Երևան +14°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:23 19-02-2023

Խնդրում եմ քննարկել ՕԴՔ ԳՏԿ-ն ՀՀ ԳԱԱ համակարգից հանելու և ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեին վերադաս նշանակելու հարցը․ Հարություն Կարապետյան

ՀՀ ԳԱԱ ՕԴՔ գիտատեխնոլոգիական կենտրոնի Ռենտգենակառուցվածքային վերլուծության և մասս–սպեկտրամետրիայի լաբորատորիայի ղեկավար Հարություն Կարապետյանը բաց նամակ է հրապարակել, որում, մասնավորապես, ասվում է․

«Հայաստանի Հանրապետության Վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանին
Պատճենը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար՝ ​​​​ Ժաննա Անդրեասյանին ​
ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտե՝ ​ Սարգիս Հայոցյանին ​
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ՝ ​ Աշոտ Սաղյանին ​
ՀՀ Գլխավոր դատախազ՝ ​ ​​Աննա Վարդանյանին​ ​

Մեծարգո պարոն Վարչապետ,

Հաշվի առնելով Ձեր զբաղվածությունը կլինեմ հնարավորինս հակիրճ։ Խոսքը վերաբերում է այսօր հանրապետությունում գիտության ոլորտի և մասնավոր բիզնեսի միջև ծագած կոնֆլիկտին, որի հիմքը դրվել է դեռևս 2007 թվականին, երբ ՀՀ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտին պատկանող տարածքից ապօրինաբար և ինստուտի անձնակազմից գաղտնի օտարվել է հանրապետական նշանակություն ունեցող Հրազդան-Մասիս ջրանցքի՝ ինստիտուտի տարածքում գտնվող ջրամբարի հատվածը։

Աշխատակիցների համար փաստը բացահայտվել է միայն 2016 թվականին՝ օտարված տարածքի սեփականատիրոջ կողմից տարածքը վերավաճառելու հայտարարության արդյունքում։ Պարզվել է, որ ժամանակին տարածքը ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ նախագահության այդ տարիներին գործող ղեկավարների նախաձեռնությամբ փոխանցվել է Երևանի քաղաքապետարանին, որն էլ տարածքը հանձնել է Քանաքեռ–Զեյթուն թաղապետարանին։

Թաղապետարանն էլ իր հերթին տարածքը վաճառել է անհատ գնորդի, նույնիսկ տվյալ ժամանակի համար ծիծաղելի՝ 1,2 մլն դրամ գնով։ Հետագայում, հինգ անգամ վերավաճառվելուց հետո, 2019թ․ տարածքը մոտ 150մլն․դրամ, նորից խիստ կասկածելի ցածր գնով, բաժին է հասել «Գրին փրոփերթի դիվելոփմենթ» ՓԲԸ–ին, որն էլ այսօր նպատակ ունի հիշյալ տարածքում կառուցել բազմահարկ բնակելի շենք՝ 3 հարկանի ստորգետնյա ավտոկայանատեղիով։

Այսօր սեփականատերը, ունենալով մեր տեսանկյունից խիստ կասկածելի, բայց ձևականորեն բոլոր անհնար ու հնարավոր թույլտվություններն ու ստորագրությունները, ինչպես նաև դատարանների խիստ կասկածելի որոշումները, սկսել է շինարարական գործընթացը։ Արդարության դեմ չմեղանչելու նպատակով տեղեկացնենք, որ 2016թ–ից սկսած արդեն Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն վերանվանված կառույցի բոլոր ղեկավարները (թվով՝ երեքն են եղել) դիմել են հանրապետության՝ խնդրին առընչվող անխտիր բոլոր վերադաս մարմիններին ու դատական ատյաններին՝ գործարքը կասեցնելու կամ նշված տարածքում կապիտալ շինարարության արգելելու համար։

Բայց, ցավոք, անօգուտ, քանի որ պետական պաշտոնյաներից և ոչ մեկը չի ցանկացել խորամուխ լինել խնդրի մեջ, համապարփակ դիտարկել փաստերը և պատկերացնել սպասվող արդյունքը։

Ինչևէ, մի կողմ դնելով գործընթացներում առկա կասկածելի և ակնհայտ կոռուպցիոն բնույթի երևույթները, իմ պարտքն եմ համարում նախ մեկ անգամ ևս տեղեկացնել նախատեսված շինարարության վտանգավորության մասին, հետո ներկայացնել իմ խնդրանք–առաջարկությունը․

1․ նախաձեռնված շինարարությանը հարակից Կենտրոնի մասնաշենքերի ամրությունները խիստ կասկածելի են։ Այդ մասին են վկայում հետևյալ փաստերը․ ​

Ա) հարակից երեք հարկանի մասնաշենքերի ժամանակին բացահայտված ամրության պակասի պատճառով, 1970–ականների սկզբին, լրացուցիչ ցեմենտ է սրսկվել առաջին մասնաշենքի պատերի մեջ։ Երկրորդ մասնաշենքի համար նախատեսված նույն միջոցառումը չի իրականացվել ինչ–ինչ պատճառներով։

​Բ) հարակից կենտրոնական մասնաշենքը ուներ տեսանելի ճաք, որն այսօր արդեն, 1988թ․ երկրաշարժի հետևանքով, կազմում է մոտ 15սմ։ Ըստ ամենայնի, հիմքի անորակության պատճառով, որը երբևիցէ չի ուսումնասիրվել։

​Գ) 1990-ականներին բառիս բուն իմաստով փլվել է ՆՕՔԻ–ին պատկանող արտադրամասի կեսը։ Ճիշտ է, ժամանակին ՆՕՔԻ–ի վայ տնօրինությանն ու ՀՀ ԳԱԱ վայ նախագահությանը հաջողվել է զեղծարարությամբ կասեցնել հարուցված, թե՞ հարուցվելիք քրեական գործը, իբր թե «այդ օրը և այդ տեղում երկրաշարժ է տեղի ունեցել» ծիծաղելի պատճառաբանությամբ։ Քրեական գործը կարճվել է, բայց փաստացի դեպքը վկայում է առկա շինությունների անորակության մասին։

​Դ) Այսօր, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն հորջորջվող կառույցը ձևավորվել է 2006թ․՝ միավորելով նախկին ՀՀ ԳԱԱ ՆՕՔԻ–ն, ՀՀ ԳԱԱ ՕՔԻ–ն և ՀՀ ԳԱԱ ՄԿՈւԿ–ը։

ՄԿՈւԿ–ում են եղել և այսօր էլ կան մոլեկուլի կառույցի ուսումնասիրման տարածաշրջանում եզակի ու թանկարժեք ժամանակակից սարքավորումները՝ գերհաղորդիչ մագնիսով աշխատող երկու միջուկի–մագնիսական ռեզոնանսի սարքերը, ռենտգենակառուցվածքային վերլուծության 4–առանցքանի ավտոմատ դիֆրակտոմետրը, օպտիկական սպեկտրասկոպիայի մի քանի սարքերը, որոնք սպասարկել ու սպասարկում են գիտության ամբողջ համակարգին։ Սարքավորումների պարկը այսօր էլ է համալրվում ժամակակից սարքերով։ Արդեն ձեռք է բերվել (պետբյուջեի միջոցներով) թանկարժեք մասս–սպեկտրամետրիայի նոր ու գերզգայուն սպեկտրամետրը։ Ընթացքում է ժամանակակից ռենտգենակառուցվածքային վերլուծության նոր 4–առանցքանի ավտոմատ դիֆրակտոմետրի ձեռքբերումը (նորից պետբյուջեի միջոցներով)։

Ինչևէ, նշված և այլ գերճշգրիտ սարքերը անչափ զգայուն են ցնցումների հանդեպ։ Այսօր արդեն ՖԲ սոցցանցում բազմաթիվ են ցնցումների տեսանյութերը նույնիսկ ասֆալտը փորելու ընթացքում։ Այսինքն, շինարարության ընթացքում, հատկապես բազալտային սալի հեռացման դեպքում անխուսափելի են լուրջ ցնցումները (վայ պաշտոնյաների կողմից թուլատրված է 3 հարկանի ստորգետնյա կայանատեղի), որի պատճառով սարքերը, ամենայն հավանակությամբ, կդառնան անպիտան մետաղի ջարդոն։

Աշխարհում դեռ չի գտնվել մի անմեղսունակ, որ աշխատող նմանատիպ սարքերը տեղափոխի այլ տեղ, որ մենք էլ հիմնվեինք եղած փորձի վրա և համակերպվեինք։ Բայց և այնպես, արտահոսքի տեսքով համառորեն ստուգողական լուրեր են պտտվում, որոնց իրականացումը արմատից վերջ կդնի այսօր Հայաստանում տեմպերով ամենազարգացող քիմիա և նյութագիտություն ոլորտներին։ Ըստ լուրերի, ՀՀ ԳԱԱ նախագահը ունի «խելամիտ» առաջարկություն ի նպաստ մասնավոր բիզնեսի և ՀՀ տնտեսության զարգացման և ոչ՝ գիտության, իհարկե։ Ըստ այդ պտտվող լուրերի, կառուցապատողի հետ բանակցությունների արդյունքում նա արձանագրել է մի հսկայական ձեռքբերում։

Այն է, կառուցապատողի հաշվին գործող սարքերը, ինչպես նաև արդեն գնված և ձեռքբերման գործընթացում գտնվող նորերը տեղափոխել այլ, ավելի կոնկրետ, իր կողմից նախկինում ղեկավարած ինստիտուտի տարածք: Իսկապես, որ «հանճարեղ» լուծում է գտել այսօրվա Հայաստանի թիվ 1 գիտաշխատողը։ Ինչևէ, հիմա իմ առաջարկությունը Հայաստանի Հանրապետության գործող կառավարությանը։

Համոզված եմ, որ առաջարկությանս հետ կհամաձայնեն ոչ միայն ՕԴՔ ԳՏ Կենտրոնի, այլև ակադեմիական համակարգի շատ ու շատ գիտաշխատողներ․

– Հաշվի առնելով ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի բնականոն գործունեության գլխին կախված դամոկլյան սրի առկայությունը, ինչպես նաև անընդհատ ուռճացվող և կերամանի վերածված ՀՀ ԳԱԱ նախագության փաստացի անգործությունը, խնդրում եմ քննարկել ՕԴՔ ԳՏԿ–ն ՀՀ ԳԱԱ համակարգից հանելու և պետական կառավարման մարմին հանդիսացող ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեին վերադաս նշանակելու հարցը։

Ի դեպ, այդ քայլով մասնակիորեն կլուծվի ևս մեկ ճչացող իրավական անօրինականություն, որն առկա է այսօրվա «իրավական ու ժողվրդավար» Հայաստանում՝ երբ մի ՊՈԱԿ–ի վերադաս է համարվում մեկ այլ նույն կարգավիճակով ՊՈԱԿ (ՀՀ ԳԱԱ–ն)՝ չհանդիսանալով պետական կառավարման մարմին, և սկիզբ կդրվի օրինականության հաստատմանը»։