Երևան +21°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:11 05-02-2023

Շատ փող, քիչ արժանապատվություն. ինչո՞ւ են հայ արտադրողներն ադրբեջաներեն անուններով ապրանքներ արտադրում

«Ավշար» գինու և կոնյակի գործարանը «Էրիվան» անունով կոնյակ է արտադրում։ Սոցկայքում արտադրանքի նկարը տարածվելուց հետո քաղաքացիները բացասական են արձագանքել անվանը, ասելով, որ մայրաքաղաք Երևանին «Էրիվան» անվանում են ադրբեջանցիները։

Հասկանալու համար, արդյոք հանուն բիզնեսի հնարավո՞ր է վաճառել, այսպես ասած, արժանապատվությունը, ի՞նչ են մտածում մեր արտադրողները, մի՞թե միտումնավոր են անում և ո՞ր երկրի համար են առհասարակ արտադրում այն՝ Oragir.News-ը զրուցեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, ով զրույցում ասաց. «Կան հարցեր, որոնք հայրենասիրական ֆոնի վրա պետք չի մեկնաբանել, որովհետև եթե մի քիչ բառերի ծագումնաբանության մեջ խորանանք, կարող է պարզվի, որ հեչ էլ վախենալու չի։ Ըստ էության, արտադրանքն ադրբեջանական շուկայի համար չէ, որովհետև, ըստ էության, մենք Ադրբեջան չենք էլ կարող արտահանել, կամ Ադրբեջանն անգամ այն կթողի, եթե դրա անունը դնենք «Էրիվան»։ Դրա համար ավելի լավ կլինի՝ դրա գնահատականը լեզվաբանը տա ու բիզնես անողին հարցնել, արդյո՞ք նրանք գիտեն, որ պայմանականորեն, եթե դա ադրբեջաներեն Երևանի անվանումն է, մարդիկ ասում են՝ չէ, չեն իմացել։

«Հին Էրիվան» ռեստորան կա Երևանում, մեր իրականության մեջ տարիներ շարունակ քննարկվում էր, հիմա քաղաքական միջավայրը փոխվել է, ու մենք ամեն ինչին սուր ենք նայում, բայց պետք է առաջինը հասկանանք՝ ծագումնաբանությունը որտեղից է եկել։ Մի խոսքով մի շարք հարցեր կան։

Դուք, օրինակ, մի նյութ չեք գտնի «Հին Էրիվան» ռեստորանի մասին, ու այս կոնյակի բիզնեսը կարող է նույն բիզնեսի տրամաբանական շարունակությունը լինի՝ վատ միտք տակը դրած չլինելով։ «Հին Էրիվանն» էլ վատ իմաստով չեն դրել ռեստորանի անունը»։

Հասկանալու համար «Էրիվան» բառի գործածությունն, առհասարակ, նման դեպքերում ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել՝ զրուցեցինք գրականագետ Սերժ Սրապիոնյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Այն արտադրողները, ովքեր իրենց բիզնեսի վրա Էրիվան են գրում, ուղղակիորն կամ անուղղակիորեն ժխտում են ադրբեջանական այն վարկածը, որին մեր ժողովուրդը հավատում է։ Նրանք ուզում են «Էրիվան» ասելով նշել, որ դա մեր հայկական անվան թուրքական հնչողությունն է։

Եթե կուզեք ճիշտն իմանալ՝ տեղանունների անունները հայոց բացատրական բառարանում տվել են Մելիքբախշյանը և Հովհաննես Բարսեղյանը՝ մեր լեզվաբանները։ Սա թյուրիմացության արդյունք է, ու ադրբեջանական հնչողությունները, թվում է, թե հենց ադրբեջաներենից է։ Այն լեզու էլ չի, թուրքական բարբառ է։

Հիշեք՝ Երևան բառը որտեղի՞ց է գալիս, դա հենց Էրեբունին է, այսինքն՝ այդ «Ե» եկրհնչյունը բառասկզբում չի էլ եղել և բարբառային ու խոսվածքային փոփոխությունների արդյունքում Երևանը ինչ-որ ժամանակ առաջ կոչվել է հենց Էրիվան։ Իսկ արտադրողը «Էրիվան» ստեղծելով՝ ուղիղ կապ է ստեղծում Էրեբունի, Էրիվան, Երևան անվան հետ»։

Հիշեցնենք, որ Oragir.News-ն անդրադարձել էր «Բիէլլա» ընկերության Էրիվան անվանումով հում-ապխտած երշիկի արտադրմանն ու արտահանմանը։


Ամենից շատ դիտված