copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:00 19-02-2023

«Թոմն ու Ջերին» 83 տարեկան է

1940 թվականի փետրվարի 20-ին ամերիկյան կինոէկրանին ցուցադրվեց «Թոմն ու Ջերին» անիմացիոն ֆիլմի առաջին սերիան։ Ջերի անունով մկան և Թոմ անունով կատվի թշնամական հարաբերությունների ու արկածների մասին պատմող մուլտֆիլմի նկարիչներն էին Ուիլյամ Հաննան և Ջոզեֆ Բարբերան։
Առաջին սերիաներում հերոսների անունները այլ էին. Թոմը նախկինում Ջասպերն էր, իսկ Ջերին` պարզապես Մուկ կամ Ջինկսը։ Այս երկու զվարճալի կերպարները ծնվեցին, որպեսզի փրկեին Metro-Gօldwyn-Mayer ստուդիայի մուլտիպլիկացիոն բաժինը, որը 1930-ականներին մուլտֆիլմերի վատ վարձույթի հետևանքով անկում էր ապրում։ Պրոդյուսերը այնպիսի կերպարներ էր փնտրում նոր նախագծի համար, որոնք կկարողանային մրցել Միկի Մաուսի և Բագս Բաննիի հետ։ Դա հանձնարարվեց անիմատորներ Ուիլյամ Հաննային և Ջոզեֆ Բարբերային, որոնք մուլտֆիլմեր ստեղծելու մեծ փորձ ունեին։ Նրանք նկարեցին «Կատուն աքացի է ստանում» փորձնական թողարկումը, որտեղ նեկայացվում էր, թե ինչպես է Ջասպեր կատուն հալածում փոքրիկ մկնիկին։ Այս սերիան ներկայացվեց Օսկարի, թեև մրցանակի չարժանացավ, բայց այնուամենայնիվ մեծաթիվ հանդիսատես ունեցավ։ Ստուդիայի տնօրինությունն առաջարկեց Հաննային և Բարբերային նույն ոգով շարունակել և նոր սերիաներ ստեղծել։ Նախ գլխավոր հերոսների նոր անունների մրցույթ անցկացվեց և հաղթեց Ջոն Քարրը, ով առաջարկեց կատվին և մկանն անվանել համապատասխանաբար Թոմ և Ջերի։



1941 թվականին կինոթատրոններում ցուցադրվեց «Կեսգիշերային հացկերույթ» դրվագը։ Ջոզեֆ Բարբերան ստեղծում էր պատմություններ հաջորդ սերիաների համար, իսկ Ուիլյամ Հաննան մասնակցում էր արտադրության ստեղծագործական և տեխնիկական գործերին։ Կերպարներին հնչյունավորում էին Ուիլյամ Հաննան, Դոուզ Բաթլերը, Լիլիան Ռենդոլֆը և Ռեջինալդ Քոֆին։ Մուլտֆիլմի երկրպագուների նամակներին պատասխանում էր այն ժամանակ դեռևս անհայտ դերասան Ջեք Նիքոլսոնը։

Կատվի և մկնիկի մասին յուրաքանչյուր սերիայի համար MGM-ը ծախսում էր 40000 դոլար։
Թողարկումներ ստեղծելու ժամանակ կատվի արտաքինը բազմիցս փոխվել է։ Սկզբից նա ավելի շատ էր նման իրական կատվի` կարողանում էր մլավել և հաճախ քայլում էր չորս ոտքով։ Ժամանակի ընթացքում պարզեցրեցին կերպարը և փորձեցին հերոսին ավելի ուժեղ դարձնել։ Ջերիի արտաքինը ոչ մի փոփոխություն չկրեց։

Հաննա-Բարբերա դուետը 17 տարիների ընթացքում կատվի և մկնիկի մասին ստեղծեց 116 թողարկում, որոնցից 7-ն արժանացան Օսկար մրցանակի՝ «Լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմ» անվանակարգում։ Պարգևների շնորհիվ «Թոմը և Ջերի»-ն դարձավ հանրահայտնի ու սիրված։ Բայց 1950- ականների սկզբներին մուլտֆիլմի բյուջեն սկսեց կրճատվել, իսկ գանձումները՝ պակասել։ Հին դրվագների ռիմեյքներն ու հեռուստատեսությամբ հեռարձակումներն սկսեցին ավելի շատ եկամուտ բերել, քան նոր թողարկումների ստեղծումը։ Այդ պատճառով 1959 թվականին փակվեց MGM-ի մուլտիպլիկացիոն բաժինը, իսկ աշխատակիցների մեծ մասը տեղափոխվեցին Hanna-Barbera ընկերություն։

1961 թվականին «Rembrandt Films» ընկերությունը իրավունք ստացավ արտադրել մուլտֆիլմը, որի 13 թողարկումներն ամենավատը համարվեցին մուլտֆիլմի պատմության մեջ։ Այնուհետև 1963-ից սկսած մինչ օրս մուլտֆիլմը «ձեռքից ձեռք անցավ»։ Տարբեր ստուդիաներ գնեցին ու վաճառեցին հետաքրքրաշարժ այս անիմացիոն ֆիլմի հեղինակային ու թողարկման իրավունքները։ Մուլտֆիլմը կինոթատրոններից տեղափոխվեց նաև հեռուստատեսություն, մտավ յուրաքանչյուրի տուն ու լայն տարածում գտավ ոչ միայն ԱՄՆ-ում, այլ աշխարհի գրեթե բոլոր երկրներում։

Թոմն ու Ջերին հայտնվեցին կոմիքսներում։ Նրանց մասնակցությամբ առաջին համարը լույս տեսավ 1942-ին, որը կոչվեց «Թոմի և Ջերիի կոմիքսներ»։ Սրան հաջորդեցին տեսախաղերը, ապա սննդամթերքի տարբեր տեսակներ՝ հերոսների պատկերներով, ինչպես նաև փափուկ խաղալիքներ, հուշանվերներ, հագուստներ և այլն։



Մուլտսերիալը որքան, որ սիրվեց հանդիսատեսի կողմից, նույնքան էլ լրագրողների ու տեսաբանների քննադատություններին արժանացավ։ Նրանք քննադատեցին բռնության և դաժանության տեսարանները, վատ սովորությունների ցուցադրությունը, հատկապես ծխելու տեսարանները։ Ամենամեծ կշտամբանքներին արժանացան ռասայական կարծրատիպների դրսևորումները։ Ռասայական էր համարվում օրինակ՝ պայթյուններից հետո կերպարների դեմքերի սև գույնով ներկվելը, շուրթերի մեծանալը, «աֆրոհյուսերը»։ Սակայն ամենավիճելին Թոմի աֆրոամերկացի տիրուհու՝ Մայրիկ-Երկու Հողաթափի հայտնվելն էր, որը խոսում է «սևերի առոգանությամբ»։ Ջոզեֆ Բարբերան, ով պատասխանատու էր սցենարի համար, պնդում էր, որ «Թոմը և Ջերին» մուլտֆիլմում կատակներն արտահայտում են ոչ թե իր ռասայական նախապատվությունները, այլ անցած դարի 40-ականների մթնոլորտը։ Այնուամենայնիվ, ռասիստական համարվող հատվածների մեծ մասը մոնտաժվեցին կամ հեռուստատեսությամբ չցուցադրվեցին։ Հեռուաստաէկրանին մեծ մասամբ Մայրիկ-Երկու հողաթափի ձայնը վերահնչյունավորում էր իռլանդական առոգանությամբ խոսող դերասանուհին։



Մուլտֆիլմի պատմության մեջ եղած անկումներից ու քննադատություններից անկախ, այնուամենայնիվ IGN կայքը «100 լավագույն անիմացիոն շոուների» շարքում «Թոմը Ջերիին» շնորհեց 66-րդ տեղը, իսկ 2000 թվականին Time ամսագիրը այս մուլտսերիալն անվանեց բոլոր ժամանակների լավագույն հեռուստատեսային շոուներից մեկը։

Նաիրա Եղիազարյան


Ամենից շատ դիտված