copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 18:58 14-03-2023

Մեզ չի՛ կարող մահն էլ զատել, մի հոգի ենք ու մի անուն․ Շիրազը՝ Ղարաբաղի մասին

Նրա թաղումը վերածվեց համաժողովրդական ցույցի․․․ Ոտքի էին ելել բոլորը՝ ճամփա դնելու գարնանաբույր ու մասիսատենչ այդ համարձակ հայորդուն՝ Հովհաննես Շիրազին։ Եկել էին Հայաստանի բոլոր անկյուններից, իսկ հայրենի Գյումրուց մի քանի տղաներ իրենց հետ բերել էին հայրենի հողից՝ ձնծաղիկներով, մանուշակներով, կակաչներով խառնված․․․ Հրաժեշտ էին տալիս կյանքի բանաստեղծին։

Այսօր Հովհաննես Շիրազի հիշատակի օրն է։



Հովհաննես Շիրազի նպատակը հայության իղձերին ծառայելն էր, ինչը նա ազնվորեն իրագործեց մինչև իր կյանքի վերջին օրը։ Նա հանրության ազգային մտածողության ու հոգեբանության ձևավորողն էր, հայոց պահանջատիրության, պատմական արդարության վերականգնման, հայրենիքում ու Սփյուռքում համախմբվելու, լեզվապահպանության ու ազգապահպանության մեծ ջատագովը։

Ահռելի էր նրա երկրպագուների և հետևորդների թիվը՝ գրեթե ամբողջ ժողովուրդը, որն իր ապագայի բոլոր հույսերը կապում էր համարձակ բանաստեղծի համարձակ երազանքների հետ։

Իոսիֆ Ստալինի մահից հետո՝ «ձնհալի տարիներին», հայությունը աստիճանաբար սկսեց թաքուն երազանքներ հյուսել, այնինչ Հովհաննես Շիրազը ողջ ձայնով մեկ մռնչում էր այն մասին, ինչի մասին ուրիշները դեռ երազել անգամ վախենում էին։



Շիրազից բացի՝ էլ ո՞վ կհամարձակվեր դարակեսին խոսել Արցախի ազատության ու վերադարձի մասին․․․ Բայց Շիրազը պահանջատեր էր։

Շիրազն իր գաղափարներով դարձավ 60-ականների Զարթոնքի սերնդի և 80-ականների Արցախյան շարժման գաղափարական առաջնորդներից մեկը։

60-ականներին Արցախում մի սարսափազդու դեպք էր տեղի ունեցել․ Արցախում ադրբեջանական դպրոցի ադրբեջանցի տնօրենը գլխատել էր դպրոցահասակ հայ մանչուկին և թաղել գյուղամերձ այգում։ Ոճրագործությունը թեև բացահայտվել էր, և ոճրագործը՝ պատժվել, սակայն ալեկոծված ժողովուրդը չէր հանդարտվում, իսկ խորհրդահայ մտավորականությունը լուռ էր։ Այնինչ Հովհաննես Շիրազը շատ լավ էր հասկանում, թե ինչ է կատարվում սովետական բարեկամության կեղծ լոզունգների ներքո թրքացվող Արցախում։



Ցավոք, անտիպ մնաց մեծ բանաստեղծի «Ղարաբաղի ողբը» պոեմը, բայց այն իր գործը արեց․ երիտասարդները արտագրում էին այն, փոխանցում ձեռքից ձեռք, հատվածաբար անգիր անում, և այս ստեղծագործությունը կրակ էր վառում հայենասեր երիտասարդության սրտերում։ Ժամանակակիցները պատմում են, որ մեծ հայորդու մահից հետո էլ՝ Արցախյան շարժման օրերին, այս բանաստեղծությունը արտագրված տարբերակով շարժման ակտիվիստները հասցնում էին Արցախ՝ այնտեղ վառելու շիրազյան պահանջատիրության ոգին։

․․․․Դու էլ, դառած կռվածաղիկ, իմ բալիկն ես ա՛յ Ղարաբաղ,
Մեղրըդ օտար մեղվին տվող իմ ծաղիկն ես այ Ղարաբաղ,
Հայաստանից քեզ պոկողը Հայաստանի եղբայրը չէ՛,
Երկուսիս մեջ դու էլ մոլոր իմ բալիկն ես, ա՛յ Ղարաբաղ:

Քանի՜ բաժան դաժան տարի Հայ բերանին ա՜խ ես դառել,
Փոխել հայոց անունըդ Արցախ, օտար Ղարա բաղ ես դառել,
Դարձել օտար ջաղացին ջուր, ազգիդ սրտին դաղ ես դառել,
Էլ չեմ կարող վիշտըս լռել, վա՜յ ինձ ու քեզ, հա՛յ Ղարաբաղ:

Դեռ էն գլխից հայոց հող ես, աստվածընծա՛ իմ լեռնաձոր,
Քո դրախտից ձեռ քաշող հայն` հայոց վայն է, ո՛վ մեղրածոր,
Թե եղբայր են` ինչու՞ են քեզ մեր մեջ դարձրել կռվախնձոր,
Աստվածընծան ինչպե՜ս թողնես սատանային փայ, Ղարաբաղ: