Երևան +10°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:48 01-03-2023

Խերսոնի բերդում կտտանքներից ու ռմբակոծությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցը չի կարողանում վերադառնալ հայրենիք

Ուկրաինական ռեստորաններից մեկում բռնկված մահվան ելքով կռվից հետո բանտարկված Սերգեյ Կարապետյանը Խերսոնի բերդի ռմբակոծությունից հետո, արդեն մի քանի ամիս է, ինչ փորձում է հասնել Հայաստան։ Փորձերը, սակայն, անարդյունք են։

«Կռիվն սկսվեց։ Դե, արդեն ռուսն էր մտել Խերսոն։ Հետո ուկրաինացիներն սկսեցին ռմբակոծել։ Երևի ջերմային պատկերիչով տեսնում էին, թե որտեղ կուտակումներ կան, այնտեղ էլ հարվածում էին։ Դե, բերդում էլ հասկանալի է, որ աշխատողները ֆորմայով էին։ Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամը 7-ից սկսվեց ռմբակոծությունը, առավոտը ժամը 6-ին մենք արդեն դուրս ենք եկել, որովհետև էլ բերդ չկար, լրիվ ռմբակոծված էր։ Մոտ 60 հոգի մահացել էր, 500 հոգի էլ դուրս եկավ։ Ռուսը դուրս էր գալիս քաղաքից։ Էվակուացիա էր գնում։ Մեր մասին այդ պահին ամենաքիչն էին մտածում»,- ասաց նա։

Բերդից ազատվելուց հետո Սերգեյ Կարապետյանը հասել էր Ուկրաինա ու հանձնվել իշխանություններին։ «Ասացի, որ ես այս մարդն եմ, այսպիսի դեպք է եղել։ Դե, բոլորն էլ գիտեին, թե ինչ է կատարվում։ Մեզ, այսպես ասած, «մաղով անցկացրին», ստուգեցին՝ գործակցել եմ, թե՝ ոչ (ռուսների հետ- խմբ․)։ Մեզ կանգնեցրին հաշվառման ու հետախուզումը հանեցին մեր վրայից»,- ասաց նա։

Մեր հայրենակցի հետ կապված դեպքը տեղի էր ունեցել 2015 թվականին։ Խերսոնի ռեստորաններից մեկում է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մորաքրոջ որդին ու հայտարարել է, թե Ջուղայի խաչքարերի վրա կրակողներից մեկն էլ ինքն է եղել՝ լայնածավալ կռիվ հրահրելով հայերի հետ։ Արդյունքում ադրբեջանցին սպանվել էր։

«Ինքը Նախիջևանում տեղակայված զորքի հրամանատար է եղել, ու բավականին ազդեցիկ մարդ էր։ Հարիֆի գլուխը կտրվել էր»,- հիշեց Oragir.News-ի զրուցակիցը։

Այդ դեպքից հետո՝ բերդում գտնվելու տարիներին էլ Սերգեյ Կարապետյանը կապ է պահպանել Նաիրա Զոհրաբյանի հետ։ Խնդրի մասին մի քանի անգամ բարձրաձայնվել է, փորձ է արվել նրան տեղափոխելու Հայաստան՝ պատիժն այստեղ շարունակելու համար, սակայն, որևէ արդյունք չի եղել։

«Ռմբակոծությունից հետո, սակայն, իմ քրեական գործերի բոլոր փաստաթղթերը վառվել են։ Դրանք բազայում էլ չկան։ Ի՞նչ հիմքով իրենք պետք է ինձ համար հետախուզություն հայտարարեն կամ բանտարկեն։ Անգամ դատ չէր եղել իմ գործով։ Ընդ որում, անգամ դատ չլինելու պարագայում, ես ավելի քան 7 տարի բերդում եմ անցկացրել։ Իսկ գործի ժամկետն արդեն վաղուց լրացել էր։ Դատի համար նախատեսված է 18 ամիս, որի ընթացքում կամ պետք է այդ դատը լինի, կամ պետք է ազատ արձակեն»,- ասաց նա։

Այդուհանդերձ, առաջին ստուգումից հետո էլ Սերգեյ Կարապետյանը որոշակի այլ ստուգումներ է անցել Ուկրաինայի հակահետախուզական ծառայությունում։

«Հակահետախուզական ծառայությունում ստուգումներ անցնելուց հետո հասա Օդեսա։ Սկզբում մոտեցա եկեղեցի, հետո արդեն հյուպատոսություն։ Ասացի՝ թուղթ տվեք, գնամ Հայաստան։ Բացատրեցի, թե ինչ է կատարվում։ Կանչեցին՝ դիմում գրելու։ Հաջորդ օրը գնացի, դիմումը գրեցի։ Մինչև այսօր ձգձգում են»,- ասաց նա։

Խնդրի լուծման տարբերակ չտեսնելով՝ մեր զրուցակիցն ստիպված է եղել ճարահատյալ որոշում կայացնել։ Նրա որոշման մասին օրերս հրապարակում էր արել նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ հայտնելով, որ Սերգեյ Կարապետյանը պատրաստվում է ինքնահրկիզվել Ուկրաինայի հայկական հյուպատոսության դիմաց։

«Ես արդեն բենզին, ամեն ինչ պատրաստ վերցրել էի, 4 լրատվամիջոցի էի հրավիրել, որպեսզի հայտարարություն անեի։ Եկան, լցվեցին հատուկ ծառայությունից, վարչություններից: Միջազգային մակարդակով արտակարգ դեպք է տեղի ունենում, իրենց ձեռնտու չէր։ Ես իրանց ասում եմ՝ ի՞նչ անեմ, նորից բե՞րդ գնամ, ո՞նց է լինելու, ինչո՞վ ապրեմ, ասեք՝ հասկանամ։ Պատերազմական գոտի է, ամեն օր ռմբակոծում են։ Հարցն էլ այն է, որ ժամկետ էլ չեն ասում, որ կարողանամ հասկանալ անելիքս»,- ասաց նա։

Դրանից հետո, ըստ մեր զրուցակցի, իր հետ սկսել են կապվել թե՛ հյուպատոսությունից, թե՛ Հայաստանից։ «Ես այդ ժամանակ արդեն իսկ կապի մեջ էի ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ։ Հյուպատոսությունից էլ ասացին, որ հարցին լուծում կտան, էդպես հետ կանգնեցի մտադրությունիցս»,- ասաց նա։

Այդ օրը, Oragir.News-ի հետ զրույցում, պարզորոշ հիշեց նաև Նաիրա Զոհրաբյանը։ Ասաց, որ ամեն բան արել է՝ Սերգեյ Կարապետյանին համոզելու համար նման քայլի չգնալ։ Հենց այդ օրն էլ արել էր այդ մասին հրապարակումը՝ հերթական անգամ բարձրացնելով մեր հայրենակցի առջև ծառացած խնդիրը։

«Ինքն ինձ զանգահարեց և ասաց, որ գնալու է և Օդեսայում՝ հայկական հյուպատոսության դիմաց ինքնահրկիզվելու է։ Ես, իհարկե, գրել եմ իր մտադրության մասին, բայց, բնականաբար, ասել եմ իրեն՝ չանել այդ քայլը։ Եվ մի գուցե իմ հրապարակումը ոտքի կհանի պատկան կառույցներին։ Փետրվարի 27-ի ուշ երեկոյան ինձ զանգահարեց Ուկրաինայում մեր դեսպան Վլադիմիր Կարապետյանը։ Տեղեկացրեց, որ խնդրով զբաղվում են։ Իր խոսքով՝ խնդիրն այն է, որ այս պահին Սերգեյ Կարապետյանի գործի պատասխանն իրենք պետք է ստանան Ուկրաինայի միգրացիոն վարչությունից։ Ասաց, որ նորից կդիմեն, որ արագացվի գործընթացը, և իրենք կաշխատեն հնարավրինս արագ լուծել Կարապետյանի՝ Հայաստան տեղափոխման հարցը։

Էստեղ խնդիրն այն է, որ մինչև Ուկրաինայի միգրացիայի ծառայությունը չտա այդ անհրաժեշտ տեղեկանքը, հյուպատոսությունն, ըստ դեսպանի, չի կարող լուծել այդ հարցը։ Ինձ ասվեց, որ կաշխատեն հնարավորինս արագ ու սեղմ ժամկետում լուծում գտնել։ Սպասենք-տեսնենք՝ կլուծվի, թե՝ չէ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Այդ դեպքից հետո հյուպատոսությունից կապվել էին նաև Սերգել Կարապետյանի հետ։ Հայտնել էին, որ աշխատում են։
«Այդ բումից հետո արդեն սկսեցին կապվել հետս, թե գործն ընթացքի մեջ է։ Լավ, արդեն 3 ամիս անցել է։ Մի՞թե հնարավոր չէր այս ամբողջ ընթացքում մի հատ թուղթ բերել։ Սա դեռ որքա՞ն է շարունակվելու։ Կարո՞ղ է տարիներ տևել։ Ինձ ասում են՝ իբր մարզերից պետք է թղթեր գան՝ ապացուցելու համար, որ ես քաղաքացի չեմ։ Ասում եմ՝ այս հարցին լուծում տալու համար ընդամենը մի հարցում է պետք։ Մի հատ ընդամենը Կենտրոնական անձնագրային բաժին, Ներքին գործերի նախարարություն հարցում ուղարկեք ու իմացեք։ Ես ասել եմ, որ որևէ խնդիր չունեմ։ Հանգիստ կարող են դիմել այդ կառույցներին։ Ես պաշտոնապես ու ինքնակամ եկել եմ իմ ազգի ներկայացուցչի մոտ։ Իմ վրա ո՛չ սանկցիա կա, ոչ էլ այլ գործեր կան»,- ասաց նա։

Սերգեյ Կարապետանի խոսքով, այդուհանդերձ, անգամ մեծ աղաղակի դեպքում, ինքը ուշադրության չի արժանացել բերդում գտնվելու ժամանակ, երբ ալիևյան կլանը հատուկ վճարում էր բանտապահներին՝ իրեն կտտանքների ենթարկելու համար։

«Մի քանի անգամ թույնել են ինձ։ Դե մենք երկուսով էինք՝ ես ու Խաչատուր Հովհաննիսյանը։ Քանի որ ինքն ունեցել է հայկական անձնագիր, այս պահին արդեն իսկ Հայաստանում է։ Մեզ տարան տարբեր բերդեր, բունկերներ։ Այնտեղ մեզ ցմահ բանտարկության էին տանում։ Մեծ էլ գումարներ էին հատկացվում այդ թեմաների համար։ Դե, սնունդը մենք էինք պատրաստում։ Ես արդեն զգացի, որ մեջս ամբողջությամբ փրփրում է։ Դե, պատկերացրեք՝ սպազմաներ էին։ Տարան դրսի հիվանդանոց, այդ անգամ մի կերպ փրկեցին։ Հաջորդ անգամ ես արդեն միանգամից հասկացա, որ էլի նույն ձեռագիրն է։ Այդ անգամ արդեն ինքս ինձնով կարգի բերեցի վիճակս։ Բացի դրանից, փող է էլի, կոռուպցիա։ Որտեղ կոռուպցիան աշխատում է, բոլոր հարցերը լուծվում են»,- ասաց նա։

Այս պահին էլ մեր հայրենակիցն, իր խոսքով, ապրում է ծանոթ-բարեկամների տանը։ Դժվարությամբ ապրուստ է կարողանում վաստակել՝ սպասելով, որ իր խնդրին մի օր լուծում կտրվի ու կվերադառնա հայրենիք։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին