Օրեր առաջ Արսեն Թորոսյանը
հայտարարություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից կովիդի համավարակի աշխատանքների շուրջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ և նշել, որ պատրաստ է ցանկացած պահի ցուցմունք տալ կովիդի համավարակի աշխատանքների շուրջ հարուցված գործով։
Այսօր
Oragir.News-ը ճշտեց Առողջապահության նախարարությունից, թե այն ժամանակվա առողջապահության նախարարի առաջին տեղակալ, ներկայիս առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրավիրվե՞լ է հարցաքննության, թե՝ ոչ։
Oragir.News-ի հետ զրույցում առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ նախարարը վերոնշյալ գործով հարցաքննության չի կանչվել։ Առողջապահության նախարարությունից չցանկացան մեկնաբանություններ հնչեցնել նաև այն ժամանակվա առողջապահության նախարար, ներկայիս ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի հնչեցրած տեսակետների շուրջ։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2020-2022-ին Առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանը կալանավորվել է, իսկ «Թոքաբանության ազգային կենտրոնի» դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի նկատմամբ ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը։
Չի բացառվում, որ նույն գործով մեղադրվողների շարքում կարող է հայտնվել այդ ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Արսեն Թորոսյանը հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով՝ իր համար տարօրինակ է, որ մինչ օրս ինքն ու Առողջապահության գործող նախարար Անահիտ Ավանեսյանը չեն հարցաքննվել։
Սակայն մեր տեղեկություններով՝ կորոնավիրուսի գումարների վատնման գործը բացահայտելու հարցում մեծ ներդրում ունի նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով ամեն կերպ աջակցել է քննությանը։
Oragir.News-ն ավելի վաղ անդրադարձել էր դրան։