Երևան +14°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 18:07 22-02-2023

Առաջին աշխարհամարտին մասնակցած գրողները

Մինչ 1914 թ․ պատերազմը համարվում էր ազնիվ գործ, որ հնարավորություն էր տալիս ապացուցել հայրենասիրությունն ու քաջությունը, մինչդեռ Առաջին համաշխարհայինը, որպես առաջին արդյունաբերական պատերազմ, կոտրեց այդ բոլոր կարծրատիպերը: Նոր գյուտերը, ինչպիսիք են գնդացիրները և բարձր պայթուցիկ, հեռահար հրետանին, նշանակում էին, որ մարդիկ կարող էին վայրկյանների ընթացքում տասնյակներով սպանվել՝ հաճախ առանց նախազգուշացման կամ նույնիսկ իմանալու, թե ինչ է տեղի ունենում:

Առաջին համաշխարհային պատերազմից անմասն չմնացին նաև գրողները։ Այսօր կխոսենք նրանցից մի քանիսի մասին։

Էռնեստ Հեմինգուեյ։ Նախքան Ամերիկան կմտներ պատերազմի թատերաբեմ, Հեմինգուեյն արդեն, որպես կամավորական, Կարմիր Խաչի շրջանակներում մեկնել էր Փարիզ։ 1917-ին՝ Ամերիկայի ներգրավվելուց հետո, նա հրաման ստացավ ներկայանալ Միլան։ Կարճ ժամանակ անց տեղափոխվեց Սկիո քաղաք, որտեղ աշխատում էր որպես շտապօգնության մեքենայի վարորդ: 1918-ի հուլիսի 8-ին ռազմաճակատի զինվորներին շոկոլադ և ծխախոտ տանելիս, նա ծանր վիրավորվեց ավստրիական ականանետի բեկորներից, բայց այդ վիճակում էլ շարունակեց ապահովել զինակիցների անվտանգ դուրսբերումն ու տեղափոխումը։ Ավելի ուշ իր հերոսական գործողությունների համար Իտալիայի կառավարության կողմից պարգեւատրվեց «Մարտական արիության» արծաթե մեդալով։



Հեմինգուեյը բավականին երկար ժամանակ է անցկացրեց Միլանի հիվանդանոցում, անգամ հասցրեց սիրահարվել իրենից վեց տարի մեծ բուժքրոջը՝ Ագնես ֆոն Կուրովսկուն։ Նրանք ծրագրում էին միասին վերադառնալ Ամերիկա, բայց Ագնեսի կապը իտալացի սպայի հետ վերջ դրեց իրենց հարաբերություններին: Այս անհաջող սիրավեպը ոգեշնչեց Հեմինգուեյին գրել իր հայտնի «Հրաժեշտ զենքին» վեպը:

Էրիխ Մարիա Ռեմարկ։ Առաջին համաշխարհային պատերազմը վճռորոշ դեր խաղաց Ռեմարկ-գրողի ձևավորման հարցում։ 1916-ի նոյեմբերին նա մի շարք դասընկերների հետ զորակոչվեց գերմանական բանակ։ Ռազմական պատրաստությունից հետո նրա ստորաբաժանումն ուղարկվեց արևմտյան ճակատ։ Այնտեղ նա մասնակցեց Բելգիայի Ֆլանդրիայում տեղի ունեցած խրամատային պատերազմին և 1917-ի հուլիսին բրիտանական հրետանու ծանր հարձակման ժամանակ վիրավորվեց արկի բեկորներից։ Ապաքինումից հետո 1918թ. հոկտեմբերին նորից մեկնեց ակտիվ զինվորական ծառայության մինչև 1918-ի նոյեմբերի 11-ին նոր կառավարությունը զինադադար կնքեց դաշնակիցների հետ և մարտերն ավարտվեցին։ Ռեմարկի պատերազմական փորձառությունները, ներառյալ իր ընկերներից մի քանիսի կորուստը, ուժեղ տպավորություն թողեցին երիտասարդի վրա և ոգեշնչեցին գրել «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպը:



Հայ գրողները 1-ին համաշխարհայինում

Եղիշե Չարենց։ 1915թ. կազմավորվեցին հայկական 6-րդ և 7-րդ կամավորական գումարտակները: Չարենցը 6-րդ կամավորական գումարտակի 864 զինվորներից 373-րդն էր: Որպես 2-րդ վաշտի շարքային զինվոր, նա մասնակցեց մարտական գործողություններին: Չարենցի հետ նույն վաշտում ծառայած զինվոր Թորգոմ Գևորգյանի վկայությամբ գումարտակն առանց կռիվների հասել է Վան, այնտեղից` Անգեղ գյուղ, որի դիմաց գտնվող Արտոս լեռան մոտ էլ սկսվել են կատաղի կռիվները թուրքերի հետ: Նրանք ազատագրել են Նարեկը և Աղթամարը և մինչև նոյեմբեր ծանր մարտեր մղել Ոստանի շրջակայքում: Հաջորդ կռիվը տեղի է ունեցել 1915թ. դեկտեմբերի 25-ին Սուլդուզի դաշտում: Ճակատամարտից հետո 2-րդ վաշտը գիշերել է Շեյթանաբադ գյուղում, և ամբողջովին ոչնչացվել քրդական դարանակալ հարձակման հետևանքով: Չարենցը հրաշքով է փրկվել, քանի որ, իր իսկ խոսքերով, հետ էր ընկել վաշտից: Պատերազմի արհավիրքներն ու հայ ժողովրդի ողբերգությունը Չարենցը նկարագրել է իր «Դանթեական առասպել» պոեմում:

Ակսել Բակունց։ Բակունցը նոր էր ավարտել Գևորգյան ճեմարանը, երբ վրա հասավ աշխարհամարտն ու հայ ազգի գլխին սև ամպեր կուտակվեցին՝ ստիպելով նրան զենքն առնել ձեռքը։ 1917-1918թթ․, որպես շարքային զինվոր, նա մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։



Հայ գրողներից առաջին աշխարհամարտին մասնակցել են նաև Վահան Թոթովենցը, որ 1915-ին 400 ամերիկահայ կամավորների հետ մեկնել է Կովկասյան ռազմաճակատ, մասնակցել ազատագրական կռիվներին և Լեռ Կամսարը, որ հենց նույն թվականին մասնակցել է Վան-Այգեստանի ինքնապաշտպանության կռիվներին։

Պատերազմը ծնեց բազում հայտնի ու անհայտ բանաստեղծներ և գրողներ: Սա, անկասկած, եզակի հակամարտություն էր, որ նույնիսկ ավարտից մեկ դար անց շոշափելի ու բարձր հետքեր է թողել գրական ու գեղարվեստական ​​կյանքում։ Թերևս դրա պատճառով «Կորուսյալ սերունդը» իսկապես երբեք չի մոռացվի:

Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ