copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:46 23-02-2023

Զինծառայողների արձակուրդայինները չտրամադրելու փաստը կոծկվում է Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Էդգար Հովհաննիսյան

ՀՀ զինծառայողների արձակուրդային վճարումները չեն կատարվում դեռևս 2005 թվականից։ Oragir.News-ին այս մասին ահազանգեց ՀՀ զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ մասին իմացել է ոլորտում ծառայող անձանցից։

Իր խոսքով՝ Քրեակատարողական ծառայությունում ևս դադարել են վճարել արձակուրդայինները՝ սկսած 2015 թվականից։

«Այդ իրավախախտումը բացահայտել եմ ես՝ ժամանակին ծառայելով ՀՀ Քրեակատարողական ծառայությունում։ Խնդիրը հայտնաբերել եմ 2015 թվականին։ 2005-2015 թվականներին այնտեղ արձակուրդային վճարումները տրամադրվել են՝ համաձայն օրենքի։ 2015 թվականից ի վեր դրանք սկսել են չտրամադրվել։ Այդ հարցն այն ժամանակ բարձրաձայնել եմ վերադասության կարգով, դիմել եմ ֆինանսական ստորաբաժանմանը։ Բնականաբար, դրանից հետո էլ որևէ արձակուրդային վճարում չի տրամադրվել։ Ավելի ուշ ինձ արձակուրդի ժամանակ, ապօրինի ձևով ազատել են աշխատանքից, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության ժամանակ, այսպես ասած, կրճատվել եմ։ Այդ ժամանակ ես Քրեակատարողական ծառայության Պաշտպանության ապահովման գլխավոր բաժնի մասնագետ էի։ Ազատումից հետո կադրերի ռեզերվում ինձ որևէ այլ աշխատանք չի առաջարկվել։ Այնտեղ էլ ինձ գրանցել են օրենքի խախտմամբ և ժամանակը լրանալուց հետո ինձ առհասարակ ազատել են ծառայությունից»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը հայտնեց, որ խնդրի մասին դեռևս 2018 թվականին արձանագրել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը՝ հայտարարելով, որ զինծառայողներին ու նրանց հավասարեցված անձանց արձակուրդային վճարումները սխալ են հաշվվում։

«2021 թվականին արդեն Հանրային խորհուրդն է արձանագրել՝ Կառավարությանն առաջարկելով վերանայել մոտեցումը՝ զինծառայողների նկատմամբ։ Ինչպես նաև, մեր նախաձեռնությամբ, տարբեր լրատվամիջոցներով մեր նախաձեռնությունն ու նաև անձամբ ես բարձրացնում էինք այդ խնդիրը։ Սակայն օրվա իշխանությունը պարբերաբար քննադատելով նախկիններին՝ իրենց առօրյա մոտեցումով գերազանցել են նրանց։ Եվ ըստ այդմ՝ կոծկում են զինծառայողների թալանը»,- ասաց նա։

Էդգար Հովհաննիսյանը հատուկ ուշադրություն հրավիրեց փաստին, որ դեռևս 2022 թվականին խնդրին անդրադարձել էր նաև Նիկոլ Փաշինյանը։

«Օնլայն ասուլիսի ժամանակ այդ հարցն իրեն ուղղեցին։ Վարչապետն ընդունեց, որ առկա է այդպիսի խնդիր։ Չկարողացավ պարզաբանում ներկայացնել՝ արդյոք դա համակարգային կոռուպցիոն երևույթ է, թե չէ։ Ընդ որում, շեշտադրեց, որ բավականին մեծ ծավալով հայցեր են ներկայացվում դատական ատյան»,- ասաց նա։

Այս ֆոնին, Հովհաննիսյանի խոսքով, ԱԱԾ-ն և Պետական վերահսկողական ծառայությունը քայլեր չեն ձեռնարկում այդ ուղղությամբ։

«Դրա հետևանքով պետությունը բավականին մեծ վնաս է կրում։ Միջին հաշվարկներով՝ մոտ 200-800 մլն դոլարի սահմաններում, քանի որ միայն մեր նախաձեռնությունը, որի շրջանակում 50-60 հոգի դիմել է դատական ատյաններին, միջին հաշվարկով՝ հայտ-պահանջի արժեքը կազմում է 1 մլն դոլարին համարժեք դրամ։ Տվյալ պարագայում, իշխանությունը փոխանակ փորձի հարցին լուծում տալ, պարզի՝ ով է յուրացրել կամ հափշտակել այդ գումարները, միջոցներ ձեռնարկի զինծառայողներին իրենց հասանելիքը տրամադրելու ուղղությամբ՝ նախընտրում է ստանալ պարգևավճարներ և շարունակել այն, ինչ տեղի է ունեցել նախկինում։ Ընդ որում, եթե նախկինում դա իրականացվում էր մի քանի հոգու հանցավոր համաձայնությամբ, ապա տվյալ պարագայում, տարբեր շրջանակներ, ընդհուպ մինչև վարչապետն արձանագրել են առկա խնդիրը, լուծում չեն տալիս։ Դրա հետևանքով ծանրաբեռվում է դատական համակարգը, ավելանում են հարկատուների պարտավորությունները՝ դատական ու փաստաբանական ծախսերի, ինչպես նաև օրենքով սահմանված տուժանքների տեսքով։ Փոխանակ հարցին լուծում տան, նույն Պետական վերահսկողական ծառայությունն իրենց վերջին պատասխանում մատնանշում է, որ վերջին ստուգման արդյունքներով ՀՀ ՊՆ զինծառայողների աշխատանքային իրավունքների խախտման կամ խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ։ Նրանք նաև հայտնել էին, որ իրենց գործունեությունն իրականացնում են՝ համաձայն վերահսկողական ծառայության պետի հանձնարարագրի, որը համաձայնեցված է վարչապետի հետ։ Չնայած այն ամբողջ տեղեկությանը, որ ես հայտնել եմ, նրանք մատը մատին չեն տվել՝ խնդիրը լուծելու, մեղավորներին հայտնաբերելու և զինծառայողների իրավունքները վերականգնելու ուղղությամբ»,- ասաց նա։

Էդգար Հովհաննիսյանն Oragir.News-ին հայտնեց, որ դեռևս 2017 թվականին Քրեակատարողական ծառայությանն ուղղված ուղղված հարցմանն ի պատասխան, ծառայությունը հղում էր կատարել 2000 թվականի կառավարության որոշմանը։

«Իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսում սովորողի համար էլ ակնհայտ է, որ Աշխատանքային օրենսգիրքն ավելի բարցր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտ է, քան կառավարության որոշումը, այն էլ 2000 թվականի»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը տեսակետ հայտնեց, որ պահեստային զինծառայողներին չտրամադրված արձակուրդային գումարները կարող են յուրացված լինել։

«Դրա քրեաիրավական գնահատականը կարող է տալ նախական քննչական գործողություն իրականացնող մարմինը և հետագայում արդեն դատարանը։ Բայց մինչև այդ պետք է իրականացվեն քննչական միջոցառումներ»,- ասաց նա։

ՀՀ զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանի խոսքով՝ հասանելիք գումարը պետք է տրամադրվի նաև մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների իրավահաջորդներին։

«Մեր իշխանությունը, սակայն, ես ոնց հասկանում եմ, նախընտրել է շահառուներին պակասեցնելու քաղաքական ծրագիրը։ Տպավորություն է ստեղծվում է, որ գործում է սկզբունքը՝ есть человек, есть проблема, нет человека, нет проблемы (մարդ կա՝ խնդիր կա, մարդ չկա՝ խնդիր չկա)։ Ավելին, ՊՎԾ պատասխանից ակնհայտ է, որ իրենք փաստում են, որ այդ խնդիրն անմիջապես կապված է վարչապետի որոշումից։ Տվյալ պարագայում, եթե իրենց խնդիր չեն արձանագրում և մատնանշում են, որ իրենց գործունեությունը կարգավորվում է ծառայության պետի կարգադրությամբ, որը համաձայնեցված է վարչապետի հետ, ապա ստացվում է, որ վարչապետը դեմ է, որ համապատասխան աշխատակիցներն ուսումնասիրեն այդ խնդիրը»,- եզրափակեց նա։

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը կապվեց նաև ՀՀ ՊՆ հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժին։

Նախարարությունից հորդորեցին թեմայի վերաբերյալ գրավոր հարցում ուղարկել։ Հարցումն ուղարկված է։