copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:30 14-03-2023

Բամբասանք, թե իրականություն. դեսպանատուն մտնելու համար պետք է «մաֆիային մուծվել»

Oragir.News-ը բազմիցս անդրադարձել է Գերմանիայի դեսպանատուն վիզա ստանալու համար էլեկտրոնային համակարգով տեղ ամրագրելու խնդրին։ Խնդիրն առաջացել էր նախորդ տարվա հունիսից, երբ դեսպանատունը սկսեց գրանցվելու համար համակարգը բացել գիշերվա ժամը 2-ին, այն էլ՝ հաշված րոպեներ միայն։

Հետագայում, երբ Եվրոպայում ժամերի փոփոխություն տեղի ունեցավ, ժամը 2-ի փոխարեն համակարգը բացվում է ժամը 3-ին։ Քաղաքացիները մեզ հետ ունեցած զրույցներում պատմում էին, որ հունիսից սկսած՝ սեփական ուժերով տեղ ամրագրելը դարձել է անհնարին, փոխարենը տուրիստական գործակալությունները գիշերվա ժամերին հաջողում էին տեղ ամրագրել, և այդ տեղերը վաճառում էին 10-20 հազար դրամով։

Ավելի ուշ նաև տուրիստական գործակալությունները սկսեցին դժգոհել, որ իրենք նույնպես չեն կարողանում տեղ ամրագրել ու ստիպված են լինում իրենց հաճախորդների համար գնել այդ տեղերը։

Oragir.News-ին հասած տեղեկություններով՝ տեղերի վաճառքով հիմնականում զբաղվում է «Ինգո թրեւլ պլյուս» տուրիստական գործակալության տնօրեն Ինգա Նանագուլյանը, ով, ըստ մեր աղբյուրների, այդ տեղերի վաճառքը դարձրել է առանձին բիզնես։ Մեզ պատմեցին, որ այս գործում նրան օգնում է որդին, ով ծրագրավորող է։ Հենց որդու մշակած ծրագրի շնորհիվ դեսպանատան համակարգը բացվելուց անմիջապես հետո համակարգը ավտոմատացված կերպով հայտեր է լրացնում։ Հատկանշական է, որ դեսպանատուն վիզայի համար մտած մարդիկ պատմում են, որ տեղեր ամրագրած 20 անունից միայն մեկն է, որ ներկա է լինում։

«Նրանք ուղղակի մարդկանց վատություն են անում, ուղղակի անուններ են գրում՝ զբաղեցնելով տեղերը և հնարավորություն չտալով ուրիշներին համակարգից օգտվել»,-ասաց մեզ ահազանգած քաղաքացին։

Ընդ որում, մեզ հասած տեղեկություններով, Նանագուլյանը միայնակ չի աշխատում, այդ գործում մի քանի հոգու նույնպես ներգրավվել է։ Մեզ ահազանգած քաղաքացին նաև նշում էր, որ Նանագուլյանը որոշակի մենաշնորհ է ձեռք բերել, ու հիմնականում նրա միջոցով են կարողանում մուտք ստանալ դեսպանատուն։ Հատկանշական է նաև, որ եթե նախկինում տեղերը վաճառվում էին 10-20 հազար դրամով, հիմա գները հասել են մինչև 40 հազար դրամի։ Նա այդ փոխանցումները ձևակերպում է, իբրև visa support ծառայություն։ Այս իրավիճակին թերևս չի կարող անմասն մնալ դեսպանատունը։ Հատկանշական է, որ երբ երկու տարի առաջ բացահայտվել էր, որ Լեհաստանի դեսպանատան աշխատակիցներից մեկը նմանատիպ գործարքների մեջ էր եղել, աշխատակցին հեռացրել էին աշխատանքից ու համակագրում փոփոխություններ արվել։ Այսինքն, կարելի է ենթադրել, որ դեսպանատունը կարող տեսնել, որ գրանցումները կատարվում են նույն մեյլից կամ նույն IP հասցեից, սակայն դեսպանատունը որևէ քայլ չի ձեռնարկում, սրանից կարելի է ենթադրել, որ դեսպանատան ներսում կան մարդիկ, ովքեր աջակցում են նրանց։

Oragir.News-ը կապ հաստատեց Ինգա Նանագուլյանի հետ, ով իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները բամբասանք անվանեց։

«Գիտեք, եթե բամբասանքներ պիտի լսեք, նախանձողներին ու չուզողներին լսեք, մի էլ զանգեք։ Իրենք չեն կարողանում տեղ բռնել, ուրիշնե՞րն են մեղավոր։ Ես մաքուր եմ այնքանով, որ նույնիսկ դեսպանատան գույնը չգիտեմ, այսինքն, գիտեմ, կողքով անցել եմ, բայց մտած չկամ, իրենցից էլ վիզա ստացած չկամ անձամբ իմ համար։ Ավելին ասեմ, ես էլ լսել եմ, որ կողքի բուտկայի Ստելլան է հետները գործ անում, բայց ես 100 տոկոսով կարող եմ ասել, որ նրան բանի տեղ դնող չկա։ Նա էլ 2 աղջիկ ունի, իրենք էլ գիշերները չեն քնում, նստում, բռնում են։ Մի բան մեկը որ չի կարողանում անել, դեռ չի նշանակում, որ մյուսներն էլ չեն կարող, դրա համար էլ նման լուրեր են տարածում։ Օրինակ, Դուք կարո՞ղ եք 3 մետր թռչել, չէ՞, իսկ ես կարող եմ, ուրեմ ես ի՞նչ է, յուրահատո՞ւկ եմ, չէ ուղղակի կարում եմ։ Եթե դու չես կարողանում, մյուսը կարողանում է, չի նշանակում, որ այդ մեկը խարդախություն է անում։ Կարող են գալ, իմ բոլոր IP–ները ստուգեն ու տեսնեն, թե ես քանի հատ եմ բռնում»։

Անդրադառնալով ավտոմատացմանը, հատուկ ծրագրի ներդրմանը՝ նա նշեց, որ 1000 ձև կա, բայց անհնար է ունենալ ծրագիր, որ բոլորը ինքը լրացնի։

«Ես հետաքրքրվել եմ, գիտե՞ք ինչ հանճարեղ հաքքեր պետք է լինել ու ինչքան փող դնել, որ նման ծրագիր գրվի։ Ընդ որում՝ դեսպանատան համակարգերը բավական լուրջ պաշտպանիչ շերտ ունեն։ Դեսպանատները ապուշ չեն էլի։ Ընդ որում՝ ասեմ Ձեզ, այդ հաքքերությունը միայն մեր մոտ չէ, որ տարածված է, Ռուսաստան, Ղազախստան, Մոլդովա, նույն բանը նաև այնտեղ է կատարվում։ Այս իրավիճակը միայն Հայաստանում չէ։ Ավելին, նման ծրագիր ոչ մեկը հենց այնպես չի գրի, դրա համար լիքը գումար պետք է ներդրվի։ Իմ վրա չմտածեք էլի, ես հաստատ այդ հնարավորությունը չունեմ։ Այդ բամբասանքները ինձ չվերագրեք»։

Նանագուլյանը նաև վստահեցրեց, որ տեղերի վաճառքն օրինական է արվում, արժեքն էլ 20 հազար դրամ է։

«ՀԴՄ-ն էլ է խփվում, համապատասխան փոխացումներ էլ են արվում։ Բայց ոչ մեկը պարտավոր չէ մինչև գիշերվա 3-ը արթուն մնա, որ կարողանա տեղ ամրագրել։ Իմ մոտ ամեն ինչ օրինական է, ես դա համարում եմ որպես «վիզայի աջակցության»։ Թող խոսեն, պարզվում է, ինչքան նախանձող ունեմ։ Բայց եթե ուզում են պարզել, ապա պետք է հետաքննեն, եկեք՝ հետաքննենք, ԱԱԾ-ին դիմենք, օրինակ։ Ասենք, թող գան IP-ին ստուգեն, ես վստահեցնում եմ, որ օրական 2 հատ հնարավոր է բռնել, եթե 2-3 հատից ավելի է, ուրեմն նորմալ չէ ու ազնիվ չէ։ Եթե պետք լինի, որևէ թուղթ ստորագրել, որ գան, ստուգեն, խնդրեմ, առաջին ստորագրողը ես կլինեմ, որովհետև, ես գիտեմ, որ իմ քրտինքով եմ դա բռնում, ոչ մի ուրիշ տեխնոլոգիաներ, ոնց իմ մասին բամբասում են, չկան։ Դա ուղղակի նախանձություն է, իրենք չեն կարող, մտածում են՝ ուրիշներն էլ չտիպի կարողանան։ Իսկ այն, որ արագ լրացվում են տվյալները, եթե մի քիչ քթածակ ունենան, Google-ում կարող են գտնել այդ հնարավորությունը, երբ ինքնուրույն լրացվում են տվյալները, այդտեղ ծրագրավորողի միջամտություն չկա։ Դա ընդամենը քթածակի հարց է, որն իրենք չունեն, եթե չունեն, չի նշանակում, որ հնարավոր չէ, հնարավոր է, բայց անօրինական ոչ մի բան չկա։ Ես էլի եմ ասում՝ եթե դիմում գրելու անհրաժշտություն լինի, առաջինը ես կգրեմ, որովհետև ես համոզված եմ, որ իմ IP-ից 2 հատից ավելի երբեք չի եղել, թեև մեյլիցս եղել է, որովհետև տարբեր IP-ներից իմ մեյլով մտել, գրանցվել են»։

Նա ընդգծեց, որ խնդիրն իսկապես խիստ ակտուալ է, հատկապես որ առջևում հենց տուրիստական սեզոնն է։

«Ո՛չ գիշեր ունեք, ո՛չ ցերեկ, ու դեռ սեզոնն էլ չի սկսվել։ Ես էլ հեշտությամբ այդ տեղերը ձեռք չեմ բերում, 7 հոգով այսօր կարողացել ենք գերմանականում մի տեղ ամրագել։ Եթե նախկինում 1-2 տեղ կարողանում էինք բռնել, հիմա արդեն 1 շաբաթ է՝ ես ինքս ոչ բան չեմ կարողացել անել, մյուս աշխատողս այսօր մի հատ է բռնել, նախորդ օրը ևս մի հատ էր կարողացել բռնել։ Այնպես չէ, որ 20 հատ եմ բռնում, այո՛, կարողանում եմ, բայց էնպես չէ, որ շատ, կար ժամանակ, որ 3 հատ էլ էինք բռնում, հիմա արագության հարց է, այնպես չէ, որ ես մենակ եմ անում, տարբեր մարդիկ են աշխատում։ Եթե կարողանայի օրը 10 հատ բռնել, իմ մոտ էդպիսի հերթ չէր գոյանա, միայն այսօր գիտե՞ք՝ ինձ քանի հոգի է դիմել, բայց ես ասել եմ, որ չեմ կարող տեղ վերցնել»։

Նա ընդգծեց, որ մեր նախորդ հոդվածից հետո համակարգում 70 տեղ բացվել էր։

«Error-ները վերացան, չգիտես ինչու՝ 70 տեղ բացվեց, բայց մինչև այդ 10 վայրկյան էլ չէր տևում, մինչև լրացնում էինք, ու արագ փակում էր համակարգը, 70 տեղը ո՞նց կարող է այդքան արագ սպառվել»։

Ամենից շատ դիտված

15:45 Լարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել է. shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
17:16 Իրանի նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
22:00 Ես իմ այս տարիքին դուրս եմ եկել պայքարի, իսկ այսօրվա երիտասարդները պասիվ են. Շնորհիկ Շահինյան
21:34 Բագրատ Սրբազանը կոչ ուղղեց Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը