Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:08 24-02-2023

Բերձորի միջանցքը ժամանակավոր բացելու դեպքում էլ Ադրբեջանը դա կանի այլ պատճառաբանությամբ

«Ադրբեջանը միջազգային դատարանների որոշումները չկատարելու մեծ «փորձ» ունի։ Մասնավորապես, դա նկատել ենք ՄԻԵԴ-ի կայացրած տարբեր վճիռների շրջանակներում, երբ Ադրբեջանն ինչ-ինչ պատճառներ մեջբերելով փորձել է խուսափել այդ որոշումների կատարումից»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հաագայի դատարանի կայացրած որոշմանը՝ Ադրբեջանին պարտավորեցնել բացել Բերձորի միջանցքը։

«Բայց այս իրավիճակում տարբերությունն այն է, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումների կատարման մեխանիզմն, այսպես ասած, ավելի լավ է ապահովված, քան ՄԻԵԴ-ում։ ՄԱԿ-ի անդամակցող յուրաքանչյուր պետություն պարտավորություն է վերցրել կատարելու միջազգային դատարանի որոշումները։ Այդուհանդերձ, ենթադրվում է, որ Ադրբեջանն այս անգամ էլ փորձելու է, տարբեր պատճառներ մեջբերելով, առնվազն հետաձգել այդ որոշման իրականացումը։ Դե հասկանալի է, որ Արցախն անվերջ շրջափակված պահել չեն էլ կարող։ Ենթադրում եմ, որ իրենք կարող են շրջափակումը դադարեցնել ժամանակավորապես։ Սակայն որևէ երաշխիք չկա, որ հետագայում էլի, մեկ այլ պատճառաբանության իրենք նորից ինչ-որ ժամանակով չեն փակելու ճանապարհը»,- ասաց նա։

Փորձագետի գնահատմամբ՝ միջանցքը ժամանակավոր բացելու դեպքում էլ Ադրբեջանը միջազգային հանրության առաջ այլ պատճառաբանություններ կներկայացնի։

«Այդ հիմնավորությունների հարցը կախված է նաև Արցախի ներքաղաքական զարգացումներից, Հայաստանի հետ հարաբերություններից։ Այդուհանդերձ, այնպես են ցուցադրելու, ասես իրենք կատարում են ոչ թե միջազգային դատարանի որոշումն, այլ դա անում են այլ պատճառով։ Սա, իհարկե, արտաքուստ է լինելու։ Իրենց ներքին գործողություններում իրենք չեն կարող առհասարակ հաշվի չառնել միջազգային դատարանի որոշումը։ Բայց այստեղ կարևորն ավելի շատ այն է, որ դատարանի որոշմամբ հստակ է դառնում, որ հենց Ադրբեջանն է պատասխանատու Արցախի շրջափակման համար։ Որովհետև, հակառակ դեպքում, եթե դա հնարավոր չի լինում ապացուցել, ապա դատարանը հստակ կարող էր դրա վրա հղվել ու ասել, որ իրենք որևէ ապացույց չունեն, որ Ադրբեջանն է պատասխանատու»,- ասաց նա։

Ադրբեջանագետի գնահատմամբ, Հայաստանի դեմ ականների վերաբերյալ Ադրբեջանի հայցի մերժմամբ էլ ապացուցվեց նաև, որ ադրբեջանական քարոզչությունը կեղծ է։

«Դատարանը նշել է, որ բավարար ապացույց չի ներկայացվել, որ Հայաստանը կամ Արցախը ադրբեջանական ենթադրյալ վերադարձող բնակչության նկատմամբ ռասսայական խտրականությունից ելնելով, բնակավայրերում ականներ են տեղադրել»,- ասաց նա։

Այս համատեքստում, ըստ փորձագետի, որքան էլ այս որոշումները կարևոր են Հայաստանի համար, մեր երկրի դիվանագիտությունը պետք է կարողանա հավուր պատշաճի դրանք օգտագործել մեր օգտին։

«Դրա համար մենք պետք է բավարար պոտենցյալ ունենանք։ Բայց բավարար պոտենցյալը զարգացնելու պարագայում այս որոշումները դառնալու են շատ հզոր հիմք՝ միջազգային դաշտում մեր քայլերն առաջ տանելու համար։ Դրանք եղած իրողության անհերքելի ապացույցներ են»,- ասաց նա։

Ադրբեջանագետի գնահատմամբ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ միջազգային դատարանների վերջին որոշումները բացի իրավականից ունեն նաև քաղաքական նշանակություն։

«Դրանք հստակ ցույց են տալիս, թե Ադրբեջանն ինչպիսի ագրեսիվ քաղաքականություն է վարում Արցախի հայկական բնակչության նկատմամբ։ Հետևաբար, սա ինքն իրենով արդեն անհնարին է դարձնում Արցախի հայկական բնակչության՝ Ադրբեջանի իրավազորության տակ ապրելու ցանկացած տարբերակ ու հեռանկար։ Եվ, բնականաբար, սա ինքն իրենով արդեն իսկ գործիք է, որը մենք կարող ենք օգտագործել միջազգային դաշտում»,- ասաց նա։

Փորձագետի գնահատմամբ՝ այդուհանդերձ, միայն միջազգային գործիքների վրա հույս դնելով՝ խնդիրների լիարժեք լուծում ակնկալել չենք կարող։

«Բնականաբար, սա պետք է զուգորդվի Հայաստանի ունեցած ռազմական պոտենցիալի հետ։ Այդ բալանսը որքան շուտ վերականգնվի ու Հայաստանն ունենա բավարար ռազմական պոտեցյալ՝ առնվազն կանխելու Ադրբեջանի նոր ագրեսիվ քայլերը սադրանքներն ու լայնածավալ ագրեսիան։ Ինչքան շուտ այդ պոտենցիալն ունենա այնքան հեշտ կլինի օգտագործել արդեն այս միջազգային գործիքակազմով՝ մեզ ընձեռված գործիքերով»,- ասաց նա։

Այդ գործիքներն, ըստ մեր զրուցակցի, պարտադիր չէ կիրառել անմիջապես։ Դա կարող է օգտագործվել նաև ապագայում՝ հաշվի առնելով, որ այդ փաստարկները տասնամյակներ անց էլ շարունակելու են իրականության արտացոլանքը լինել։ Ինչ վերաբերում է միջազգային դատարանի որոշմանն ադրբեջանական արձագանքին․փորձագետի գնահատմամբ, այդ առումով հստակ տեղեկություն հայտնելը մի փոքր բարդ է՝ հաշվի առնելով, որ դրանց մեծ մասը կոծկվում է իշխանության քարոզչամեքենաների կողմից։

«Բայց, բնականաբար, դժգոհություն կա ու դա դժվար է լիարժեքորեն թաքցնել։ Այս ամենից ելնելով իշխանական մամուլը փորձում է ցույց տալ, թե դա իրենց համար խնդիր չէ, որ սա առհասարակ Ադրբեջանի պարտություն չի նշանակում։ Նրանք նաև այսպիսի նարատիվ ունեն, թե Եվրոպայում շատ ուժեր սատարում են հայերին, բայց միևնույնն է մենք մեր հաջողությունները զարգացնում ենք ու որևէ բան մե չի խանգարում»,- ասաց նա։

Ձեզ գուցե հետաքրքրի