copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:14 08-02-2023

Նոր ռազմական ագրեսիայի լեգիտիմացու՞մ. Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանն ու Իրանը հարձակում են նախապատրաստում

Ադրբեջանի իշխանությունների քարոզչամեքենան հանդիսացող Haqqin.az լրատվականը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ Հայաստանը և Իրանի Իսլամական Հանրապետությունը հարձակում են նախապատրաստում Արցախի Քաշաթաղի շրջանի տարածքի նկատմամբ, որը 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։

Հաղորդվում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամ 30 զինվորականները, ովքեր հատուկ պատրաստություն են անցել, ներկայումս գտնվում են Սյունիքի մարզում՝ Հայաստանի և Ադրբեջանի փաստացի սահմանի հարևանությամբ։ Հատկանշական է, որ ադրբեջանական լրատվամիջոցը նշում է, որ 30 զինծառայողները էթնիկ ադրբեջանցիներ են։

Նշվում է, որ օպերատիվ խմբի ղեկավարը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ է, ում անունը հայտնի է Ադրբեջանի կառավարությանը։ «Այս մարդը երկար ժամանակ ծառայել է Սիրիայում, որտեղ ղեկավարել է տեղական ռազմական գործողությունների և դիվերսիոն ու ահաբեկչական ծրագրերի մշակումն ու իրականացումը։ Ադրբեջանական կողմը ստույգ տեղեկություններ ունի ստորաբաժանումների հրամանատարների և անգամ ԻՀՊԿ դիվերսիոն խմբի որոշ մարտիկների մասին»,- ասվում է հոդվածում։

Ադրբեջանական լրատվամիջոցը նշում է, որ «հայ-իրանանական դիվերսիոն խումբը նախատեսում է երկու անընդմեջ հարձակում կազմակերպել Լաչինի և Կուբաթլուի շրջանների ուղղությամբ»։ Հրապարակման համաձայն՝ «առաջին հարձակումը կիրականացվի Հայաստանի զինված ուժերի մի խումբ զինծառայողների կողմից, որոնց առջև խնդիր է դրված ոչնչացնել հակառակորդի կենդանի ուժը»։ Բացի այդ նշվում է, որ մյուս խումբը «ադրբեջանցիների զինվորների անվան տակ հարձակվելու է հայկական դիրքերից մեկի վրա և ոչնչացնելու այնտեղ տեղակայված բոլոր զինվորներին»։

Haqqin.az-ը նշում է, որ «գործողության ընթացքում տեսանկարահանվելու են հայ զինվորների սպանության տեսարաններ, ինչպես նաև ադրբեջաներեն ելույթ»։ Լրատվամիջոցը նշում է նաև, որ իր տեղեկություններով «Սյունիքի մարզի տարածքում կարող են ներգրավվել ԻՀՊԿ-ի լրացուցիչ ստորաբաժանումներ և հարձակումներ իրականացնել ադրբեջանական բանակի դիրքերի, որոնցում, հնարավոր է, կիրառվեն իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր»։

Ադրբեջանական կողմը տեղեկացնում է նաև, որ «նախատեսվող դիվերսիայի հիմնական նպատակը ԵՄ առաքելության համար ապացույցների հավաքագրումն է, որոնք կապացուցեն Ադրբեջանի կողմից իրականացված վայրագությունները»։ Բացի այդ լրատվամիջոցը շեշտում է, որ գործողությունը իրավական հիմք կստեղծի, որպեսզի Իրանի զինված ուժերը կարողանան մուտք գործել Հայաստանի տարածք։ Բացի այդ լրատվականը հիշեցնում է, որ նախորդ տարի «Իրանի 30 քաղաքացիներ, ովքեր կապված են ԻՀՊԿ-ի հետ այցելել են Արցախ, և նրանք դեռևս այնտեղ են գտնվում»։

Լրատվամիջոցը նաև ուշադրություն է հրավիրում այն բանին, որ ենթադրյալ սադրանքի ժամանակի նույնպես պատահական չի ընտրվել։ Նշվում է, որ «Հայաստանն ու Իրանը կարծում են, որ օրերս տեղի ունեցած երկրաշարժից փրկված և ներքին խնդիրների լուծմամբ զբաղված Թուրքիան չի կարողանա պատշաճ կերպով միջամտել իրավիճակին»։ «Ուստի նրանք ձգտում են օգտագործել Ադրբեջանի դեմ վաղուց ծրագրված ռազմական գործողություններ իրականացնելու նպաստավոր շանսը»,- ասվում է հոդվածում։

Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը նմանապիպ հրապարակումներով հող է նախապատրասում, որպեսզի լեգիտիմացնի Հայաստանի և Արցախի նկատմամբ իր կողմից ծրագրվող հերթական ագրեսիան։ Հարկ է նկատել, որ ինչպես 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ի ռազմական բախումների նախօրեին ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները միաբերան պնդում էին, թե,իբր Հայաստանը ռազմական ագրեսիա է ծրագրում Ադրբեջանի դեմ։