Երևան +12°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:18 28-02-2023

Եթե երբևէ որոշեք Կապրի կղզի գնալ...

«Կապրին սուրբ վայր է, և նպատակը ոչ թե այն տեսնելն է, այլ յուրահատուկ զգացմունքները ունենալը... »,- գրել է Ժան Պոլ-Սարտրը։

Հանրահայտ Կապրի կղզին Իտալիայի խորհրդանիշներից մեկն է։ Սա արթմնի երազ է՝ հագեցած վայրի, հրաշագեղ բնությամբ, զմրուխտե ծովով և անբացատրելի ու աննկարագրելի գեղեցիկ տեսարաններով։ Արտաքին այս գեղեցկության տակ թաքնված է պատմական հետաքրքիր պատմություններով լի մի շերտ։ Կապրի կղզում ապրել, ոգեշնչվել ու ստեղծագործել են բազմաթիվ նկարիչներ, գրողներ, դերասաններ, երաժիշտներ։ Այստեղ ապրել և ստեղծագործել են Իվան Բունինը, Ժան Կոկտոն, Սոմերսեթ Մոեմը, Մոդիլյանին, Օսկար Ուայլդը, Այվազովսկին և այլք։



Կապրի կղզին Տիրենյան ծովում է, Նեապոլի ծոցի հարավում: Ոչ այնքան մեծ, բայց շատ տպավորիչ այս դրախտային անկյունը կարելի է տեսնել մեկ-երկու օրում: Սակայն, եթե գումար շատ կա, ապա կարելի է այստեղ հանգստանալ անվերջ։ Կղզում հանգիստը կազմակերպելը թանկ հաճույք է: Մեր պատմությունը նրանց համար է, ովքեր ծրագրում են մեկ օր շրջել իտալական այս հրաշագեղ կզում:



Ինչպես հասնել կղզի

Կապրի կղզի հասնելու երկու տարբերակ կա. մեկը՝ Նեապոլից, մյուսը՝ Սորենտոյից: Ամռանը հնարավոր է նաև Ամլաֆիից, Պոզիտանոյից, Սալերնոյից, Իսկիայից:

Մենք նավ նստեցինք Սորենտոյի նավահանգստից, որտեղից կես ժամը մեկ նավերը մեկնում էին Կապրի և վերադառնում: Նավի տոմսն արժի 18-20 եվրո: Թեև երբեք խնդիր չի լինում, սակայն ցանկալի է միանգամից գնել նաև վերադարձի տոմսը նույնպես: Տոմսարկղից քիչ հեռու՝ երկհարկանի նավը 25 րոպե հետո մեզ հասցրեց Մարինա Գրանդե՝ Կապրի կղզու գլխավոր նավահանգիստը:



Ինչպես կողմնորոշվել կղզում

Կապրի կղզին պայմանականորեն բաժանված է երկու մասի: Արևելքից արևմուտք ձգված այս կղզին երկու գլխավոր քաղաք ունի: Արևելյան մասում՝ Կապրին է, արևմտյանում՝ Անակապրին: Արևելյան հատվածը ավելի փոքր է, քան արևմտյանը, բայց առաջինն ավելի խիտ է բնակեցված, քանի որ Անակապրիի հատվածում հիմնական տեղ է գրավում Սոլարո լեռը կամ, ինչպես իտալացիներն են ասում Մոնթե Սոլարոն, որը կղզու ամենաբարձր կետն է՝ 589 մետր:

Մարինա Գրանդե նավահանգստից Կապրի կամ Անակապրի գնալու համար տրանսպորտի երեք տեսակ կա՝ ավտոբուս, ճապանուղի և տաքսի: Բնականաբար հաճելի է ուղևորվել կաբրիոլետ տաքսիով, որը ֆիքսված գին ունի 25 եվրո: Ճոպանուղին և ավտոբուսն արժի 2 եվրո: Մենք նախընտրում ենք ավտոբուսը: Տոմսը պարտադիր պիտի գնել տոմսարկղում, որտեղ ինչպես միշտ հերթեր են:



Մեզ տեղափոխող փոքր ավտոբուսը հիշեցնում է իտալական նեորռեալիստական կինոն: Անկախ իր չափերից, այնուամենայնիվ տրանսպորտային այս միջոցը մեզ բարեհաջող հասցնում է Անակապրի քաղաք կամ ավանատիպ քաղաք:

Անակապրի

Ավտոբուսի մեջ և ավտոբուսից իջնելուց անընդհատ տարվում ես աներևակայելի գեղեցիկ տեսարաններով: Զմրուխտե ծովը, անսովոր ու գեղեցիկ ծառերը, գույնզգույն ծաղիկները, բազմերանգ խեցեգործական աշխատանները, հուշանվերները գլխապտույտ են առաջացնում։ Գլխապտույտը շարունակվում է Սոլարո կամ Մոնթե Սոլարո բարձրանալիս։ Ընդամենը 589 մետր բարձրությամբ այս լեռը անասելի տպավորիչ է հենց միայն այն պատճառով, որ անընդհատ քեզանից ներքև, գրեթե ոտքերիդ տակ տեսնում ես ծովը։



Այս լեռը բարձրանալ հնարավոր է ճոպանուղիով և ոտքով, վերջին տարբերակը բնականաբար ժամանակատար է և ոչ այնքան հեշտ, թեև լավ կառուցված ճանապարհ ունի։ Մենք ընտրում ենք ճոպանուղին, որի տոմսի միակողմանի արժեքը 8, իսկ երկկողմանին` 12 եվրո արժի։ 13 րոպե տևողությամբ այս երթուղին հրաշալի ու սուր զգացողություններ է պարգևում։ Վերևում սպասվում է կարելի է ասել` ոչինչ։ Դիտահրապարակ է, որտեղից տեսնում ես ծովը, Կապրի քաղաքը, նույնիսկ Սորենտոն։ Սակայն ամենադիտարժանն ու գեղեցիկը «Ֆարալիոնին» (faraglioni) է, որն իտալերեն նշանակում է «ծովային բարձր ժայռեր»: Կղզու հարավ-արևելյան մասում ծովից բարձրացող այս երեք տպավորիչ ժայռերը, որոնց բարձրությունը մոտ 100 մետր է, համարվում են Կապրիի գլխավոր խորհրդանիշը:



Մոնտե Սոլարոյում սրճարանում սուրճ խմելուց, տեսարաններով հիանալուց ու լուսանկարվելուց բացի ուրիշ ոչինչ չկա անելու։



Եվս 13 րոպե և ճոպանուղին մեզ հետ է բերում Անակապրի, որը կղզու հին քաղաքն է և տուրիստական առումով ավելի հանգիստ ու պակաս մարդաշատ։ Գեղեցիկ տներով շրջապատված նեղ փողոցներով մենք ոտքով իջնում ենք Կապրի քաղաք։

Կապրի

Կապրի տանող ճանապարհն ու տեսարաններն այնքան գեղեցիկ են, որ կարելի է անվերջ կանգնել ու նայել, բայց քանի որ մեր ժամանակը սուղ է մենք շտապում ենք Ումբերտո I հրապարակ, որին բոլորն ասում են պիացետտա, ինչն իտալերեն նշանակում է փոքրիկ հրապարակ։ Սա հենց Կապրիի կենտրոնն է, որի շուրջ պտտվում է կղզու ամբողջ կյանքը: Խիստ համեստ չափերով քառանկյուն այս տարածքը գրեթե ամբողջովին լցված է սրճարաններով: Ամառային երեկոները այստեղ ասեղ գցելու տեղ չի լինում։ Յուրաքանչյուրը փորձում է տեղ գտնել սրճարաններում ու վայելելով խմիչքը` շուրջը նայել։ Այստեղ կարող եք նույն սրճարանում տեսնել հասարակ մարդկանց հետ կողք-կողքի նստած հյուսիսային թագավորությունների արքայազներին ու արքայադուստրերին, աշխարհահռչակ դերասաններին ու հայտնի միլիոնատերերին։ Իզուր չէ, որ այս հրապարակը կոչում են «աշխարհի հյուրասենյակ»:



Այստեղ պարզապես անհնար է կանգ չառնել ու չվայելել իտալական էսպերսոն:

Այս աղմկոտ, մարդաշատ ու բոհեմական միջավայրից քայլելով դուրս ես գալիս ու նեղլիկ փողոցներով հայտնվում լուռ, հանդարտ մի իրականության մեջ, որտեղ գեղեցիկ մեկ-երկու հարականի շենք ու շինություններ են` շրջապատված նարնջի ու լիմոնի բազմաթիվ ծառերով։ Մի քիչ շրջելով նորից հայտնվում ես պյացետտայում, որտեղ քեզ առաջին դիմավորում է աշտարակը, որն իրականում եկեղեցու զանգակատունն է, թեև գտնվում է եկեղեցուց հեռու։ Գեղեցիկ լինելուց բացի, այս զանգակատունը 15 րոպեն մեկ իր զանգերով հիշեցնում է իր գոյության մասին։

Կայսրերի հանգստավայրը

Կապրի կղզում մ.թ.ա 29 դարում իրենց հանգիստն անցկացրել են Օգոստոս և Տիբերիոս կայսրերը։ Նրանք այստեղ կառուցել են 12 վիլլաներ, որոնք այսօր գործում են որպես զբոսաշրջային վայրեր։ Կայսրերից բացի հետագայում այստեղ շատ-շատերն են իրենց կալվածքները կառուցել, որոնք նույնպես բաց են այցելուների առջև։ Մեկօրյա այցի ընթացքում հնարավոր չէ լինել բոլոր այս վիլլաներում։ Քանի որ դրանք նաև իրար շատ նման կառույցներ են, ապա վիլլաներից մեկն էլ այցելելով պատկերացում ես կազմում նաև մյուսների մասին։



Մենք եղանք Սան-Միկելե վիլլայում, որը նախկինում պատկանել է շվեդ բժիշկ Ակսել Մունտեին։ Այս բժիշկն իր ողջ կյանքը նվիրել է իր կալվածքի այգու և տարածքի ձևավորմանն ու խնամքին։ Նա գրել է. «Սա տուն է, որը բաց է արևին, քամուն և ծովի ձայնին...»։ Վիլլան հարուստ է շատ տպավորիչ քանդակներով ու էկզոտիկ բուսականությամբ։ Մուտքն արժի 7 եվրո։ Ամռան ամենազբոսաշրջային սեզոնին այստեղ տեղի է ունենում «Համերգ` արևամուտին» երաժշտական փառատոնը։

Օգոստոս կայսեր այգին, Լենինն ու Մաքսիմ Գորկին

Օգոստոս կայսեր այգու մուտքն արժի 2 եվրո։ Այստեղ աներևակայելի գեղեցիկ բուսականության ու տպավորիչ քանդակների ներկայությամբ կարող ես անվերջ զբոսնել ու հիանալ։ Այս այգին մեզ` նախկին խորհրդային մանկություն ու պատանեկություն ունեցողներիս միանգամից ոգևորում է երկու անվան գոյությամբ։ Մարմարե մի քանդակ նվիրված է Լենինին, իսկ խճաքարե մի պատկեր ներկայացնում է գրող Մաքսիմ Գորկուն։



Նրանք, ովքեր սովորել են խորհրդային դպրոցում, ապա պատմության դասագրքից անպայման կհիշեն, թե ինչպես էր Գորկին նախորդ դարասկզբին հարմար տեղավորվել այս հիասքանչ կղզում ու չէր ուզում վերադառնալ իր անծայրածիր հայրենիքը: Լենինն էլ մի քանի անգամ այցելում է Կապրի՝ համոզելու գրողին, միանալ հեղափոխական շարժմանը: Այս կղզում և՛ Գորկին, և՛ Լենինը բավականին հայտնի ու ճանաչված անուններ են։ Այս այգուց բացի մի քանի վայրերում նույնպես հուշատախտակներ էլ կան. «Այս տանը ապրել է...» կամ «Այս շենքում Գորկին հանդիպել է Լենինին» մակագրություններով։ Իտալացիները կոնկրետ էքսկուրսիոն ծրագրեր ունեին Գորկու հետ կապված։



Որպես վերջաբան

Քանի որ մոտենում էր մեր վերադառնալու ժամը, մենք որոշեցինք նավահանգստում ճաշել, հետո նոր նավ նստել։ Իտալական յուրաքանչյուր վայր, քաղաք կամ գյուղ ունի իր խոհանոցը կամ իր ավանդական ճաշատեսակը։ Մենք ընտրեցինք ծովամթերքով պիցա և տիպիկ տեղական ռավիոլին։ Այս ռավիոլին մյուսներից տարբերվում է նրանով, որ խմորը պատրաստելու համար ալյուրն ու ջուրը օգտագործում են հավասարաչափ և դրանից խմորը շատ թեթև է ստացվում։ Բնականաբար կերակուրը լիարժեք ու համեղ է դառնում միջուկի` պարմեզան ու կաչոտա պանիր և սոուսի` պոմիդոր ու բազիլիկա, շնորհիվ։ Ճաշի տրամաբանական շարունակությունը շոկոլադով և նուշով «Կապրեզե» տորթն է` էսպերոսյով կամ լիմոնչելոյով։ Ասեմ, որ նմանատիպ ճաշը այնքան էլ մատչելի հաճույք չէ այստեղ։ Առհասարակ այս կղզում մատչելի ոչինչ չկար, ամեն ինչ թանկ էր... բայց թանկ էին նաև պատճառած հաճելի պահերը, տպավորություններն ու հիշողությունները։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ