ՌԴ մեկնած խոպանչիներն տարեցտարի ավելի քիչ փող են ուղարկում, ԱՄՆ մեկնածները՝ ավելի շատ
copy image url

ՌԴ մեկնած խոպանչիներն տարեցտարի ավելի քիչ փող են ուղարկում, ԱՄՆ մեկնածները՝ ավելի շատ

Ներքին 3 տարի առաջ - 14:27 16-02-2022
ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է 2021թ․-ի ընթացքում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և նույն սկզբունքով ՀՀ-ից արտերկիր փոխանցված գումարների հաշվեկշիռը։ Ներկայացվել են ներհոսքի ու արտահոսքի ընդհանուր թվերը և երկու առաջատար պետությունները, որոնք պայմանավորել են հիմնական ներհոսքն ու արտահոսքը։

2021թ․-ին արտաքին աշխարհից ՀՀ է փոխանցվել 2 մլրդ 109 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ Այս թիվը 2014թ-ին փոխանցվածից հետո (2․12 մլրդ դոլար) վերջին տարիներին ՀՀ ներհոսած ամենամեծ գումարն է։ 2020թ․-ին, պայմանավորված կորոնավիրուսով, մեր հայրենակիցների մի զգալի մասը չի մեկնել արտերկիր՝ աշխատանքի։ Այդուհանդերձ այդ տարում ՀՀ փոխանցված գումարների մակարդակը եղել է բարձր․ 1․84 մլրդ դոլար, որը 116 մլն դոլարով է պակաս եղել 2019թ․-ի ներհոսքի ցուցանիշից, բայց գերազանցել է մնացյալ տարիների ցուցանիշները։

Ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով ՀՀ մտնող գումարների բացարձակ մեծամասնությունը գալիս է ՌԴ-ից։ Անցած տարվա 2․1 մլրդ դոլարի ներհոսքից 866 մլնը եկել է ՌԴ-ից։ Արժե նշել, որ սա վերջին տասնամյակի ամենավատ ցուցանիշներից է։ Հասկանալիորեն քիչ ավելի փոքր գումար է ուղարկվել 2020թ․-ին։ Իսկ մինչ այդ յուրաքանչյուր տարվա հաշվով ՌԴ-ից ՀՀ է հոսել միջինում ավելի քան 1-1․1 մլրդ դոլար։
Հայաստանի երկրորդ խոշորագույն «դոնորը» Միացյալ Նահանգներն է։ Նախ․ այդ առումով, ՌԴ-ի համեմատությամբ, ԱՄՆ-ն ավելի «համեստ» էր։ Մինչև 2017թ․-ը ներառյալ, յուրաքանչյուր տարի Միացյալ Նահանգներից բանկային փոխանցումների միջոցով Հայաստան է ներհոսել պակաս, քան 200 մլն դոլար։ 2018թ․-ի ներհոսքի թվերը շեշտակի ավելացել են։ 2020թ․-ին ԱՄՆ-ից Հայաստան է հոսել գրեթե 459 մլն դոլար, 2021թ․-ին՝ արդեն 580․3 մլն։ Պետք է մասնագիտական խորը ուսումնասիրություն իրականացվի, հասկանալու համար կապ կա՞ արդյոք ՌԴ-ի ներհոսքերի նվազմանը զուգահեռ ԱՄՆ-ից եկող գումարների աճի միջև, թե՞ դա զուտ համընկնում է։

Հասկանալի է, որ փոխանցումները միակողմանի չեն լինում, Հայաստանից էլ են գումարներ փոխանցվում դուրս և բոլորովին էլ ոչ փոքր թվերով։ 2021թ․-ին ՀՀ-ից Ռուսաստան է փոխանցվել գրեթե 402 մլն դոլար։ Ընդ որում, սա վերջին 4 տարում ՀՀ-ից ՌԴ փոխանցված ամենափոքր գումարն է։ 2020թ․-ին այստեղից դեպի ՌԴ արտահոսքը կազմել է 460 մլն դոլար, 2018-ին՝ 471․7 մլն։
Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին։ Անցած տարի ՀՀ-ից ՌԴ է փոխանցվել 189 մլն դոլար, 2020թ․-ին՝ 162․3, իսկ 2019թ․-ին՝ 275 մլն դոլար։
Ինչ վերաբերում է զուտ ներհոսքին, այն է՝ ստացած և ուղարկածների տարբերությանը․ այստեղ բավականին հետաքրքիր պատկեր է ուրվագծվում։ Հայաստան-Ռուսաստան «մասնավոր ֆինանսական» հարաբերություններում «զուտ ներհոսքը» տարեցտարի կայունորեն նվազում է։ Եթե 2014թ․-ին այն 1․3 մլրդ էր, ապա 2016թ-ին՝ 563․5 մլն, 2018թ․-ին՝ 578մլն, 2020թ․-ին՝ 364․8, անցած տարի՝ մոտ 464 մլն։ Միացյալ նահանգների դեպքում ընդգծված անկանոնություն կա։ 2014թ․-ին՝ 5 մլն, 2016թ․-ին՝ 92․7 մլն, 2018թ․-ին՝ 33մլն, 2019թ․-ին՝ 6 մլն, 20-ին՝ 296․3 և 21թ․-ին՝ 391․3 մլն։