Երևան +19°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 22:30 04-02-2023

Գույներ փնտրող գիտնականը

1879 թվականի փետրվարի 5-ին Բաքվում ծնվել է Հովհաննես Ադամյանը` հայ ճարտարագետ-գյուտարարը, գունավոր հեռուստատեսության հիմնադիրներից մեկը։



Հեռուստատեսության և լուսահեռագրման բնագավառներում ավելի քան 20 գյուտերի հեղինակը ծնվել էր շուշեցի նավթարդյունաբերող Աբգարի և Մարգարիտի ընտանիքում: Սա ապահովված, բարեկիրթ ու զարգացած մի ընտանիք էր, որտեղ Հովհաննեսը դաստիարակվել էր լավագույն ավանդույթներով։ Դպրոցական ուսումնառության հետ զուգահեռ նա իր երկու քույրերի և եղբոր հետ երաժշտական հրաշալի կրթություն էր ստացել։ Հովհաննեսի երկու քույրերը հետագայում դարձան անվանի դաշնակահարուհիներ, իսկ երաժշտագետ եղբայրը՝ Արշակ Ադամյանը դարձավ Երևանի կոնսերվատորիայի ռեկտորը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը։
Սակայն, բացարձակ լսողություն ունեցող Հովհաննեսը, որ գերազանց ջութակ էր նվագում և հրաշալի նկարում էր` չընտրեց արվեստի ճանապարհը։

Դպրոցն ավարտելուց հետո նա մեկնեց Եվրոպա, սովորեց Մյունխենի, Ցյուրիխի, Բեռլինի, Փարիզի համալսարաններում` մասնագիտանալով տեխնիկական գիտությունների բնագավառում։
Ուսումնառությունից հետո Ադամյանը սկսեց զբաղվել պատկերները հեռավորության վրա հաղորդելու խնդրով։ Տիրապետելով եվրոպական մի շարք լեզուներին նա հեշտությամբ ծանոթանում և սերտ կապեր էր հաստատում մի շարք երկրների գիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների և նշանավոր գիտնականների հետ։



Գերմանիայում Ադամյանն իր միջոցներով ստեղծեց լաբորատորիա և կատարեց մի շարք գյուտեր։ Դրանցից մեկը 1908 թվականին էլեկտրականության միջոցով պատկերի հաղորդման ու վերարտադրման հնարավորության հիմնավորումն էր, այնուհետև գունավոր պատկերը հաղորդալարերով 600 կմ հեռավորության վրա հաղորդելու առաջին փորձի իրագործումը։
Հովհաննես Ադամյանը թողնելով եվրոպական հաջողությունները, 1913 թվականին տեղափոխվեց Ռուսաստան և մինչև 1932 թվականը ապրեց Պետրոգրադում։ Այստեղ էլ սեփական միջոցներով լաբորատորիա հիմնելով` շարունակեց գիտափորձերը։

Այս ժամանակահատվածում Ադամյանը ստացել է 21 արտոնագիր, որոնցից երկուսը՝ հեռուստատեսության բնագավառում։ 1918 թվականին նա ստեղծեց Ռուսաստանում առաջին սարքը, որը ցուցադրում էր սև և սպիտակ անշարժ պատկերներ։ Սա մեծ քայլ էր հեռուստատեսության զարգացման բնագավառում։
Հովհաննես Ադամյանն իր բոլոր իր գյուտերի, գիտական ուսումնասիրությունների ու բացահայտումներին զուգահեռ, այնուամենայնիվ պատմության մեջ մնաց որպես գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարար։
1925 թ. Երևանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում Ադամյանը պատրաստել և գործողության մեջ ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը։ Համանման համակարգ Մեծ Բրիտանիայում ներկայացվեց միայն երեք տարի անց` 1928 թվականին։
1945-1951 թվականներին ԱՄՆ-ի Կոլումբիա (CBS) ռադիոընկերությունը Նյու-Յորքում կատարեց իր փորձնական ցուցադրումը, իսկ 1951-1953 թվականներին Ադամյանի համակարգն ընդունվեց որպես կայուն գործող համակարգ և օգտագործվեց գունավոր պատկերներ ցուցադրելու համար։
Սակայն, ավաղ, մեծ գիտնականը սա չտեսավ։



Երիկամների քաղցկեղը քայքայեց նրա առողջությունը և 54-ամյա Հովհաննես Ադամյանը կյանքին հրաժեշտ տվեց 1932 թվականին` Լենինգրադում։ Նա մահից առաջ հասցրեց հայտնագործել ժապավենի վրա ձայնագրված պատկերների վերարտադրման սարքը` տեսամագնիտոֆոնը, որի նախատիպի արտոնագիրը Հովհաննես Ադամյանին շնորհվեց հետմահու:
Մեծ գիտնականի աճյունը, մահից 38 տարի անց, տեղափոխվեց Հայաստան և թաղվեց Կոմիտասի անվան պանթեոնում։

Նաիրա Եղիազարյան