Երևան +14°
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 22:35 07-09-2023

Ակնհայտ է, որ Ադրբեջանը նախապատրաստում է ռազմական գործողություններ․ Արտակ Բեգլարյան

Տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարություններ ու նյութեր հստակորեն ապացուցում են, որ վերջին օրերին Ադրբեջանը Արցախի և Հայաստանի շուրջ մեծածավալ զինտեխնիկա ու զորք է կուտակում:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետական նախարարի Արտակ Բեգլարյանը։

«Ուշագրավ է, որ այդ գործընթացներին նախորդել են մի շարք զարգացումներ, ներառյալ՝ Թուրքիայի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության ակտիվ հանդիպումները, Իսրայելից, Չեխիայից ու Թուրքիայից սպառազինությունների ներկրման ինտենսիվացումը, հրադադարի խախտման դեպքերի կտրուկ աճը, հայկական կողմերին ուղղված կեղծ մեղադրանքները: Իսկ վերոնշյալ տեղաշարժերն ուղեկցվել են ադրբեջանական սոցցանցային տիրույթում բազմաթիվ տեսանյութերի ու ռազմաշունչ կոչերի հրապարակմամբ, ինչն ակնհայտորեն թույլատրված ու կազմակերպված էր իշխանությունների կողմից:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը նախապատրաստում է ռազմական գործողություններ՝ հընթացս փորձելով հոգեբանական ճնշում գործադրել Արցախի և Հայաստանի Հանրապետությունների իշխանությունների ու հասարակությունների վրա, ինչպես նաև ստուգել հայկական կողմերի և տարածաշրջանային ու գլոբալ դերակատարների արձագանքը: Այս իրավիճակում շատ կարևոր է, որ դիվանագիտական բոլոր գործիքակազմերը կիրառվեն հնարավոր ռազմական ագրեսիայի կանխման ուղղությամբ՝ բնականաբար, միաժամանակ հնարավորինս պատրաստվելով հավանական ագրեսիան ռազմական միջոցներով դիմակայելուն: Մեկ բան հստակ է. մինչև ռազմական գործողությունների մեկնարկի պահը հնարավոր է կանխել դրանք:

Դիվանագիտական ջանքերի արդյունավետության համար այս փուլում չորս հիմնական սկզբունք կառանձնացնեի, որոնք պետք է Հայաստանի ու Արցախի իշխանությունները հաշվի առնեն՝

Հայկական կողմերը երբեք չպետք է միջազգային դերակատարների մոտ ապակառուցողական կողմի տպավորություն թողնեն՝ մշտապես բաց լինելով կառուցողական բանակցությունների ու առաջընթացի համար: Դրա համար շատ կարևոր է արդյունավետ բաց և փակ հաղորդակցությունը բոլորի հետ՝ զգույշ լինելով, որ հանկարծ երկուստեք ավելորդ ակնկալիքներ չձևավորվեն այդ հարաբերություններում և հստակորեն ներկայացնենք ու հիմնավորենք մեր դիրքորոշումները և դրանց հիմքում ընկած շահերն ու պահանջմունքները:

Պետք է հատկապես այսպիսի փխրուն ժամանակահատվածներում իշխանությունները զերծ մնան մեր անվտանգային միջավայրի որևէ գործոն թուլացնելու գործողություններից: Այս պահին մեր անելիքը պետք է լինի հակառակը՝ ուժեղացնել բոլոր գործոնները և խուսափել անվտանգային վակուումի ձևավորումից, այլապես այդ վակուումը կարող է դառնալ ցնցում առաջացնող ճեղքը, որին սպասում է Ադրբեջանը: Այդ համատեքստում կարևոր սկզբունքներից է այն, որ մենք պետք է հնարավորինս խուսափենք գերտերությունների միջև հակամարտություններում ակտիվ գործիք լինելուց մյուսների դեմ, քանի որ մեր նման փոքր երկրները բավարար ռազմավարական կապիտալ չունեն գերտերությունների նույնիսկ «խանդին» դիմակայելու համար:

Պետք է գտնել Ադրբեջանի այն խոցելի տեղերը, որոնց ուղղությամբ հնարավոր է կարճ ժամկետում բարձրացնել նրա թշնամական կամ նույնիսկ ապակառուցողական գործողությունների գործնական գինը: Արցախի ցեղասպանական պաշարումը և անցած տարվա սեպտեմբերին ՀՀ տարածքների գրավումը լավագույն հիմքերն են Հայաստանի համար, որ Եվրոմիությունից ու ԱՄՆ-ից պահանջի Ադրբեջանի և նրա իշխանությունների ու տարբեր հանցագործություններ կատարած անձանց դեմ պատժամիջոցների կիրառում:

Կարծում եմ՝ Հայաստանը շատ է հապաղել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներն իր արտաքին քաղաքական օրակարգ մտցնելու հարցում, ինչի հետևանքով Ադրբեջանը լրիվությամբ մարսել է սեպտեմբերյան ագրեսիան ու ՀՀ տարածքների շարունակական օկուպացիան, իսկ հիմա էլ շարունակում է մարսել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը: Քանի դեռ Հայաստանը կոնկրետ գործնական ու հիմնավոր պահանջ-առաջարկներ չի ներկայացրել իր գործընկերներին, նրանք շարունակելու են խաղալ տեխնիկական միջնորդի դեր՝ մոռանալով միջազգային անվտանգության ու խաղաղության պաշտպանության և ցեղասպանությունների կանխարգելման հարցում իրենց պարտավորությունները: Իհարկե, Ռուսաստանի, Իրանի և այլ դերակատարների հետ հարաբերությունների միջոցով նույնպես կարելի է զգալիորեն բարձրացնել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների գինը և դրանով զսպել նրան, բայց այդ հարաբերությունները պետք է անպայմանորեն հաշվի առնեն նաև նախորդ երկու սկզբունքները:

Անշուշտ, Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի զսպման գլխավոր գործոններից մեկը Հայաստանի զինված ուժերի և Արցախի Պաշտպանության բանակի դիմադրելու կարողությունն է: Մենք որքան ավելի պատրաստ լինենք հնարավոր ռազմական ագրեսիայի գինը բարձրացնելու նաև ռազմական միջոցներով, Ադրբեջանի իշխանություններն այնքան ավելի դժվարությամբ կկայացնեն Արցախի ու Հայաստանի վրա հարձակվելու որոշումը:

Վերջում հիշեցնեմ, որ մենք պատերազմ չենք ուզում և մշտապես պատրաստ ենք խաղաղ բանակցություններով կարգավորելու հակամարտությունները, սակայն դա չի կարող լինել «խաղաղ միջոցներով» մեր ժողովրդին ցեղասպանելու և այլ ծանր հանցագործությունների պայմաններում», - նշվում է գրառման մեջ:

Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
10:00 ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
09:52 ՊՆ-ից վստահեցնում են՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի ուղղությամբ կրակ չի բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից
12:13 Երևանում Nissan-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով մի քանի մետր շպրտվել և բախվել է կայանված Mazda-ին․ նա մահացել է. shamshyan.com