Երևան +14°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 11:23 22-02-2023

Կամյու-Սարտր․ ընդվզողն ու հեղափոխականը

Լավագույն ընկերներն ընդհարվեցին Սառը պատերազմի տարիներին, երբ տարաձայնություններ ունեցան փիլիսոփայական և քաղաքական գաղափարախոսությունների շուրջ։

Ալբեր Կամյուն և Ժան Պոլ Սարտրն առաջին անգամ հանդիպեցին 1943-ի հունիսին՝ Սարտրի «Ճանճերը» ներկայացման պրեմիերային։ Ըստ Սիմոնա դը Բուվուարի՝ Սարտրը կանգնած էր նախասրահում, երբ «մի թխամաշկ երիտասարդ մոտեցավ ու ներկայացավ՝ Ալբեր Կամյու»։



Թեև նրանք հիանալի ծանոթ էին միմյանց ստեղծագործական կյանքին, դա նրանց առաջին հանդիպումն էր։ Նրանք հիացած էին իրարով․ ազատության գաղափարը կապում էր նրանց փիլիսոփայորեն, իսկ արդարության համար պայքարը՝ քաղաքականապես։

Երկրորդ աշխարհամարտից հետո Կամյուն ու Սարտրը դարձան իրենց ժամանակի մշակութային-գաղափարական հենքը։ Ավելին, նրանք այնքան հայտնի դարձան, որ թերթերը տպագրության արժանի նյութ էին համարում նույնիսկ նրանց ամենօրյա կյանքը։



Այսքանից հետո զարմանալի չէ, որ տասնամյա բարեկամությունից հետո հարաբերությունների հանրային խզումը դարձավ մշակութային մեծ իրադարձություն։ Դա պարզապես փոքրիկ վիճաբանություն չէր, այլ փիլիսոփայական հայացքների բախում Եվրոպայի և աշխարհի ապագայի վերաբերյալ: Ըստ էության, նրանց տարաձայնությունները գալիս էին բարոյականության և քաղաքականության փոխհարաբերությունների վերաբերյալ հիմնովին տարբեր ընկալումներից: Կամյուի համար քաղաքականությունը ստորադասվում էր բարոյականությանը, իսկ Սարտրի համար՝ հակառակը։

Գրող-փիլիսոփաների միջև աճող տարաձայնությունը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի ցայտուն դարձավ և թեժացավ հատկապես Կամյուի «Ընդվզող մարդը» էսսեից հետո։ Էսսեում նա ներկայացնում է ընդվզող մարդու և հեղափոխականի տարբերությունը, ցույց տալով, թե ինչպես են ֆաշիզմի ու մարքսիզմի նման սին գաղափարախոսություններն իրենց ենթարկեցնում մարդու ներսում բույն դրած ընդվզմանը՝ ծառայեցնելով չարիքի։

Կամյուն կարծում էր, որ մարդկությանը օգնելու փոխարեն հեղափոխական գաղափարախոսությունները մեծապես ավելացրել են մարդկության տառապանքը: Նա պնդում էր, որ ֆրանսիական հեղափոխությանը հաջորդած Ռոբեսպիերի ահաբեկումն ու Խորհրդային հեղափոխությանը հաջորդած Կուլակը պատահարներ չէին, այլ գաղափարական հեղափոխությունների անբաժանելի մաս:

Իսկ Սարտրի համար նման բռնությունը աշխարհն արդար դարձնելու համար անխուսափելի և օրինաչափ էր, նա հավատում էր միջոցները արդարացնող նպատակներին, այդ իսկ պատճառով «Ընդվզող մարդը» էսսեն արժանացավ նրա բուռն քննադատությանը։ Դա եղավ վերջին կաթիլը։ Սարտրը, որ այդ ժամանակ Ստալինի բազմաթիվ արևմտյան ջատագովներից մեկն էր, հարձակվեց գրքի վրա իր “Les Temps Modernes” («Արդի ժամանակներ») ակնարկում: Դրան հաջորդեցին իրար մեղադրող հրապարակային նամակներ և ամեն ինչ այդքանով ավարտվեց։



Կամյուի և Սարտրի ժամանակակից, քաղաքական գործիչ Ռոժե Կիլիոն մի առիթով նշել է․ «Եթե Սարտրը կարող էր քննադատությունն ու ընկերությունը զատել իրարից, Կամյուի համար անընդունելի էր այն, ինչ գրել էր իր հարազատ ընկերը։ Կամյուն շատ էր սիրում ֆուտբոլ։ Նրա համար ընկերությունը նման էր ֆուտբոլի թիմի՝ պայքարել հանուն մեկ նպատակի։ Նա այդ նույն միտքը կիրառում էր նաև թատրոնում, գրականության մեջ»։

Կամյուի ու Սարտրի ընկերությունն ու վեճը կարելի է համարել իրենց ժամանակի խնդիրների լավագույն արտացոլումը։



Նրանց հարաբերությունների մանրամասնություններն ու վախճանն այնքան կարևոր իրադարձություն էր, որ 2004-ին լույս տեսավ Ռոնալդ Արոնսոնի “Camus and Sartre․ The Story of a Friendship and the Quarrel that Ended It” («Սարտր և Կամյու․ պատմություն մի ընկերության և վեճի մասին, որը վերջ դրեց դրան») գիրքը։ Համատեղելով կենսագրությունն ու պատմությունը, փիլիսոփայական և քաղաքական կիրքը՝ Կամյուն և Սարտրը կհիացնեն նրանց, ովքեր հետաքրքրված են այս մեծ գրողներով կամ նրանց բաժանող աշխարհապատմական հարցերով:

Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ

Ձեզ գուցե հետաքրքրի