copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:22 01-03-2023

Բլոգերը որ տնից լինի, երդիկից ինչ ասես կհանեն

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը վերջին օրերին նորից ակտիվացել է՝ մեկը մյուսի ետևից ոչ միանշանակ ընդունվող գրառումներ է անում, լուսանկարներ հրապարակում։

Եվ մինչ ոմանք, իսկ իրականում թերևս հասարակության մի փոքր հատված, քննադատում էր վարչապետի և նրա կնոջ «հակաէսթետիկ և սարսափելի» լուսանկարները, նա երկրորդ գրառումը արեց՝ «էսթետիկ» լուսանկարներ հրապարակելով և ձեռքի հետ «շշպռելով» քննադատողներին, թե «մի երկու երկիր եղած, մի երկու գիրք կարդացած, մի երկու անգամ օպերա լսած, մի երկու ոստրե կերած միջին վիճակագրական հայ «ուսյալ-մտավորականը» ոչ միայն չի՛ սիրում, այլև ամաչո՛ւմ է միջին վիճակագրական հայ մարդուց, նրա տնից, նրա խանութից, նրա կերածից, նրա լսածից, առհասարակ Երևանի փոքր կենտրոնից դուրս գտնվող ամեն ինչից։ Դրա համար էլ այն, ինչ մենք բնորոշում ենք որպես հայրենիքի հանդեպ սեր, ընդամենը նվնվոց է․․․»։

Հակոբյանի թե առաջին, թե երկրորդ գրառումը մեծապես ընդունելի, ընկալելի է հասարակության մեծամասնության համար, եթե որևէ մեկը կասկածում է այս պնդմանը, կարող է ընդամենը հետևել գրառման մեկնաբանություններին, լայքերին, որտեղ մեծ մասը իրական մարդիկ են՝ մեզ երբեմն հայտնի ծանոթ-անծանոթներ։

Այնպես որ Հակոբյանի գրառումների մասով հանրային պարսավանքը չպետք է չափել ֆեյսբուքյան մի քանի հարյուր ընկերների արձագանքով, դա, ցավոք, որակ չէ։

Եթե Հակոբյանի էջի լայքերը, մեկնաբանությունները ապացույց չեն, խնդրեմ, կարող եք նայել մեր կայքում հրապարակված վոքս-փոփերը, որոնք արվում են Երևանի կենտրոնում, տարբեր վարչական շրջաններում, բայց ոչ երբեք համացանցից, լուրերից կտրված և միայն Հ1 նայող Վերին Հեռվաշենում։

Կարող եք նայել տարբեր վոքս-փոփեր և հասկանալ հասարակության վերաբերմունքը այս իշխանություններին։

Երրորդ տարբերակ՝ կարող եք մտնել որևէ վարսավիրանոց և «նեյտրալ» խոսակցություն բացել լուսանկարների մասին, ինչպես և մենք արեցինք։

«Շատ էլ լավ է անում, իբր ինչ կա քննադատելու, նորմալ, հասարակ մարդիկ են, պաշտոնը նրանց չի փոխել, բա պետք է դղյակներից ֆոտոներ հրապարակեր»,- ահա թե ինչ արձագանքներ կգտնեք այստեղ։

Այսքանից հետո իմաստ ունի՞ բացատրել որևէ մեկին, թե նախ՝ ինչու չի կարելի փողոցում ուտելով ման գալ, դա երեխաներին սովորեցնում են նախադպրոցական տարիքում։ Երկրորդ՝ արդյոք իմաստ ունի՞ մարդկանց բացատրել, որ եթե դու երկրի ղեկավար ես, ոչ բարով՝ ընտրյալ էլիտա, դու չես կարող հանրայնացնել այնպիսի կադրեր, որոնք երկրի և ժողովրդի հեղինակությանը կվնասեն։

Ով չի հավատում, կարող է բացել ադրբեջանական մամուլը և կարդալ գլխատառերը՝ «ինչպես ժողովուրդն է, այնպես էլ իշխանությունն է»։

Երրորդ՝ տարրական քթածակ է, մենք երբեք չենք հրապարակում այնպիսի լուսանկարներ, որտեղ գեշ ենք, խմած, քնած տեսք ունենք, այլայլված ենք, ուտում ենք ագահաբար կամ արդեն կերել ենք, չենք հրապարակում ոչ թե կեղծելով մեր էությունը, այլ պարզապես կարիք չկա այդքան հանրայնացնել կենցաղը, հասարակ լինելը կարելի է այլ կերպ ապացուցել, պարտադիր չի նման գռեհիկ ձևով ցուցադրել ձեր ժողովրդի ծոցից դուրս եկած լինելը։

Իսկ իրականում, հիասթափեցնող է ոչ թե Աննա Հակոբյանի երկու գրառումները և կից լուսանկարները, այլ այն, որ նրանց մեջ մեր հասարակությունը այդքան հարազատություն է տեսնում, այդքան մտերմություն, հոգատարություն, նմանություն․․․։

Մենք տապալել ենք ազգի կրթությունը և դաստիարակությունը վերջին 30 տարիներին և ահա քաղում ենք դրա պտուղները՝ ի դեմս տարրական անգրագիտության, զրո արժեհամակարգի և քաղաքավարության մշակույթի։