնի, ապա նա պարտավոր է այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ տանել ՌԴ հետ։
Եռակողմ փաստաթղթի կետերն Ադրբեջանը պարբերաբար խախտում է։ Նա պետք է փորձեր այդ ճանապարհով Ադրբեջանի նկրտումներն ու սադանքները չեզոքացնել։ Սա հատուկ դիվանագիտություն է, որն այսօր Նիկոլ Փաշինյանը չի կարողանում կամ չի ցանկանում անել։ Հայտարարում է մի բան, բայց գործնականում անում է այլ բան»,- ասաց նա։
Գալստյանի խոսքով՝ հրաժարվելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից՝ նա ցույց է տալիս անվստահությունը Ռուսաստանի նկատմամբ, միևնույն ժամանակ, հայտարարում է, որ Ռուսաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը։ Սա, ըստ նրա, կարող է ամենալավ հետևանքները չունենալ։
«Այս ամենի ֆոնին, երբ նա հայտարարում է, որ միջազգային դիտորդները պետք է լինեն, ապա սա շատ անհասկանալի մոտեցում է։ Կամ․․․ կամ, և․․․ և անելով ոչ մի տեղ հստակություն մտցնել չենք կարող։
Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի՝ որպես եռակողմ փաստաթղթի լիիրավ կողմ։ Այդ ստորագրությամբ Արցախի յուրաքանչյուր տոկոսը հանձնվեց Ադրբեջանին։ Գոնե այս արարքի համար պետք է քրտինք թափի, որպեսզի կարողանա պահպանել այն, ինչ ունենք։ Բայց, ցավոք սրտի, ճիշտ հակառակ գործողություններն ենք տեսնում Նիկոլ Փաշինյանի այսօրվա վարած քաղաքականության մեջ»,- ասաց նա։
Առաջիկայում հնարավոր խնդիրներից խուսափելու և ստեղծվա իրավիճակի կարգավորման համար, ըստ պատգամավորի, Հայաստանը պետք է ուժեղացնի ԶՈւ-երը։ Դրանով, ըստ Գալստյանի, երաշխիք կստեղծվի հակահարված տալու։ «Այսօր, սակայն, ցավոք սրտի, տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունը լոկ խոսքերով ավելի ու ավելի է լծված մեր բանակի կազմաքանդման գործին։ Օր-օրի փորձում են կործանել հայոց բանակը, ինչն անընդունելի է»,- եզրափակեց նա։