Երևան +24°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:38 15-02-2023

Թուրքիան Հայաստանին դիտարկում է որպես քաղաքական միավորում, որն իրենք պետք է ոչնչացնեն, թուլացնեն կամ ձուլեն․ Արման Աբովյան

«Այս ընդգծված թրքասիրությունը մենք երբեք որևէ այլ երկրի հանդեպ չենք արտահայտել»։ Այս մասին ասաց 2013-2017 թվականներին Ուկրաինայում ՀՀ դեսպանի հատուկ հանձնարարություններով խորհրդական, նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարարի այցին Թուրքիա՝ այդ երկրին համերաշխություն հայտնելու նպատակով։

Այս առումով, Արման Աբովյանը հատուկ ուշադրություն հրավիրեց ՀՀ ներկա իշխանությունների առաջնահերթությունների տրամաբանության վրա։

«Այն խանդավառությունը, որով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով որոշումներ են ընդունվում, առնվազն, տարակուսելի է։ Գովազդվում ու տարածվում է ինչ-որ հարաբերությունների կարգավորում և այլն, և հումանիտար ինչ-որ բեռներ են ուղարկվում Թուրքիա։ Ես բնավ նպատակ չունեմ քննադատելու այդ բեռների տրամադրման հարցը։ Դե հիմա ողբերգություն է տեղի ունեցել։ Խնդիրն այն է, որ այդ նույն խանդավառությունը մենք չենք տեսնում նույն Արցախի ուղղությամբ, որն այսօր պաշարված է»,- ասաց նա։

Այս ամենից հետո, Աբովյանը եզրահանգման է գալիս՝ Թուրքիան Հայաստանի համար առավել առաջնահերթ է, քան Արցախը։

«Սա ոչ թե քննադատական ու քաղաքական ամրագրում է, այլ իրողություն, որն այսօր գոյություն ունի։ Այսինքն, այս իշխանության համար առաջնահերթություն է այն պետությունը, որը, ըստ էության, սպառնալիք է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության համար»,- ասաց նա։

Իր խոսքով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունների վարվող քաղաքականությունն անգամ միջազգային անվանում ունի։

«Կարելի է ենթադրել, որ իշխանությունները գործում են քաղաքական կլինչի սկզբունքվ, երբ դու գրկում ես քո հակառակորդին, մոտիկություն ես ցույց տալիս՝ փորձելով չեզոքացնել իր նպատակները։ Բայց ՀՀ արտաքին հարցերում պատասխանատուներին հիշեցնեմ, որ Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիայի նպատակն է ոչ թե կարգավորումը, այլ մի ֆորմատի ձևավորումը, որով իրենք կչեզոքացնեն իրենց համար որոշակիորեն վտանգ ներկայացնող գործընթացներ։ Օրինակ՝ Հայոց Ցեղասպանության ընդունման գործընթացը։ »,- ասաց նա։

Այս առումով, Աբովյանը հիշեց հենց վերջերս գրանցված այդպիսի դեպքերից մեկը։

«Գիտենք, որ Մեքսիկայի խորհրդարանն ընդունել է Հայոց Ցեղասպանությունը։ Թուրքական կողմի ամենակարևոր ու ամենաազդեցիկ հակափաստարկն այն էր, որ Հայաստանին Ցեղասպանության հարցն արդեն չի հետաքրքրում, և Մեքսիկան այս քայլով, փաստացի, խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը։ Պարզ է, որ սա բավականին լուրջ արգումենտ էր։ Եվ Մեքսիկայում աշխատեց հետևյալ թեզը, որ Մեքսիկայի պառլամենտը դա անում է ոչ թե հայերի համար, այլ ամրագրում է իր հումանիստական կեցվածքը»,- ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանի գործողությունները հարաբերությունների բարելավում չէ։ Իր խոսքով, սա թուրքական հակահայկական սցենարներից մեկն է՝ այսպես կոչված հարաբերություններ բարելավելու, որը թուրքերն, ըստ էության, երբեք էլ չեն թաքցրել։

«Ե՛վ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, և՛ Էրդողանը հետապնդում են տարածաշրջանի հետ կապված երկու հիմնական նպատակ՝ 1. ցամաքային սահման ձևավորել, այսպես կոչված, թուրքական աշխարհի հետ։ Բնականաբար, որպես դեպի թուրքական աշխարհ դարպասներն իրենք դիտարկում են Սյունիքը՝ տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքը»»,- ասաց նա։

2. Ձևավորել մի իրավիճակ, երբ Թուրքիայի սահմանի ողջ երկայնքով կլինեն բարեկամ երկրներ։ Հայաստանին իրենք որպես բարեկամ երկիր չեն դիտարկում ու չեն դիտարկելու։ Մեր երկիրը դիտարկվում է որպես քաղաքական միավորում, որն այս կամ այն առումով իրենք պետք է ոչնչացնեն, թուլացնեն կամ ձուլեն։ Սա ոչ թե վերլուծություն ու տեսակետ է, այլ փաստաթուղթ, որով նրանք աշխատում են։ Այսինքն, հայկական ու թուրքական կողմի նպատակները տարբեր են։ Դրա ամենապարզ ապացույցը կարող ենք գտնել Էրդողանի հայտարարություններում, որոնցում նա հստակ ասում է, որ Թուրքիան երբեք որևէ հարաբերությունների կարգավորման չի գնա Հայաստանի հետ՝ սահմանի բացում, բարիդրացիական հարաբերություններ և այլն, չհամաձայնեցնելով դա Ադրբեջանի հետ»,- ասաց նա։

Այս համատեքստում, Աբովյանը մատնանշում է ՀՀ իշխանությունների հայտարարությունները՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները վարում են առանց նախապայմանների։ Հայտարարում է՝ ՀՀ իշխանությունները ստել են։

«Ես չեմ հասկանում այդ ստի իմաստը, որովհետև այդ սուտը միշտ վաղ թե ուշ բացվում ու մերկանում է Թուրքիայի հայտարարություններով ու քայլերով։ Նրանք ակնհայտ հայտարարում են՝ մինչև դուք Ադրբեջանի նախապայմանները չկատարեք, ապա մենք ոչ մի հարաբերությունների բարելավման չենք գնա»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Աբովյանի խոսքով, այդ երկրի վարած քաղաքականությունը ենթադրում է ՀՀ, նվազագույնը, մասնատում՝ հարավով ու հյուսիսով։

«Ըստ էության, ՀՀ իշխանությունները կատարածուն են թուրք-ադրբեջանական նպատակների»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը տեսակետ հայտնեց, որ ՀՀ արտգործնախարարի այցը Թուրքիա ո՛չ միայն որևէ բան չի տալու մեր երկրին, այլև ավելի է վատացնելու մեր վիճակը։

«Դե լավ գնացիր, տեսար, ամպագոռգոռ բաներ խոսեցիք, իրար պաչ-պռոշտի արեցիք, բայց, ի վերջո, Թուրքիան այդուհանդերձ, վերահաստատեց, որ որևէ շոշափելի քայլի չի գնա։ Կրկին որպես ապացույց, չգիտես ինչու՝ հայկական հասարակությունը մոռացել է, որ սահմանը ոչ թե մենք ենք փակել, այլ թուրքերը։ Եվ այսօր սահմանի անվերապահորեն բացման գործընթացի ֆոնին թուրքերը չեն բացում։ Հիմա հարց․ եթե նախապայմաններ չկան, եթե չկա որևէ խոչընդոտ, ապա ինչո՞ւ թուրքերը չեն բացում սահմանը»,- ասաց նա։

Այս առումով, Աբովյանը հատուկ շեշտում է․ սահմանի բացումն էլ իր հերթին վտանգներ է պարունակում։

«Եթե կան մարդիկ, խոսքն իշխանությունների մասին չէ, այլ առհասարակ, որոնք երազում են թուրքական կոշիկը պաչելով, տեղեկատվական շղարշ տարածելով, որ եթե մենք թուրքերին հանձնվենք, ապա նրանք մեզ չեն սպանի, բարեկամ կդառնա, թուրքը փոխվել է, ապա այդ մարդիկ, ըստ էության, հանցակից են դառնում ապագա արհավիրքների։ Դրանք անխուսափելի կլինեն, եթե այսպես շարունակվի»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը չհիշեց նախկինում որևէ դեպք, որ որևէ արհավիրքից հետո Հայաստանի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարը մեկներ այդ երկիր՝ համերաշխություն հայտնելու։

«Ճիշտն ասած, ուղղակի ապշեցուցիչ է, այդ ամենօրյա քաղաքական ու բարոյական ստորացման իրավիճակը, որի մեջ մեզ դնում են ներկա իշխանությունները։ Իսկ այդ ստորացումը բերելու է անխուսափելի գործընթացի, ինչն էլ Հայաստանի Հանրապետությանը կկանգնեցնի գոյաբանական խնդրի առաջ։ Ավելի ճիշտ, այս իշխանություններն արդեն իսկ կանգնեցրել են գոյաբանական խնդիրների առջև։ Ցանկանում եմ, որ նույն ջանասիրությամբ, նույն այդ փայլուն աչքերով Արցախի կամ այլ հայանպաստ հարցերով տապակվեին իշխանությունները, ոչ թե գնային ընկնեին թուրքերի գիրկը, փորձել համոզել անհամոզելին»,- եզրափակեց նա։