44-օրյա պատերազմի օրերին «Իսկանդերը» չի կրակել, թե այլ ինչ զենքեր չեն կիրառվել պատերազմի ընթացքում՝ ռազմական գաղտնիք է, որոնց մասին ես չեմ կարող խոսել։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն դիտարկմանը, թե 44-օրյայի ժամանակ մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել, եթե օգտագործեին՝ իրավիճակը բոլորովին այլ կլիներ։
«Որ «Իսկանդերն» առհասարակ չի կիրառվել՝ հստակ տեղեկատվություն է, գնացեք՝ Նիկոլ Փաշինյանին հարցրեք, թե ինչ նկատի ուներ և որ զենքի մասին է խոսում, երբ ասում էր 10 տոկոս է կրակել, թե ինչու է նման տեղեկատվություն տարածվում՝ հարց է»։
Նահապետյանն ընդգծեց, որ ՀՀ զինուժը պատերազմում օժանդակության առումով բավական չնչին մասնակցություն է ունեցել, հատկապես որ 4-րդ օրը զորակոչը Նիկոլ Փաշինյանի սխալ հանձնարարականներով ձախողվեց։
«Կա նաև տեսակետ, որ մտածված ձախողեց։ Ադրբեջանի կենդանի ուժի, ենթակառուցվածքներին և զինտեխնիկային հարվածելու շատ հնարավորություններ ենք ունեցել, բայց դրանք չեն օգտագործվել, էլ չեմ ասում՝ քաղաքական կամպոնենտը, երբ Հայաստանը պատերազմից մի քանի օր անց, կարող էր Արցախի անկախությունը ճանաչել, կնքել ռազմաքաղաքական պայմանագիր և Արցախին ռազմական ու զինական օգնություն ցույց տար»։
Անդրադառնալով բանակի զինտեխնիկայի համալրմանը՝ նա նշեց, որ բանակը կազմավորման օրվանից պարբերաբար համալրվել է և զինտեխնիկայով, և մասնագետներով։
«Ընդ որում՝ տեխնիկական կապ չունի, թե որ թվերի արտադրություն է։ 2016 թ-ի Սերժ Սարգսյանը քառօրյա պատերազմից հետո հայտարարեց, որ 80-ականների զենքով էինք զինվել։ Միաժամանակ, այսօր ատոմային գերտերություն համարվող Ռուսաստանը 80-ականների զենքով է հիմնականում էֆեկտիվ պատերազմում Ուկրանիայում հավաքական արևմուտքի կամ նրա ռազմաքաղաքական դաշինք ՆԱՏՕ-ի դեմ, ուստի 80-ականների զենքի մասին խոսողները ավելի լավ է գինեկոլոգիայով զբաղվեն, բայց դրա տեսությամբ, ոչ թե գործնական կիրառմամբ, քանի որ վստահաբար կվնասեն»։
Նա ընդգծեց, որ մեր բանակը համալրվել է ու ամեն տարի ավելի մարտունակ է եղել և այդ մասին գնահատականը հենց Նիկոլ Փաշինյանն է տվել, երբ Տավուշյան մարտերից հետո ասաց, որ կրկին անգամ մեր բանակը վերահաստատեց տարածաշրջանում իր ուժ լինելու գործոնը։
«Այս խոսքերը դատարակ խոսքեր չէին։ Դրանից հետո՝ 2018-2020 թթ-ին բանակի հետ կապված որոշումները հանգեցրեցին բանակի թուլացման։ Խոսքը, թե կադրային քաղաքականության, թե նորագույն զենքերի ձեռքբերման մասին է։ Ընդ որում՝ 2018 թ-ին պետք է ձեռք բերվեին ՌԷՊ և թիրախների խոցելու միջոցներ, սակայն Նիկոլ Փաշինյանը այդ պայմանավորվածությունները ձախողեց»։
Նա նաև նշեց, որ Նախիջևանի սահմանակից հատվածներում հակառակորդը հսկայական դիրքեր է վերցրել ու առաջ եկել մայիս, հունիս, հուլիս ամիսներին, քանի որ կարևոր պաշտոններին նշանակվում էին նեղ մասնագիտական կրթություն և փորձառություն ունեցող անձինք։
«Պատերազմի օրերին այն պաշտոններին, որոնք պատասխանատու էին մարտը վարելու և կառավարելու համար՝ նշանակում էր նեղ մասնագիտական կրթություն ունեցող մարդիկ։ Օրինակ՝ հրետանավորը նշանակվում էր համազորինի կրթություն ունեցողը, ինչպես օրինակ՝ Ջալալ Հարությունյանը։ Ի դեպ, այդ բանակը գլխատելու պարկտիկան շարունակվում է նաև այսօր, Ադրբեջանին սահմանակից 3 բանակային կորպուս գլխատվել է․ խոսքը 2-րդ բանակային կորպուսի մասին է, հայտնի 15 զինծառայողների զոհվելուց հետո, դրանից 10 օր անց հատուկ բանակային կորպուսը և 5-րդ բանակային կորպուսը գլխատվեցին, վերջինի հրամանատարն էլ փոխվեց։ Բանակում սխալ կադրային փոփոխությունն ուղեկցվում էր որոշ կառույցների սխալ կառավարմամբ կամ, այդ կառույցների վերադաս էր նշանակվում մարդ, որը ընդհանրապես, ոչ մասնագիտությամբ, ոչ կրթությամբ, ոչ փորձառությամբ այդ կառույցի հետ կապ չունի, խոսքս Արգիշտի Քյարամյանի նշանակումն էր ԱԱԾ ղեկավար, ընդ որում՝ այդ կառույցում էր գտնվում նաև ռազմական հակահետախուզությունը, որը կարևոր օղակն էր պատերազմի ժամանակ»։
Նա ընդգծեց, որ վերջին շրջանում գործակալական ցանցերի բացահայտումները, որ արվում են՝ ուշադրություն դարձնելու պարագայում պարզ կլինի, որ այդ մարդիկ հավաքագրվել են Փաշինյան Նիկոլի կառավարման տարիներին։
«Այսինքն, հակահետախուզությունը բարձր մակարդակի վրա չի, որովհետև մասնագետներին կամ ազատեցին, կամ իրենք դիմում գրեցին ու դուրս եկան»։ Նա ընդգծեց, որ բազմաթիվ հարցեր կան, որոնց համադրումից ակնհայտ է դառնում, որ կամ այս անձին և իր թիմին կարելի է նույնականացնել այն կապիկի հետ, որի ձեռքը նռնակ են տվել և օղակը քաշել են, կամ սրանք իրենց գործունեությամբ ծառայել են օտարին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։