copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:51 06-03-2023

Ով է ստում՝ առողջապահության նախկի՞ն, թե՞ ներկա նախարարը․ ինչու Ավանեսյանը համառորեն չի հնչեցնում «Ուիգմորի» անունը

Oragir.News-ը վաղ առավոտյան արդեն իսկ հայտնել էր, որ Հայաստանում կարմրուկի տարածումը սկսվել է մասնավոր մանկական հիվանդանոցից, վարակվողը եղել է բուժքույր։ «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոնի աշխատակիցը բուժզննություն է իրականացրել և վարակվել է կլինիկա այցելած երեխայից։ Հատկանշական է, որ տեղեկատվության համաձայն՝ բուժաշխատողը պատվաստված չի եղել։

Նկատենք, որ Oragir.News-ը ի սկզբանե հիվանդանոցի անունը չէր նշել, բայց հաշվի առնելով խնդրի արդիականությունը եւ հասարակական շահերի, առողջության պաշտպանությունը՝ հարկ ենք համարել ներկայացնել նաեւ այդ հաստատության տեսակետը։

Oragir.News-ի հետ զրույցում կլինիկայի փոխտնօրեն Շահանե Մնացականյանն ասաց, որ «Ուգիմորը» չունի լաբորատորիա, որտեղ կարմրուկի վիրուս է աճեցնում։

«Բուժքույրը չի ճամփորդել է, նա վարակվել է պացիենտից՝ լինելով պատվաստված, մենք իրեն ստուգել ենք հնարավոր բոլոր վարակներից, ապա ուղղորդել ենք այլ բժշկական հաստատություն, որը լիազորված է կարմրուկ ստուգելու։ Այսինքն, իրավիճակը շատ վատ է եղել, ու մենք իրեն ուղարկել ենք ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ պետք է ախտորոշվեր ինֆեկցիան։ Արդյունքում, այդ օղակը բաց է թողնվել։ «Ուիգմորը» չի արտադրել վիրուսը, չի տարածել և սեփական ուժերով չի ներմուծել դա արտերկրից։ Ես նաև պնդում եմ, որ բուժաշխատողը եղել է պատվաստված, նրանք ովքեր պնդում են, որ բուժաշխատողը պատվաստված չի եղել՝ կարո՞ղ են հակառակն ապացուցել»։

Փոխտնօրենը նաև նշեց, որ վարակված 20 դեպքերը հիվանդանոցի շրջանակներում չեն։

«20 հոգին ամբողջ հանրապետության շրջանակներում է, մեզ մոտ թիվը ավելի պակաս է՝ մեկ տասնյակի շուրջ»։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հրավիրել էր ասուլիս, որի ընթացքում պնդեց, որ կարմրուկի դեպքերը եղել են բերովի Հայաստանի Հանրապետությունում և լոկալ տարածում են ստացել։ Ասուլիսին հաջորդեց առողջապահության նախկին նախարար, այժմ պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը, որի ընթացքում նա հայտարարեց, որ տարածումը եղել է ներհիվանդանոցային։ Այսինքն, հիվանդ երեխայից մյուսներին է փոխանցվել, այդ թվում՝ տարածման օղակում դեր է ունեցել նաև բուժհաստատության չպատվաստված բուժաշխատող։

Ո՞վ է ստում՝ առողջապահության նախկի՞ն, թե՞ ներկա նախարարը, վերջիվերջո, ով եւ ինչպես է եղել կարմրուկի տարածողը․ Oragir.News-ը այս հարցերի շուրջ պարզաբանում խնդրեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանից։

Նա ասաց, որ կգերադասեր չմեկնաբանել Թորոսյանի ուղիղ եթերում հնչեցրածը։

«Սակայն պետք է հաստատեմ նախարարի ասածը, և ես մեկ անգամ հիշեցնեմ, որ առաջին դեպքը բերովի է եղել։ Քիչ անց ավելի ընդգրկուն կանդրադառնամ ֆեյսբուքյան իմ գրառմամբ»,-ասաց Խաչատրյանը։

Թերեւս զարմանալի չէ, որ Ավանեսյանը եւ իր խոսնակը ոչ մի կերպ չեն ցանկանում «գաղտնազերծել» վաղուց գաղտնազերծվածը եւ ամեն կերպ խուսափում են «Ուիգմոր» կլինիկայի անունը հնչեցնելուց։ Մեկ անգամ չէ, որ լրատվամիջոցներում գրվել է Ավանեսյանի եւ «Ուիգմորի» բիզնես շահերի մասին։

Պուշկինի վրա գտնվող հիվանդանոցի շենքը Ուիգմորը վարձակալել է Ավանեսյանի մորից՝ Մարգարիտա Վարդանյանից։

Ի դեպ, ավելի ուշ Ավանեսյանի խոսնակը մի բարոյախրատական ոճի գրառում էր կատարել, թե «այսօր կարմրուկի վերաբերյալ առողջապահության նախարարի ասուլիսի ժամանակ հանգամանալի կերպով ներկայացվել են վարակի համաճարակաբանական հետազոտությունների արդյունքները: Ուստի, հորդորում եմ մեկ ամբողջական «փազլում» ՉՀԱՄԱԴՐԵ՛Լ հավաստի-ոչ հավաստի, ստուգված-չստուգված (շարքը շարունակելի) տեղեկատվությունները: Մի բան էլ` ընդհանրապես վարակիչ հիվանդությունների դեպքում վարակի շղթայում հայտնվածների թիրախավորումն անընդունելի ու անթույլատրելի է: Մենք շարունակելու ենք ճիշտ ժամանակին, թափանցիկ, ամբողջական տեղեկատվություն տրամադրելու մեր քաղաքականությունը: Խնդրում եմ օգտվել պաշտոնական, վստահելի, մասնագիտական և ոչ թե «դեղին մամուլին» բնորոշ աղբյուրներից»։

Հետաքրքիր է՝ իսկ ինչու էին կորոնավիրուսի ժամանակ իշխանությունները մոռացել վարակի շղթայում հայտնվածներին չթիրարախավորելու կանոնը, չէ՞ որ մենք բոլորս հիշում ենք հայտնի էջմիածնեցի կնոջ դեպքը, որին վերից վար այնպես էին քարկոծել, որ բանը հասել էր հաշվեհարդարին։