Երևան +21°
copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 17:07 08-02-2023

Որքան էլ օգնենք Թուրքիային՝ այդ երկիրը չի փոխի մեր նկատմամբ իր քաղաքականությունը․ Խոսրով Հարությունյան

Այն, որ հայաստանյան իշխանություններն արձագանքում են Թուրքիայի վերջին արհավիրքին՝ ես դրան նորմալ եմ նայում։ Առավել ևս, որ այդուհանդերձ, օրակարգում կա հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու խնդիր։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման նպատակով Հայաստանից հումանիտար օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարությանը։

«Այլ հարց է՝ որքանով է այդ նորմալացման կամ կարգավորման օրակարգը բխում մեր երկարաժամկետ անվտանգության հարցերից։ Դա բոլորովին այլ խնդիր է։ Բայց, բոլոր դեպքերում, քանի դեռ կան ու գոյություն ունեն շփումներ երկու պետությունների միջև՝ նման արձագանքը պետք է դիտել որպես բնական»,- ասաց նա։

ՀՀ նախկին վարչապետը մտահոգություն է հայտնում Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին արձագանքելու ֆոնին նույնպիսի մարդասիրական մղումներով Իրանին ուղղված արձագանքի բացակայության փաստի հարցում։

«Չէ՞ որ այդ երկիրը ևս տուժել է երկրաշարժից։ Միգուցե մասշտաբներով էր պայմանավորված՝ չգիտեմ։ Բայց համենայն դեպս, երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների բովանդակությունը ենթադրում է, որ Հայաստանի իշխանություններն այդ հարցում նույնպես պետք է լինեին մտագոհ և ըստ արժանվույն արձագանքեին մեր բարեկամ ժողովրդին։ Ընդ որում, եկեք նաև արձանագրենք, որ իշխանությունները նաև բանակցել են Սիրիայի նախագահի հետ և, եթե արդեն իսկ չեն ուղարկել, ապա նախապատրաստում են համապատասխան օգնություն նաև Սիրիայի Հանրապետությանը»,- ասաց նա։

Խոսրով Հարությունյանը կոչ արեց առանձնապես մեծ կարևորություն չտալ Թուրքիայի ու Հայաստանի հետ կապված այս իրադարձություններին։ Նա տեսակետ հայտնեց, որ այդ օգնության տրամադրման փաստը երկու երկրների հարաբերությունների կարգավորման առումով անկյունաքարային մեծ ազդեցություն ունենալ չի կարող։

«Թուրքիան այս պայմաններում էլ իր քաղաքականությունն է իրականացնում։ Քանի որ ինքը (Թուրքիայի իշխանությունները- խմբ․) հռչակել է, թե մենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով, իբր թե առանց նախապայմանների, պատրաստ ենք գնալ բանակցությունների։ Իրականում մենք գիտենք, որ կան լուրջ նախապայմաններ։ Ընդ որում, պահպանվում են թե՛ նախկին նախապայմանները՝ կապված Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերի հետ, թե՛ նոր առաջ քաշած նախապայմանները՝ «ինչին կհամաձայնի Ադրբեջանը՝ կհամաձայնենք մենք»։

Դա վերաբերում է նաև Սյունիքում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ին։ Հետևաբար, քանի որ Թուրքիան այդպիսի քաղաքականություն է վարում, ապա նա պետք է լոյալ լինի, աշխարհին ցույց տա, թե տեսեք՝ մենք չմերժեցինք Հայաստանի կողմից առաջարկված օգնությունը։ Այն միլիարդավոր օգնությունների մեջ Հայաստանի օգնությունն, այսպես ասած, էական չի կարող լինել։ Այստեղ ավելի շատ բարի կամքի դրսևորման խնդիր է։ Անհրաժեշտության դեպքում նույն Թուրքիան կարող է կոպտությամբ մերժել մեր ցանկացած նախաձեռնություն»,- ասաց նա։

Այս առումով, Հարությունյանը կարևորեց նաև Հայաստանի կողմից Սիրիային օգնություն ցուցաբերելու պատրաստակամության փաստը։