Թե ինչ զարգացումներ կլինեն ԵՄ առաքելության Հայաստան գալու արդյունքում՝ կարելի է ասել այդ առաքելության ժամանումից հետո միայն,
Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
«Իրավիճակները շատ արագ են փոխվում և ԵՄ առաքելության վերաբերյալ կարծիքներն ու մոտեցումներն էլ օրերի տարբերությամբ են փոխվում։ Մոտ 1-2 ամիս առաջ, երբ որ սկսեց խոսել այդ առաքելության մասին, հստակորեն ասվեց, որ Իրանը դեմ է այդ ուժերի ներկայությանը՝ տարածաշրջանում։ Բայց մի երկու օր առաջ լսեցինք, որ Իրանը հայտարարել է, որ կողմ է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը լինի այստեղ։ Այդ առաքելությունն այստեղ դիտորդի դեր է կատարելու։ Այսինքն, այս առաքելության վրա դրված է միայն փաստերն արձանագրելու և դրանց վերաբերյալ համապատասխան զեկուցագրեր ներկայացնելու գործառույթ։ Որովհետև ինչքան էլ ես նայել եմ դիտորդական այլ առաքելությունների օրինակներ՝ նրանք դրանից բացի այլ գործառույթ չունեն և, ըստ էության, լիազորված էլ չեն։ Հիմա, եթե այդ առաքելությունը լինի Հայաստանում և ինչ-որ իրադարձություններ արձանագրի ու ներկայացնի եվրոպական հարթակներ՝ քննարկելու համար, կարծում եմ, որ դա կլինի սոսկ որակավորման, հայտարարության, բանաձևերի, կոչերի տեսքով և ուրիշ ոչինչ»,- ասաց նա։
Այս առումով, հաշվի առնելով առաքելության, առավելապես դիտորդական և ո՛չ գործառնական ֆունկցիան, այն շատ բան փոխել չի կարողանա։
«Եթե, ասենք, ինչ-որ հարձակում է լինում Հայաստանի վրա, բնականաբար, միայն արձանագրումն ու դրա շուրջ ինչ-որ բանաձևի ընդունումը դժվար թե մեզ ինչ-որ օգուտ տա։ Բայց, ամեն դեպքում, հայանպաստ որոշումներ կայացնող եվրոպական առաքելություններին ես հակված չեմ քննադատել կամ բացասական վերաբերմունք ցույց տալ։ Այստեղ կա ինչ-որ դրական միտում՝ կայունացնել և Հայաստանը դուրս բերել որոշակի հարվածների տակից։ Նկատի ունենալով և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի բացասական վերաբերմունքը՝առանձնակի հույսեր չեմ փայփայում, որ այդ դիտորդական առաքելությունըկարող է իրավիճակ փոխել։ Փաստերից մեկն էլ Լաչինի միջանցքի փակված լինելն է, որի բացելու մասին ամենաբարձր մակարդակով արևմտյան հարթակներում հնչել են կոչեր, հայտարարություններ, ընդունվել են բանաձևեր, անձամբ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն է զանգահարել Ալիևին, Վաշինգտոնից էլ լուրջ կառավարական մակարդակի ուղերձներ են հղվել բացելու վերաբերյալ, բայց, ըստ էության, ոչինչ չի փոխվել։ Ադրբեջանը շատ ռեալ պոլիտիկ քաղաքականություն է վարում և հասկանում է, որ իր նկատմամբ ոչ մի քայլ չի իրականացվելու, բացի այդ ֆորմատի գործողություններից»,- ասաց նա։
Անդրադառնալով ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը՝ ԵՄ առաքելության՝ ՀՀ այցի վերաբերյալ՝ Քեռյանը չբացառեց այդ ուղղությամբ ռուսական կողմի հնարավոր հակազդեցության հնարավորությունը։
«Շատ հնարավոր է, որ Ռուսաստանն ինչ-որ քայլերի դիմի, որովհետև, ըստ էության, ռուսական կողմը դա ընկալում է ո՛չ թե որպես հակամարտության լուծմանն ուղղված քայլ, այլ որպես իրեն տարածաշրջանից դուրս մղելու միջոցառում։ Ինչպես Ռուսաստանի դեսպանը վերջերս հայտարարեց, Ռուսաստանը երբեք դուրս չի գալու Հարավային Կովկասից։ Սա նշանակում է, որ եթե ռուսական կողմը զգա, որ այս դիտորդական առաքելությունը, ըստ էության, բացի դիտորդությունից, Ռուսաստանի շահերին չհամապատասխանող որոշակի այլ գործողույթուններ ևս փորձում է իրականացնել, ապա նա կօգտագործի իր լծակները դրան հակազդելու համար։ Իսկ այդ լծակները Ռուսաստանն ունի․ դա առաջին հերթին ռազմական ներկայությունն է 3 վայրերում՝ Գյումրիում ռազմաբազան, Արցախում ևս ռազմաբազա և հայ- թուրքական և հայ- իրանական սահմաններին կանգնած սահմանպահ զորքերը։ Սրան կարող է գումարվել էնրգետիկ լծակը, որովհետև Հայաստանն այսօր ամբողջությամբ կախված է ռուսական գազից։ Ե՛վ տնտեսական, և՛ սոցիալական, և՛ տրասպորտային ամբողջ համակարգն ու ենթակառուցվածքները հենվում են ռուսական էժան գազի մատակարարման վրա։ Դրա դադարեցումը կամ թանկացումը շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ»,- եզրափակեց քաղաքագետը։