Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 14:39 21-03-2023

Բերձորի միջանցքը կարող է կարճատև բացվել Ադրբեջանի նպատակների իրագործման կամ առնվազն խոստումների դեպքում

Դիտելով Միրզոյանի և Լավրովի հայտարարությունները և էմոցիաները՝ արձանագրենք, որ երկուսն էլ անկեղծ չէին։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարած այցի շրջանակնելում երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների համատեղ ասուլիսին։

«Հաջորդը, որ շատ կարևոր էր, վերաբերում էր Արցախի ապագա կարգավիճակին։ Մասնավորապես, ես տեսա, որ մեզ մոտ բավականին բուռն քննարկման առարկա դարձավ Լավրովի արտահայտությունն այն մասով, որ իրենք հնարավոր են համարում և ընդունում են ՀՀ տեսակետն այն մասով, որ պետք է պաշտպանվեն Արցախի ժողովրդի իրավունքները և պայքարը պետք է իրացվի իրավունքների տեսանկյունից»,- ասաց նա։

Քաղաքագետն անդրադարձավ նաև Լավրովի հետաքրքրական համեմատությանը՝ Մինսկի համաձայնություններով՝ Արևելյան Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի նախկին կարգավիճակների մասով։

«Նա օրինակ բերեց Կրիշտինայի և Սերբիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները՝ սերբական համայնքի՝ Կոսովոյում ունեցած կարգավիճակի մասով»,- ասաց նա։

Այսպիսով, ռուսական կողմն արձանագրեց, որ ռուսական ֆորմատն, ըստ էության, պատրաստ է շարժվել ՀՀ կողմից առաջարկված բանաձևով։ «Հիշում ենք, որ նախկինում խոսակցությունն այն մասին, որ կարգավիճակի հարց, այսինքն կար կարգավիճակի խնդիր, թողնվում է ապագային։ Այս պարագայում ՌԴ արտգործնախարարության ղեկավարը հայտարարում է, որ պատրաստ են պաշտպանել ՀՀ դիրքորոշումը՝ այն մասով, որ պաշտպանվեն ԼՂ ժողովրդի իրավունքները։ Նա նաև մեջբերեց նախադեպեր՝ Դոնեցկի և Լուգանսկի՝ 10 տարի առաջ ձեռք բերած պայմանավորվածությունները՝ մասնավորապես՝ էլեմենտար հումանիտար իրավունքներ, կրթություն, դպրոց, լեզու և որոշակի տեղական ինքնակառավարման հնարավորություն»,- ասաց նա։

Քաղաքագետն անդրադառնում է նաև այս ֆոնին Լավրովի հնչեցրած մեկ այլ հատարարությանը։ «Ասում է՝ եթե նրանք ունենային բարոյականություն, ապա ձեռք բերված այդ պայմանավորվածությունները կկատարվեին։ Շեշտում է՝ եթե կողմերն ունենան պատասխանատվություն և բարոյականություն։ Կրկին բերում է օրինակը, որ այն դեպքում դա չեղավ՝ ակնարկելով, որ իրավունքների մասով գործընթացներն այս դեպքում ևս չեն լինելու։

Իհարե, նա այդ ամենը բառացի չի ասում, բայց, ակնհայտ է, որ Միրզոյանն էր իր խոսքում նշում, որ Ադրբեջանը որևէ կերպ չի կատարել իր պարտավորությունները, չունի այդ բարոյականությունը և իր սեփական որոշումները կատարելու պատրաստակամությունը։

Նա նաև, ըստ էության, ենթատեքստով հասկացնում էր, որ եթե Ադրբեջանը չի կատարում իր կողմից ընդունած պարտավորությունները, ապա ինչպե՞ս է կատարելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին տրվելիք իրավունքների իրացումը»,- ասաց նա։

Տեղի ունեցածն, ըստ քաղաքագետի, մեդիա դաշտում, ամենայն հավանականությամբ, կներկայացվի բավականին աղճատված ձևով։ Այս առումով, հայկական հանրությանը կոչ է անում նկատել ենթատեքստերն ու հետևություններ անել դրանցից։

«Ե՛վ հանրությունը, և՛ ՀՀ իշխանությունները պետք է հաշվի առնեն, որ այդ իրավունքները, որոնց մասին խոսում էր և որի անալոգներն իր խոսքում բերեց Լավրովը՝ գործնականում իրացվելի չեն, որովհետև Ադրբեջանն առնվազն այն պետությունը և հասարակությունը չէ, որը կկատարի իր տված խոստումները»,- ասաց նա։

Այս ամենի ֆոնին, Արա Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ և՛ ՀՀ-ն, և՛ ՌԴ-ն շարունակելու են մինչև օրս իրականացվող իրենց քաղաքականությունը։ Ինչ վերաբերում է Արցախին ու մասնավորապես Բերձորի միջանցքում շարունակվող իրավիճակին՝ Oragir.News-ի զրուցակիցը հայտնեց, որ խնդիրը ոչ միայն Ռուսաստանը, այլև Ադրբեջանն ու այդ երկրին հովանավորող երկրներ են։

«Իսկ Ադրբեջանը, ինչպես նախկինում բազմիցս առիթ ունեցել ենք խոսելու, դրանով իր ռազմավարական նշանակության հարցերն է փորձում լուծել։ Այդ իմաստով՝ պարզապես կողմերի հորդորով չէ, որ Ադրբեջանը բացելու է միջանցքը։ Կարծում եմ, որ Ադրբեջանը միջանցքը կբացի իր կողմից դրված խնդիրների՝ առնվազն մի մասի լուծման պարագայում, որն իր հանրությանը կմատուցի որպես հերթական հաղթանակ։

Եկեք՝ հիշենք, թե ինչ կատարվեց Ռուբեն Վարդանյանի հետ՝ իշխանազրկումից հետո։ Ինչպես էր դա ներկայացվում որպես ադրբեջանական ուժի հաղթանակ, հայերի սարսափ և այլն, և այլն․․․ Հիշենք նաև դրանից հետո հնչող այն խոսույթը, որը կիրառում էր Ադրբեջանը՝ այդ թվում նաև Արցախի իշխանությունների հետ հարաբերություններում»,- ասաց նա։

Այս ամենից հետո քաղաքագետը հայտարարում է, որ այս դեպքում մենք գործ ունենք հանցագործ ռեժիմի հետ, որն իր նպատակներին փորձում է հասնել ամեն՝ այդ թվում տասնյակ հազարավոր մարդկանց կյանքերի գնով։

«Այլ հարց է, եթե ՌԴ-ն կամ որևէ մեկ այլ կողմ որոշի Ադրբեջանի հետ խոսի սանկցիաների ու վերջնագրերի միջոցով։ Այդ պարագայում, հնարավոր է ողջամիտ արդյունքի սպասել։ Պարզապես հորդորներով չեմ կարծում, թե որևէ փոփոխություն լինի, չնայած, հորիզոնում նշմարվում է Փաշինյան-Ալիև նոր հանդիպում։

Ենթադելի է, որ այդ հանդիպմանն Ադրբեջանը այս անգամ ևս մաքսիմալիստական մոտեցմամբ է գալու և հայկական կողմից ակնկալելու է որոշակի զիջումներ։ Եվ այդ զիջումների, կամ առնվազն խոստման պարագայում է հնարավոր, թեկուզ կարճ ժամանակով բացվի Լաչինի միջանցքը»,- ասաց նա։

Այս համատեքստում, հայկական կողմն, ըստ քաղաքագետի, բազմաթիվ քայլեր ուներ կատարելու, որը, սակայն, ոչ միայն չեն կատարվել ու կատարվում, այլև նույնիսկ չկատարման իմիտացիան հաճախ շատ ավելի վատ դրության մեջ է դնում ՀՀ-ին։

«Դրա բացատրությունն այն է, որ այդ ամենը կատարվում է ոչ կոմպետենտ գործողությունների ու անձանց միջոցով։ Դա է պատճառը, որ ունենք այն, ինչ ունենք»,- ասաց նա։

Ձեզ գուցե հետաքրքրի