Երևան +14°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 00:29 23-02-2023

Գևորգյան ճեմարան

Գևորգյան հոգևոր ճեմարանը Հայաստանում հիմնված և մինչ օրս գործող ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որը 1874 թ. հիմնադրել է Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Վեհափառ Կաթողիկոսը:

19-րդ դարի վերջից հայ դպրոցի և մշակույթի պատմության մեջ առանձնահատուկ տեղ գրաված Սբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանը թողել է իր ավանդը բոլոր բնագավառներում՝ բարձրացնելով հայ ժողովրդի հոգևոր ու մտավոր մակարդակը բարձրագույն եվրոպական չափանիշների:

Մինչև ճեմարանի շրջանավարտները կհիմնադրեին Երևանի պետական համալսարանը Գևորգյան ճեմարանը հայկական միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն էր՝ Հնդկաստանից մինչև Եվրոպա, Ռուսաստանից մինչև մինչև սիրիական անապատներ:

1866 թ. Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Կաթողիկոսը, հանդիպելով Ալեքսանդր II ցարին, արտոնություն է ստանում հիմնադրելու հոգևոր կրթական հաստատություն։

Ճեմարանի շինարարությունը սկսվում է 1869-ին, բացումը կատարվում է 1874-ին։ Ռուսաստանի լուսավորության նախարարության վավերացրած կանոնադրությամբ ճեմարանն ուներ երկու բաժին՝ դասարանական՝ 6-ամյա և լսարանական՝ 3-ամյա ուսուցմամբ և տալիս էր հոգևոր բարձրագույն կրթություն։

Ճեմարանի առաջին տեսուչն է եղել մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայր, նշանավոր հայագետ Գաբրիել եպիսկոպոս Այվազովսկին։



1882 թ., երբ ճեմարանին է միացել Էջմիածնի ժառանգավորաց դպրոցը, այն կոչվել է Ժառանգավորաց հոգևոր ճեմարան։ Հետագայում հիմնադրի անունով վերանվանվել է Գևորգյան ճեմարան։

Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու օրոք շրջանավարտներից որևէ մեկը կուսակրոն հոգևորական չի դարձել։ Ճեմարանում ավելի շատ իշխել է աշխարհիկ ոգին։

Բազմակողմանի ընդհանուր կրթություն տվող այս հաստատությունում դասավանդել են հայոց պատմություն և աշխարհագրություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն, հայ մատենագրություն, հայոց և օտար լեզուներ, բնագիտություն, տիեզերագիտություն, մաթեմատիկա, Սուրբ Գիրք, եկեղեցական երաժշտություն, տրամաբանություն և այլն։

Շրջանավարտները ներկայացրել են ավարտական շարադրանք, որը պաշտպանել են քննական հանձնաժողովի առջև, այնուհետև նրանք ձեռնադրվել են կամ ուսումը շարունակել ռուսական և եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Տարբեր տարիներին ճեմարանում դասախոսել են Մ. Աբեղյանը, Հ. Աճառյանը, Ե. Թադևոսյանը, Լեոն, Ս. Լիսիսցյանը, Ք. Կարա-Մուրզան, Կոմիտասը և այլք։ Դասախոսների մի մասը ճեմարանի նախկին սաներն էին։



Այստեղ են մշակվել հայկական դպրոցների ուսծրագրերը, կազմվել դասագրքեր ու ձեռնարկներ, գրվել պատմագիտական, բանասիրական, մանկավարժական ու աստվածաբանական բնույթի բազում երկեր, որոնցից շատերը հայագիտության մնայուն արժեքներ են։ Ավելի քան 50 տարի Անդրկովկասի հայկական դպրոցների ուսուցչական կազմը համալրվել է ճեմարանի շրջանավարտներով։

1917 թ. վերջին, քաղաքական ու ռազմական անբարենպաստ պայմանների հետևանքով, ճեմարանը դադարեցրել է պարապմունքները և շենքը տրամադրել զինվորական հրամանատարությանը։
Այն շրջանում, երբ ճեմարանը փակված էր, դասախոսները որոշիչ դեր են խաղացել Հայաստանի համալսարանի ստեղծման գործում։ Ճեմարանի գրադարանի եզակի և հարուստ հավաքածուն (45 հազար գիրք) դարձել Հայաստանի ազգային գրադարանի և Մատենադարանի հիմնարար ֆոնդերից։

20-րդ դարի սկզբին ճեմարանն ունեցել է 230 ձրիավարժ և 20 թոշակավոր սաներ։ Ճեմարանը գործել է Էջմիածնի վանքի եկամուտների, ընդհանուր հանգանակությունների, նվիրատվությունների ու կտակների միջոցով։ Վերատեսուչը կաթողիկոսն էր, որը գործերը վարել է ուսխորհրդի և տեսչի միջոցով։

1945 թ. նոյեմբերի 1-ին Գևորգ Զ Չորեքչյանի ջանքերով բացվել է Էջմիածնի հոգևոր ճեմարանը։

1995 թ. Ճեմարանի շենքը որպես սեփականություն վերադարձվել է Մայր աթոռին և հիմնովին վերանորոգվել։

2001-2002 թվականների ուսումնական տարում Գևորգյան Հոգևոր ճեմարանը ստացել է բարձրագույն կրոնական հաստատության, ապա հետագայում նաև Աստվածաբանական համալսարանի կարգավիճակ։

Իր գոյության տարբեր տարիներին Գևորգյան ճեմարանում սովորել են այնպիսի հայտնի անուններ, ինչպիսին են Լևոն Շանթը, Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ակսել Բակունցը, Մակար Եկմալյան, Հրաչյա Աճառյանը, մանուկ Աբեղյանը և այլոք։ Իսկ Կոմիտասի համար ճեմարանը դարձել է հայտնության, կայացման ու ինքնադրսևորման վայր։

1881 թվականին 12-ամյա Սողոմոնին Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանը տանում է Էջմիածին, քանի որ Գևորգ Դ Կաթողիկոսը հրահանգել էր, իր հետ Քյոթահիայից մի որբ աշակերտ բերի։ Վիճակահանության արդյունքում 20 երեխաներից բախտը ժպտում է Սողոմոնին։ Կաթողիկոսը որբուկին հարցեր է տալիս ու երբ պարզում է, որ նա հայերեն չի հասկանում, ասում է, թե տղան այստեղ անելիք չունի։ Սողոմոնը պատասխանում է, թե եկել է սովորելու ու սկսում է երգել «Լույս Զվարթը»։ Երգելիս նա նկատում է, թե ինչպես են կաթողիկոսի աչքերից արցունքներ գլորվում։



«Ասոր Ճեմարան տարեք»,- հրամայում է Վեհը` իր դիվանապետին։

1881 թվականին Սողոմոնը Գևորգյան ճեմարանի ուսանող էր։

Հետագայում նա իր «Ինքնակենսագրության» մեջ գրում է. «Ճեմարան մտած օրից երգիչ և Մայր Աթոռի աչքի ընկնող ձայնեղ մանուկներից մեկն էի։ Երբ Գևորգ Դ Կաթողիկոսն իջնում էր վեհարանից Մայր Տաճար, ես և իմ ձայնեղ ընկերս կանգնում էինք Նորա աթոռի մոտ և այնպես երգում միայնակները։ Մեր երգելու ժամանակ ծերունի Հայրապետի արցունքները գլորվում էին թավալվելով երկար ու ճերմակ մորուսի վրայով ու թաքնվում էին փիլոնի ծալքերի մեջ»։



Ճեմարանում ուսուման առաջին տարում Սողոմոնը սովորում է հայկական ձայանանիշերը` խազերը, որոնք զարգացրել էին 19-րդ դարում Համբարձում Լիմոնջյանը և նրա ուսանողները։ Սողոմոնը բացահայտում է երաժշտության նկատմամբ իր մեծ սերը և սկսում ձայնագրել Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ