Երևան +14°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 14:24 11-03-2023

Պարգև՞, թե՞ պատիժ․ որ գրողներն են հրաժարվել Նոբելյան մրցանակից

1901 թվականից սկսած՝ ամեն տարի գրականության համար Նոբելյան մրցանակ է շնորհվում նշանավոր գրողներին։ Ողջ պատմության ընթացքում մրցանակը ստացել է 110 գրող։

Այնուամենայնիվ ոչ բոլոր հաղթողներն են, որ ընդունել են մրցանակը կամ իրենց համարել են այդ մրցանակի դափնեկիր։ Որոշ դեպքերում գրողները չեն համաձայնվել մասնակցել անգամ առաջադրմանը։

ԲՈՐԻՍ ՊԱՍՏԵՌՆԱԿ

Բորիս Պաստեռնակը երկար ճանապարհ է անցել դեպի Նոբելյան մրցանակ։ 1946 թվականին գրողի անունը առաջին անգամ հայտնվեց Նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակում։ Պաստեռնակի թեկնածությունն առաջադրել էր անգլիացի թարգմանիչ, Պաստեռնակի ստեղծագործության երկրպագու Սեսիլ Մորիս Բովրան։ Այնուհետև գրողի անունը հավակնորդների շարքում նշվեց ևս մի քանի անգամ՝ 1948, 1949, 1950 և 1957 թվականներին, մինչև վերջապես Նոբելյան կոմիտեն նրան ընտրեց որպես դափնեկիր 1958 թվականին։

Բայց երկար սպասված մրցանակը Պաստեռնակին ճանաչում ու երջանկություն չբերեց։ Ընդհակառակը, նա հայտնվեց քննադատության ալիքի տակ, որն ավարտվեց ԽՍՀՄ գրողների միությունից նրա հեռացմամբ։



Սկանդալի կիզակետում «Դոկտոր Ժիվագո» վեպն էր, որում հեղինակը քննադատում է խորհրդային քաղաքական համակարգը, 1917 թվականի հեղափոխությունը և պետության զարգացման հետագա ուղղությունը։ Ի դեպ, ԽՍՀՄ-ում ստեղծագործությունը սկզբունքորեն արգելված էր տպագրելու համար, ուստի այն հնարավոր էր եղել տպագրել միայն Իտալիայում։

Բանաստեղծ Սերգեյ Միխալկովը 1958 թվականին Լենինգրադի գրողների միության համագումարում ասել է. «Ամենավատն այն է, որ Պաստեռնակը գրողների միության անդամ է եղել։ Գրողը դավաճանել է հայրենիքին։ Սա չի կարելի հանել քաղաքական հաշիվներից»։

Վլադիմիր Նաբոկովը, լինելով հանրաճանաչ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Արևմուտքում, իր ընկեր Ռոման Գրինբերգին ուղղված նամակում «Դոկտոր Ժիվագո» վեպի մասին գրել է. «Սա անշնորհք ու հիմար գիրք է, մելոդրամատիկ աղբ, պատմական, հոգեբանական ու միստիկ կեղծ գռեհիկ հնարքներով լի»։

Այս ամենը ազդում էր Պաստեռնակի առողջության վրա. գրողի մոտ ախտորոշվում է թոքերի քաղցկեղի ծանր տեսակ։ Արդյունքում, գրողը հրաժարվել է մրցանակը ստանալուց։ Նոբելյան կոմիտեին ուղարկած իր նամակում նա նշել է. «Քանի որ ինձ շնորհված մրցանակը ստանալու եմ այն հասարակության մեջ, որին ես պատկանում եմ, ես պետք է հրաժարվեմ դրանից։ Իմ կամավոր մերժումը որպես վիրավորանք չընդունեք»։

Այնուամենայնիվ, Նոբելյան կոմիտեն հայտը համարել է հանրային ճնշման արդյունք և ոչ թե կամավոր մերժում, ուստի 1958 թվականին մրցանակը չվերահանձնվեց որևէ մեկին։ Մեդալն ու դիպլոմը Պաստեռնակի որդուն հանձնվել է Ստոկհոլմում 1989 թվականի դեկտեմբերին։

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՈԼԺԵՆԻՑԻՆ

Նման պատմություն է պատահել Նոբելյան մրցանակակիր մեկ այլ գրողի՝ Ալեքսանդր Սոլժենիցինի հետ արդեն 1970 թ.։ Գրողը իր ստեղծագործություններից շատերը նվիրել է Ստալինի և նրա կառավարման մեթոդների կոշտ քննադատությանը։ Խրուշչովյան «ձնհալի» ժամանակ, երբ ԽՍՀՄ-ում ակտիվորեն ընթանում էր «անձի պաշտամունքի» դեմ պայքարը, և ապաստալինացումը դարձավ պետության քաղաքական կյանքի ուղենիշներից մեկը, նման գաղափարները ողջունվեցին, և գրողը հանրաճանաչություն ձեռք բերեց ողջ Սովետական Միությունում։

Սակայն Բրեժնևի իշխանության գալուց հետո Սոլժենիցինը կտրուկ կորցրեց իր արտոնությունները։ Նրա պատմվածքների մեծ մասը տպագրության թույլտվություն չէր ստանում և տպագրվում էր խիստ գրաքննության ենթարկվելուց հետո միայն։ Միևնույն ժամանակ, արևմտյան երկրներում Սոլժենիցինի վեպերը տպագրվում էին գաղտնի և լայնորեն տարածվում՝ չնայած այն բանին, որ հեղինակն ինքը թույլտվություն չէր տվել։



1970 թվականի հոկտեմբերին Սոլժենիցինին շնորհվեց Նոբելյան մրցանակ՝ «բարձր բարոյական արժեքների և ռուս գրականության ավանդույթներին հավատարիմ մնալու համար»։ Դրան հաջորդեց ԽՍՀՄ կառավարության կտրուկ բացասական արձագանքը. նրանք հեղինակի մեջ տեսան հակասովետականություն, իսկ Սոլժենիցինի վերաբերյալ Նոբելյան կոմիտեի որոշումը համարվեց ԽՍՀՄ կառավարության վարկաբեկում։

Նոբելյան կոմիտեն ստիպված է եղել բազմիցս հերքել գրողին մրցանակը շնորհելու քաղաքական դրդապատճառի առկայության մասին հայտարարությունները, ինչը չի համոզել խորհրդային իշխանություններին։ Սակայն հետագայում Սոլժենիցինը բազմիցս խոստովանել է, որ 1970 թվականի Նոբելյան մրցանակը բացառապես քաղաքական որոշում էր։

Այնուհետեւ գրողը չի մեկնել Շվեդիա՝ մասնակցելու հանդիսավոր միջոցառմանը՝ վախենալով, որ իրեն հայրենի երկիր վերադառնալ չեն թողնի։ Այնուամենայնիվ, Սոլժենիցինը իր մրցանակն ստացավ. դա տեղի ունեցավ 1975 թվականին՝ ԽՍՀՄ-ից վտարվելուց հետո։

ԲԵՌՆԱՐԴ ՇՈՈՒ

1925 թվականին Նոբելյան մրցանակը՝ «ստեղծագործության համար, որը նշանավորվում է իդեալիզմով և հումանիզմով, շողշողացող երգիծանքի համար, որը հաճախ զուգորդվում է բացառիկ բանաստեղծական գեղեցկությամբ», շնորհվել է իռլանդացի հայտնի դրամատուրգ և արձակագիր Բեռնարդ Շոուին։

Գրողը հրաժարվել է մրցանակից և դրամական պարգևից՝ ասելով, որ «այդ միջոցները նման են այն փրկօղակին, որը նետվել է խեղդվողի ուղղությամբ, երբ նա արդեն հասել է ափ»։



Բեռնարդ Շոուն ցույց է տվել, որ ինքն իրեն արդեն իսկ համարում է կայացած գրող և հավասարապես կարիք չունի ո՛չ բուն մրցանակի, ո՛չ էլ դրամական պարգևի։ Գրողը փորձել է իրավիճակին հեգնական ենթատեքստ հաղորդել, սակայն մերժման իրական պատճառները չի բարձրաձայնել։

Հասարակությանը հուզող հարցերին Շոուն պատասխանել է. «Ալֆրեդ Նոբելին կարելի է ներել դինամիտի գյուտի համար, բայց միայն սատանան կարող էր հորինել Նոբելյան մրցանակը»:

ԺԱՆ ՊՈԼ ՍԱՐՏՐ

Մրցանակից մեկ այլ կամավոր հրաժարման դեպքը կապված է ֆրանսիացի էքզիստենցիալիստ փիլիսոփա Ժան Պոլ Սարտրի անվան հետ։ Նա մրցանակի դափնեկիր է դարձել 1964 թվականին։ Նրա ստեղծագործությունների հիմնական թեմաներն են մարդու ազատությունը և էքզիստենցիալ ճգնաժամը: Մրցանակից հրաժարվելու հավանական պատճառներն էին ոչ մի ինստիտուտին չպատկանելու ցանկությունը և Սարտրի համար անընդունելի այս մրցանակի սիմվոլիկան։ Գրողը ողջամտորեն կարծում էր, որ դա «կարմիր» Արևելքի և կապիտալիստական ​​Արևմուտքի առճակատման արդյունք է, և շատ դեպքերում կոմիտեն պարգևատրում է ոչ միայն մաքուր գրական տաղանդի համար, այլ արևմտյան աշխարհին «անհրաժեշտ» գաղափարների բարձրաձայնման համար:

Սարտրը բազմիցս և բացահայտ քննադատել է ԽՍՀՄ-ին։ Գիտակցելով իր հաղթանակի մեջ քաղաքական գործոնի կարևորությունը՝ նա չցանկացավ պարգևատրվել միայն այն պատճառով, որ իր հայացքները համապատասխանում էին «ժամանակների ոգուն»։



Շվեդ լրագրողներին ուղղված հայտարարության մեջ Սարտրը գրել է. «Ցավալի է, որ Նոբելյան մրցանակը շնորհվել է Պաստեռնակին և ոչ թե Շոլոխովին, և որ խորհրդային միակ ստեղծագործությունը, որը մրցանակ է ստացել, հրատարակվել է խորհրդային սահմաններից դուրս և հայրենիքում արգելված գիրք է»։

Նույն հայտարարության մեջ գրողը նշել է նաև, որ ցանկանում է իր ստեղծագործությունների տակ պահել «Ժան-Պոլ Սարտր» ստորագրությունը, երբեք չօգտագործել «Ժան-Պոլ Սարտր, Նոբելյան մրցանակակիր»։

ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ

Ուշագրավ է նաև Լև Տոլստոյի՝ Նոբելյան մրցանակից հրաժարվելու պատմությունը։ Ի տարբերություն մյուս հրաժարվողների՝ նա ընդհանրապես նույնիսկ պաշտոնական դափնեկիր չդարձավ, քանի որ նախօրոք ձեռնարկեց բոլոր հնարավոր միջոցները այս իրավիճակը կանխելու համար։

1906 թվականին Ռուսաստանի գիտությունների ակադեմիան նրան առաջադրել է մրցանակի համար։ Գրողը ծայրահեղ բացասական արձագանքեց և անմիջապես նամակ գրեց Արվիդ Էռնեֆելդին. «Եթե դա տեղի ունենար, ինձ համար շատ տհաճ կլիներ հրաժարվելը, և, հետևաբար, խնդրում եմ Ձեզ՝ եթե Շվեդիայում կապեր ունեք, փորձեք համոզել, որ ինձ այս մրցանակը չշնորհեն: Միգուցե անդամներից մի քանիսին ճանաչում եք, գուցե գրեք նախագահողին՝ խնդրելով չհրապարակել»։



Այս մերժման պատճառը Տոլստոյի անձնական համոզմունքներն էին, նրա ասկետիզմը, թե կյանքի իրական արժեքները ոչ մի կերպ կապված չպիտի լինեն նյութական կողմի հետ: Այդ մասին են վկայում գրողի բազմաթիվ հայտարարությունները, հրապարակումները, նամակներից հատվածները։ Օրինակ, դրանցից մեկում Տոլստոյը գրում է, որ «Նոբելյան փողերի» մերժումը իրեն փրկել է «դրանք կառավարելու մեծ դժվարությունից», քանի որ ցանկացած փող «միայն չարիք կարող է բերել»։

Օվսաննա Իսրայելյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ