copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:10 17-02-2023

Ինչու են սնկի պես բազմանում հիվանդանոցներն ու դեղատները. հիվա՞նդ ենք, թե՞ փող ենք սիրում

Հայաստանում այսօր ամենաեկամտաբեր բիզնեսը դարձել է հիվանդանոց, դեղատուն բացելը։ Ամեն քայլափոխի դեղատուն կամ մասնավոր բուժհաստատություն է բացվում, ընդ որում՝ բոլորն աշխատում են գերծանրաբեռնված։ Ստացվում է՝ եթե մեր երկրում կա ոլորտ, որտեղ որևէ մեկի գործերը լավ են, ապա այդ մեկն առողջապահության ոլորտում է աշխատում։ Այս ոլորտի տնտեսական ակտիվության ցուցանիշը, սակայն, քերոբյանական լավատեսությամբ ու ոգևորությամբ ընդունելը մեծ ջանքերի դեպքում անգամ բարդ է, քանի որ դա թերևս պետք է վկայի այն մասին, որ մենք մեռնող, հիվանդ հասարակություն ենք, որ հիվանդությունները երիտասարդացել են, դեղորայքի սպառողներն էլ՝ շատացել։

Oragir.News-ի հետ զրույցում առողջապահության փորձագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը նշեց, որ այս հարցերի շուրջ խոսում է հիմնականում նեղ մասնագիտական շրջանակներում։ Փոխարենը, հիմնակում հակառակ տենդենցը կա, Հայաստանի բոլոր կառավարությունները հիվանդանոցների բացումը և առողջապահական բիզնեսի զարգացումը դիտարկել են որպես դրական երևույթ, մինչդեռ որևէ մեկ հարց չի տվել՝ սա մեզ պետք է, թե պետք չէ։

Փորձագետի դիտարկմամբ, եթե հարցը դիտարկենք առողջության տեսանկյունից, ապա հայաստանյան վիճակագրությունը համեմատենք եվրոպական երկրների հետ, իհարկե կստացվի, որ մենք այնքան էլ լավ վիճակում չենք, մեր հիվանդացության, դրանից մահացություններն ավելի շատ են, քան Եվրոպայում։ Այս առումով՝ մենք նաև զիջում ենք հարևան երկրներին, բայց աշխարհի շատ այլ պետությունների համեմատ՝ մենք այդքան էլ վատ վիճակում չենք։

«Այսինքն, մենք աշխարհում մեր առողջության ցուցանիշներով միջին տեղերում ենք՝ կյանքի միջին տևողությամբ, մահացությամբ։ Մեր խնդիրները բոլորովին այլ վայրում են»։


Նա ընդգծեց, որ օրեցօր հիվանդանոցների, կլինիկաների, դեղատների բացումը և դրանց հաջողությամբ գործելու պատճառը առողջապահության համակարգի տարիների ընթացքում ձևավորված անարդյունավետությունն է։

«Մասնագիտական գրականության մեջ սա կոչվում է «կոմերցիալիզացիա»։ Այսինքն, առողջապահության համակարգը դառնում է բիզնեսի մի ճյուղ, կառավարություններն էլ իրենց հերթին նպաստում են, որ այդպես էլ դիտվի։ Օրինակ, եվրոպական երկրներում առողջապահությունը բիզնես չի դիտվում։ Քանի որ մեզ մոտ դա բիզնեսի ճյուղ է, այսինքն, առողջապահությունը սկսում է զարգանալ շուկայի օրենքներով, ոչ թե առողջապահության։ Մեզ մոտ բացվում են այն ծառայությունները, որոնք մեզ պետք չեն, բայց որոնց մեջ փող կա։ Դրա լավագույն օրինակը մագնիսառեզոնանսային շերտագրությունների սարքավորումների թվի ավելացումն է։ Ընդ որում՝ դրանք բոլորն էլ հերթի տակ աշխատում են, բայց դրա պատճառն այն չէ, որ դրա կարիքը շատ կա ու այդքան հիվանդ կա, որոնք կարիք ունեն MRT-ի, պարզապես ստեղծվել է MRT-ի բիզնես։ Մեկը սարք է բերում, հետո ինչ-ինչ միջոցով հասնում է նրան, որ բժիշկները MRT նշանակեն։ Օրինակ, ցանկացած մարդ, եթե գնա նյարդաբանի մոտ ու ասի գլուխս ցավում է՝ մեծ հավանականությամբ նրան ասելու են՝ գնա MRT անցի։ Բայց աշխարհում այդպես չէ։ Կա ալգորիթմ, մարդը մինչև MRT –ին հասնելը պետք է ճանապարհ անցի, նրա խնդիրը պիտի չլուծվի, նոր միայն մարդը պիտի հասնի MRT-ի։ Օրինակները շատ են։ Դրա հակառակ օրինակն էլ կա, մեր տարածաշրջանում ամենաքիչը ուռուցքաբանության մեջ կիրառվող գծային արագացուցիչները մեր երկրում չափազանց են։ Մեր երկրին անհրաժեշտ է 10-12 նման սարք, բայց մենք ունեն 2,5-ը միայն։ Ոչ ոք չի բերում, որովհետև դա բիզնեսի տեսանկյունից շահավետ չէ»։

Անդրադառնալով դեղատներին՝ նա նշեց, որ վերջերս վերլուծություն են կատարել և համեմատել են 10 հազար բնակչի հաշվով դեղատների թիվը Հայաստանում և Եվրոպայում, պարզվել է, որ Երևանում մոտ 1/3-րով դրանք ավելի են։ Այս 1/3-ով ավելի լինելը նշանակում է ավել աշխատող, ավել տարածք, ու ի վերջո դեղի ավել գին։ Դրանց բոլորի համար վճարում ենք մենք՝ բոլորս։

«Խնդիրը, ոչ թե այն է, որ մենք բոլորս շատ հիվանդ ենք, այլ տարիների ընթացքում մեր համակարգը դարձել է առևտրայնացված, կոմերցիալիզացված։ Եթե ուշադրություն դարձնեք, հիվանդանոցի ղեկավարները, երբ ամփոփում ենք իրենց գործունեությունը, տպավորություն է, որ առևտրային կետրոնի հաշվետվություն են ներկայացնում, իսկ զուտ առողջապահական հարցեր շատ քիչ են ներկայացվում։ Սա հենց առևտրականացման դրսևորումն է։ Մենք անգամ վարչապետ ենք ունեցել, որը ասում էր, որ այն պետական առողջապահական հիմնարկների տնօրենները, որոնք որ եկամուտ չեն ապահովում, պետք է հեռացվեն գործից, բայց հիվանդանոցը չպետք է դիտարկվի որպես առևտրի ու ծառայությունների կենտրոն։ Օրինակ՝ Իսրայելը, որ մեզնից 3 անգամ շատ բնակիչ ունի, մեզնից 3 անգամ քիչ հիվանդանոց ունի, ամբողջ Սլովենիայում, որը մեզնից մի քիչ պակաս բնակչություն ունի, 20-22 հիվանդանոց է գործում, իսկ մեզ մոտ 120-ից ավելի է։ Ընդ որում՝ իրենք մահճակալների հաշվով նույն քանակն ունեն, բայց դրա շնորհիվ իրենք ունեն ավելի քիչ ադմինիստրացիա, ավելի քիչ տնօրեններ, ավելի քիչ հաշվապահներ, պահակներ, և այլն»։

Նա ընդգծեց, որ այսօր Հայաստանում առողջապահությունը 81 տոկոսով ֆինանսավորվում է մարդկանց հաշվին, մինդեռ ԱՀԿ-ն վտանգավոր շեմ է համարում 30 տոկոսը։

«Այսինքն, բոլոր տնօրենները, հաշվապահները, պահակները մեր հաշվին հարստանում են։ Սրա լուծումն, իհարկե, ապահովագրության ներդրումն է, այդ դեպքում այս տենդենցը կարող է 180 աստիճանով փոխվել։ Այսինքն՝ մենք պետք է վճարենք 30 տոկոսը, իսկ 70 տոկոսը հիմնադրամը։ Ենթադրվում է, որ հիմնադրամը պետք է հսկի նաև, որ անիմաստ KT-ն ու MRT-նորն կրճատվեն»։

Ամենից շատ դիտված