Երևան +14°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:04 25-02-2023

Ստացվում է, որ Հայաստանը տարածաշրջան է բերում Ռուսաստանին թշնամի երկրների դիտորդների

Օրեր առաջ Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայացած անվտանգության համաժողովին մասնակցելուց հետո այս անգամ էլ, Գերմանիա է մեկնում, հավանաբար, պաշտոնական այցով՝ Գերմանական կողմի պաշտոնական հրավերով։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

«Ես, ընդհանրապես, այս իրողությունները որակում եմ որպես արտաքին քաղաքական վեկտորի որոշակի տեղաշարժ՝ Ռուսաստանից դեպի Արևմուտք։ Ամենայն հավանականությամբ, այն աջակցությունը, որը ՀՀ կառավարությունը ռուսական կողմից ակնկալում էր հայ- ադրբեջանական հակամարտության լուծման կամ Լաչինի միջանցքի բացման հարցում, ինչ-որ մի տեղ, չարդարացան։ Եվ հիմա ի՞նչ է ստացվել։ Արևմտյան երկրների դիվանագիտությունը շատ ուշադիր հետևում է Հայաստան- Ռուսատան, Հայաստան- Ադրբեջան նաև եռակողմ հարաբերությունների գործընթացին։ Եվ, փաստացիորեն, օգտագործելով ստեղծված դժվարությունները, արևմտյան դիվանագիտությունը շատ հաջողությամբ կարողանում է Հայաստանին սանտիմետր առ սանտիմետր քաշել դեպի արևմտյան կողմնորոշում»,- ասաց նա։

Թե որքանով այս տեղաշարժը կարդարացվի, փորձագետն առայժմ հստակ պատասխանել չկարողացավ։ Սակայն, իր գնահատմամբ, Ռուսաստանն այժմ այնպես է զբաղված ռուս- ուկրաինական պատերազմի մեջ, որ ուժ և ռեսուրս չունի կանխելու այդ տեղաշարժը։
«Սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին։ Հետխորհրդային ամբողջ տարածքում արևմտյան դիվանագիտությունը շատ հաջողությամբ առայժմ կարողանում է մետր առ մետր կրճատել ռուսական ազդեցության գոտիները։ Ինչպես տեսնում ենք, դա շատ սրընթաց տեղի է ունենում Մոլդովայում։ Ուկրաինան արդեն բոլորը գիտեն, Հարավկովկասյան տարածաշրջանում Վրաստանը, հանրահայտ իրողություն է, որ արդեն իսկ ընտրել է արևմտյան ուղղությունը։ Ռուսաստանի միակ դաշնակիցը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում մնում է Հայաստանը։ Եթե Հայաստանին էլ քաշեն իրենց կողմը, ապա շատ արագ կերպով կկարողանան Թուրքիայի միջոցով ազդել նաև Ադրբեջանի վրա, որովետև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է»,- ասաց փորձագետը։

Քեռյանն, այդուհանդերձ, չբացառեց այս տեղաշարժերի արդյունքում թե՛ դրական, թե՛ բացասական շրջադարձերի հավանականությունը։
«Աստված տա՝ ունենանք առավել կայուն անվտանգություն, բայց հնարավոր է, որ առավել բարդ անվտանգային միջավայր ստեղծվի և Ադրբեջանին հաջողվի դատարկել Ղարաբաղը։ Այս կամ- կամ-ը 50-50 հավանականությամբ հնարավոր է և հստակ չէ, թե որ կողմ թեքվելն առավել մեծ անվտանգային միջավայր կապահովի Հայաստանի համար։ Բայց, դեպի արևմուտք թեքվելու առումով ռիսկերը շատ մեծ են, որովհետև ռուսական զորքերն են Ղարաբաղում, որոնց հեռանալուց հետո Ալիևը հաստատ, 15 րոպեում կգրավի Ստեփանակերտը, միաժամանակ, ռուսական ուժերն են, որ պահում են հայ- թուրքական սահմանը։ Նրանց հեռանալուց հետո մենք կունենանք անկայուն սահման՝ հարավարևմտյան ճակատում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ԵՄ դիտորդական առաքելությանը՝ Քեռյանի խոսքով, այն թեև որոշակի զսպող օղակ կարող է դառնալ Ադրբեջանի համար։ Սակայն, ներկայում Արցախի հայկականության պահպանման ու հայ- ադրբեջանական սահմանագծի սահմանագծման կարևորագույն խնդիրների ֆոնին առանձնապես մեծ փոփոխություն ակնկալելն արդարացված չէ։
«Այդ առաքելությունը ռազմական, խաղաղապահ չէ։ Հենց բառն ինքնին հուշում է, որ իրենք պարզապես որպես դիտորդ պետք է հետևեն իրադարձությունների ընթացքին և Եվրոպական բարձրագույն մարմիններին ճիշտ տեղեկություն տան տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Այսինքն, այստեղ նրանց գործառույթն իրավիճակը ֆիքսելն ու տեղեկատվությամբ ապահովելն է։ Իհարկե, չեմ ժխտում, որ նրանց ներկայությունը ինչ-որ չափով կզսպի Ալիևին, բայց նրանք տեղակայված են հայ- ադրբեջանական սահմանին, իսկ Ադրբեջանի և Ղարաբաղի շփման գծում ոչ մի դիտորդ չկա։ Այնտեղ ռուսական զորքերն են։ Հիմա, եթե ռուսական ուժերը հեռանան ու Ալիևը գրավի Ղարաբաղը, ապա դա Ադրբեջանի միջազգային սուբյեկտայնության առումով պետք է դիտվի որպես իր սեփական տարածք և դիտորդներն այնտեղ անելիք չեն ունենա»,- ասաց նա։

Այդուհանդերձ, քաղաքագետն ուշադրություն հրավիրեց փաստին, որ չնայած առաքելության զսպիչ ազդեցությանը, նրանց տեղակայման ընթացքում ադրբեջանական կողմը սադրանքներն սկսեց արցախա-ադրբեջանական սահմանին ու Ռուբեն Վարդանյանի դեմ։
«Ռուսական կողմն, իհարկե, միանշանակ խիստ բացասական է արտահայտվում (ԵՄ առաքելության տեղակայմանը- խմբ․), որովհետև այստեղ խոսքը չի գնում չեզոք կողմի ներկայության մասին։ Օրինակ, եթե մինչև ուկրաինական պատերազմը Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը Մինսկի խմբի նույն ձևաչափում էին, հիմա Ֆրանսիան և ԱՄՆ-ը Ռուսատսանի դեմ դե- ֆակտո պտերազմի մեջ են գտնվում։ Այստեղից կարելի է հասկանալ, թե ռուսական կողմը որքան բացասական է գնահատում։ Ստացվում է, որ Հայաստանը տարածաշրջան է բերում Ռուսաստանի թշնամի և այդ երկրի դեմ պատերազմող երկրների դիտորդների։ այստեղ, տարակուսելի իրավիճակն, իհարկե, այն է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է։ Սա արդեն իսկկարող է ցույց տալ, թե այն ինչպիսի բացասական ազդեցություն կարող են ունենալ հայ- ռուսական հարաբերությունների վրա։ Նկատենք, որ այս սրացումից կարող է օգտվել նաև Ադրբեջանը»,- ասաց նա։

Քաղաքագետն անդրադարձավ նաև ՀՀ իշխանությունների պնդմանը, թե այս իրավիճակն ստեղծվել է ռուսական կողմի թույլ տված սխալների հետևանքով։
«Դե, Հայաստանի իշխանությունները մի բան կարող են ասել, Ռուսաստանի կառավարող շրջանները մեկ այլ ձևով կարող են մեկնաբանել։ Ռուսաստանն ունի իր ազգային ու պետական շահերը։ Ռուսաստանի գլխավոր խնդիրը հիմա ուկրաինական ճակատն է։ Ղարաբաղյան խնդիրն իրենց մոտ առաջնային չէ։ Միջազգային քաղաքականության մեջ շատ դժվար է ճիշտ և արդար գաղափարների հետևից գնալ։ Որ պետությանն ինչ ձեռնտու է, այդ առումով էլ մեկնաբանում են»,- եզրափակեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
23:38 Ավտոմեքենաները «լողում են» Գյումրու փողոցներում
12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
10:00 ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
09:52 ՊՆ-ից վստահեցնում են՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի ուղղությամբ կրակ չի բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից