Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:36 28-02-2023

Ճիշտ կլինի, եթե ՀՀ-ն նոր համաձայնագրեր ստորագրի ՌԴ ոչ թշնամի երկրների հետ

Վերջին շրջանում մեր տարածաշրջանում և ոչ միայն, բավականին լուրջ փոփոխություններ ու փոխակերպություններ են նկատվում։ Իսկ տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններն ունեն աշխարհաքաղաքական բնույթ։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային երկրների ղեկավարների միջև վերջին շրջանում ակտիվացած փոխայցերին ու միմյանց հետևող հեռախոսազրույցներին։

«Դրանք հաճախ նաև պարտադրված են միջազգային այլ խաղացողերի կողմից։ Երեկվանից արդեն Լավրովը գտնվում է Բաքվում։ Մեզ համար գոյություն ունի բավականին հետաքրքիր ու կարևոր դետալներ կան, որոնք, ըստ էության, նաև մեսիջ են՝ ուղղված հատկապես մեզ։ Խոսքը վերաբերում է նրան, որ այսօր Լավրովը Բաքվում, այսպես ասած, նրանց զոհերի հիշատակի համար պսակ է դրել և այլն։ Անկեղծ ասած, ես չեմ հիշում, որ Լավրովը 2020 թվականից հետո այցելած լինի Եռաբլուր»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի, հենց միայն այս դրվագն արդեն իսկ մեզ համար բավականին վտանգավոր ենթատեքստ է պարունակում։

«Այստեղ խնդիրն այն է, որ փաստորեն, Ռուսաստանը համարելով, որ Հայաստանը կատարել է իր աշխարհաքաղաքական ընտրությունը՝ ցույց է տալիս, որ ինքը նույնպես կատարել է կամ առնվազն պատրաստվում է կատարել իր ընտրությունը՝ ռեգիոնալ քաղաքականության մեջ։ Նաև բազմաթիվ այլ օբյեկտիվ պատճատներ կան, թե ինչու է Ռուսաստանի դաշնությունը հիմա պետք է իր հարաբերությունները սերտացնի Ադրբեջանի հետ»,- ասաց նա։

Սա, ըստ քաղաքագետի, առավելապես վերաբերում է ընդհանուր քաղաքականությանը։ Պողոսյանի խոսքով, սա մեզ բավականին մեծ վնաս կարող է հասցնել նաև ազգային ու պետական շահերի տեսանկյունից։

«Սա մեզ համար ստեղծում է բավականին վտանգավոր միջավայր, որտեղ մենք ստիպված ենք լինելու դիմակայել, ըստ էության նաև նոր մարտահրավերներ, որոնք նախկինում չկային։ Դրանք նաև այս դեպքում հիմնված հիմնված են լինելու տարածաշրջանում ձևավորվող նոր ուժային կենտրոնների հետ։ Նոր ուժային կենտրոն ասելով նկատի ունեմ հատկապես Ռուսաստանի և Ադրբեջան- Թուրքիա հնարավոր աշխարհաքաղաքական գործակցության տարբերակը, որը մեզ համար կարող է շատ վնասաբեր լինել»,- ասաց նա։

Մյուս կողմից, ըստ քաղաքագետի, հետաքրքրություններն ունի նաև տարածաշրջանում մյուս խոշոր խաղացող Իրանը։

«Վերջին շրջանում նկատվում են նաև ռուս-իրանական հարաբերությունների բավական սերտացում։ Միևնույն ժամանակ, նկատվում է Հայաստանի ու Իրանի միջև հարաբերությունների որոշակի սերտացում, որը նախկինում, ցավալիորեն, չկար՝ հատկապես մեր իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում։ Սակայն, Իրանի Իսլամական Հանրապետույթունը, որպես տարածաշրջանային գերտերություն, իր հերթին ունի իր խնդիրները, որոնք, անկախ ամեն ինչից, սպասարկելու է։ Եվ գուցե, հաճախ ՀՀ-ին ինքը դրդի, որոշակի գործակցություն, որը կենսական է և՛ Իրանի, և՛ ՀՀ համար»,- ասաց նա։

Անդրադառնալով ավելի վաղ հայտարարված, սակայն, մինչև օրս չիրագործած տարածաշրջանային 3+3 ձևաչափին, քաղաքագետն ասաց․

«Սակայն, վերջին շրջանում նաև խոսակցություններն ակտիվորեն սկսել են շրջանառվել այն մասին, որ հնարավոր է նոր 3+3 ձևաչափի վերագործարկում։ Թե որքանով սա կլինի արգասաբեր՝ դժվար է ասել՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանային պետությունների միջև եղա հակասությունները։ Տարածաշրջանային պետություն ասելով նկատի ունեմ հատկապես ռեգիոնալ խաղացողներին՝ Ռուսաստանին, Թուրքիային և Իրանին»,-ասաց նա։

Քաղաքագետը լարված է համարում նաև Իրան-Թուրքիա հարաբերությունները։

«Կան որոշակի հակասություններ, որոնք չեն կարող չանդրադառնալ տարածաշրջանային քաղաքականության վրա։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանն իր հերթին ունի լավ հարաբերություններ և՛ Իրանի և՛ Թուրքիայի հետ։ Վերջին շրջանում նկատվում էր նաև ռուս-թուրքական հարաբերությունների որոշակի սերտացում, որը հատկապես կապված է Թուրքիայում նավթամթերքի կուտակման հետ կապված նոր կենտրոնի ստեղծման հետ, որտեղ նաև տեղի է ունենալու գնագոյացում։ Ռուսաստանը սա իր համար դիտարկում է որպես Թուրքիայի միջոցով էներգոռեսուրսների՝ դեպի աշխարհ արտահանելու հնարավորություն»,- ասաց նա։

Մյուս կողմից, ըստ քաղաքագետի, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել Թուրքմենստանից մինչև Ադրբեջանի տարածք գազամուղի կառուցման և բնական գազն Ադրբեջանի միջոցով դեպի Եվրոպա արտահանելու համար։

«Դրան դեմ է ռուսական կողմը։ Հենց այս համապատկերում ռուսական գազպրոմի ղեկավարը հանդիպում է ունենալու Իրանի իր պաշտոնակցի հետ։ Այսինքն, տարածաշրջանում բվականին լուրջ տեղաշարժեր են նկատվում, որոնք ունեն ինչպես տնտեսական, այնպես էլ կոմունիկացիոն բավականին լուրջ խորքեր»,- ասաց նա։

Այս համատեքստում, ըստ քաղաքագետի, Հայաստանը շատ դանդաղ ու փոքր քայլերով է փորձում շարժվել։

«Այս ֆոնին, ցավոք սրտի, ՀՀ-ն փորձում է առնվազն օրվա համար ինչ-որ բաների հասնել։ Ընդ որում, փորձ է անում տարածաշրջանային խնդիրների մեջ ներգրավել նաև Արևմուտքին, որին խանդով է վերաբերվում Ռուսաստանը։ Նրանք Արևմուտքին դիտարկում են բացառապես որպես իրենց շահերի գոտի ներխուժում՝ Արևմուտքի կողմից։ Իսկ Արևմուտքն իր հերթին խաղալով այս կողմերի միջև եղած իրավիճակի ֆոնին կարողանում է ամրապնդվել տարածաշրջանում»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի, սրանք բերելու են որոշակի լարման, որոնք արդեն իսկ սկսել են նկատվել։

«Թե այդ լարմանը հետևած մարտահրավերներին որքանով կկարողանանք դիմակայել՝ բարդ է ասել՝ հատկապես հաշվի առնելով ՀՀ անվտանգային համակարգի վիճակը»,- ասաց նա։

Քաղաքագետն, այնուամենայնիվ, լավատես է։ Ասում է՝ չկա իրավիճակ, որից դուրս գալու ճանապարհ հնարավոր չլինի գտնել։

«Քաղաքականության մեջ երբեք չկան անհնարին վիճակներ։ Միշտ կարելի է գտնել նոր ելք ու նոր հնարավորություններ։ Ցանկացած ճգնաժամ իր հետ բերում է նոր հնարավորություններ։ Հիմա ստեղծվել է, այսպես ասած, դիվանագիտական որոշակի ճգնաժամ՝ հատկապես արևելքի հետ հարաբերություններում։ Արևելք ասելով, նկատի ունեմ նաև ՌԴ-ին։ ՀՀ իշխանությունները ներկայացնում են, որ ԵՄ կողմից Հայաստան այցելած քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայացուցիչները որևէ այլ դերակատարում չունեն և աշխարհաքաղաքական որևէ ենթատեքստ չկա։ Կարծում եմ, որ ՀՀ-ն պետք է առնվազն կատարի քայլեր, որոնք ինքնին կխոսեն այն մասին, որ Հայաստանն այս պահին չունի վերջնականորեն կայացրած աշխարհաքաղաքական ընտրություն»,- ասաց նա։

Բացի այդ, քաղաքագետի խոսքով, Հայաստանը պետք է ամեն քայլ կատարի հնարավորինս կշռադատված։

«ՀՀ ամբողջ կոմունիկացիոն ու տնտեսական համակարգը մեծ հաշվով կախված է ՌԴ-ից։ րանք հավելյալ գործիքներ են Ռուսաստանի ձեռքում, որոնց կիրառման պարագայում մեզ համար պետական ամբողջ ապարատն ու պետությունը կարող է կաթվածահար լինել»,- ասաց նա։

Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ այս դեպքում, Հայաստանի կողմից ճիշտ քայլ կլինի նոր համաձայնագրերի ստորագրման քայլեր իրականացնել Ռուսաստանի համար ոչ թշնամի, հաճախ նաև բարեկամ երկրների հետ։

«Այդպիսով հնարավոր կլինի գալ որոշակի բալանսավորման։ Այս դեպքում Հայաստանն պետք է զարգացնի առնվազն երկու աշխարհաքաղաքական գիծ, որոնք նաև Ռուսաստանի կողմից կողմից կարող են համեմատաբար մեղմ ընկալվել։ Խոսքը Հայաստան- Իրան- Չինաստան և Հայաստան- Իրան- Հնդկաստան գծերի մասին է, որոնց ձևավորման ու զարգացման պարագայում Հայաստանը կկարողանա իր շուրջ ստեղծել և՛ բավականին բարենպաստ աշխարհաքաղաքական, անվտանգային միջավայր և՛ կկարողանա դիվերսիֆիկացնել իր անվտանգային համակարգը, միևնույն ժամանակ ընդհանուր սահման ունենալով ապա ռազմավարական դաշնակիցների հետ։ Բնականաբար, այսպիսով նաև բացահայտորեն չթշնամացնելով ՌԴ հետ։ Թե սա ՀՀ դիվանագիտության ներկայացուցիչները որքանով կկարսղանան իրագործել՝ կդժվարանամ ասել։ Բայց սա բավականին կարևոր և իմ նշած ետությունների կողմից պահանջված վեկտոր կարող է լինել»,- ասաց նա։