Ներքին 3 տարի առաջ - 15:28 01-03-2023

Շարժվում ենք Հայաստանը ժողովրդավարական արժեքների երկիր դարձնելու ուղիով. ՀՀ նախագահի մարտիմեկյան ուղերձը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ, որում նշված է.

«Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,
15 տարի առաջ՝ 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնում օրվա իշխանություններն ապօրինի կերպով բիրտ ուժ կիրառեցին խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի հետևանքով Հայաստանի 10 քաղաքացիներ սպանվեցին:

Այս ողբերգական իրադարձությունը, սակայն, մեկ օրվա կամ մեկ ամսվա զարգացումների հետևանք չէր, այլ տարիներ շարունակ մեր երկրում տեղի ունեցած ընտրակեղծիքների, քաղաքական սպանությունների ու քաղաքական հալածանքների մթնոլորտի, պետական համակարգերում քրեաօլիգարխիկ և հանցավոր բարքերի արմատավորման գագաթնակետն էր:

2008 թվականի մարտի 1-ին օրվա իշխանության իրականացրած վայրագությունը դուրս էր մարդկային ողբերգության չափումներից և շատ ավելի լայն ընդգրկում ուներ: Այդ օրն արձակված կրակոցներն ուղղված էին մեր քաղաքացիների ազատ կամքի, նրանց անքակտելի իրավունքների և ժողովրդավարության հիմնարար սկզբունքների դեմ:

Մարտի 1-ի հանցագործությունը լուռ վկայությունն էր այն բանի, որ օրվա իշխանությունը ձախողել է ազատ, ժողովրդավար, կենսունակ քաղաքական համակարգի ու պետական ինստիտուտների ստեղծման կարևորագույն և պատասխանատու գործը, որովհետև բիրտ ուժի վրա հենված իշխանությունը չի կարող լինել հավաքական հանրության իղձերի ու համազգային նպատակների արտահայտողն ու իրականացնողը:

Սիրելի հայրենակիցներ,
Մարտիմեկյան ողբերգությունից հետո անցած 15 տարիներ ընթացքում, մեր պետությունն առերեսվեց ծանր փորձությունների, բայց ի պատիվ մեր քաղաքացիների, 2018 թվականի ոչ բռնի հեղափոխությունը եկավ ցույց տալու, որ Հայաստանը անշեղորեն շարժվում է դեպի ժողովրդավարություն, որը հակոտնյա է բռնության որևէ դրսևորման:

Անգամ 2020 թվականին ծանր պատերազմին հաջորդած քաղաքական զարգացումներն ու ընտրություններն ապացուցեցին, որ մեր քաղաքացիների ազատ կամարտահայտությունը, ժողովրդավարական սկզբունքների գերակայությունը վիճարկման առարկա չեն կարող լինել:

Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,
Այսօր ոգեկոչելով մարտի մեկի անմեղ զոհերի հիշատակը մենք վերահաստատում ենք մեր կամքը՝ շարժվել Հայաստանն իրավունքի, ազատության և ժողովրդավարական արժեքների երկիր դարձնելու ուղիով, որտեղ բացառված կլինեն քաղաքացիների հանդեպ բռնությունն ու բռնության միջոցով հարցերի լուծումը»:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի, քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի հետ այսօր մասնակցել է Մարտի 1-ի զոհերի հուշարձանի բացման արարողությանը և ծաղիկներ խոնարհել զոհվածների հիշատակին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը