Երևան +27°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:40 04-02-2023

Ռուս- թուրքական տրյուկը չանցավ Արցախում, հիմա էլ իրենք թող մտածեն՝ ինչպես են մարսելու իրենց եփած ճաշը․ արցախցի

Պարենային խնդրի հետ կապված վիճակն Արցախում մի փոքր մեղմվել է։ Պատճառը կտրոնային համակարգի կիրառությունն է։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի բնակիչ Արթուր Գրիգորյանը։

«Այսինքն, առկա ռեսուրսների համաչափ օգտագործումը իրավիճակի վրա բավականին դրական է ազդել։ Նախորդ օրերի կամ մեկ ամիս առաջվա համեմատ, հիմա վիճակը բավականին բարվոք է։ Պարենի խնդիրն այլևս այդքան սուղ չէ՝ նախկինի պես»,- մանրամասնեց նա։

Վերջին մի քանի օրերի ընթացքում, Արցախում նաև մրգեր են սկսել վաճառվել։

«Դե մի քանի հատիկով, հերթեր կանգնելով, բայց ամեն դեպքում կա։ Մանդարինն ու նարինջը կա, այո։ Երեկ ու այսօր, կարծեմ, խնձոր է լինելու։ Մեկ-մեկ պատահում է նաև գազար»,- ասաց նա։

Արթուր Գրիգորյանի խոսքով՝ ժողովուրդն այսօր կանգնած է հացի խնդրի առաջ ու խոսակցություններում գերիշխում է հենց սննդի թեման։

«Կա, մեղմանում է իրավիճակը։ Բայց առաջվա պես չէ, որ երեխադ որքան միրգ ուզի, կարողանաս ձեռք բերել։ Էդպես չէ։ Կարող է քեզ 3 հատ միրգ բաժին հասնել։ Այդուհանդերձ, նախորդ 50 օրերի համեմատ այս վերջին 5 օրերին, կարելի է ասել, որոշ չափով առաջընթաց կա»,- ասաց նա։

Արցախցի մեր հայրենակցի խոսքով, այս ամենի ֆոնին գնալով խորանում է սոցիալ- տնտեսական բարդ իրավիճակը։ Հազարավոր մարդիկ կամ գործազուրկ են մնացել, կամ այդ կարգավիճակի ճանապարհին են։

«Խոսքը վերաբերում է ոչ միայն խոշոր ընկերություններին, այլև փոքր ու միջին բիզնեսին։ Բավականին մեծացել է գործազրկության թիվը։ Սա ավելացրել է սոցիալ-տնտեսական իրավիճակի լարվածությունը։ Հետագայում, բնականաբար, բյուջեի մուտքի՝ հարկային եկամուտների առումով խնդիրների կարող է հանգեցնել։ Այն ընկերությունները, որոնք պետք է արդյունք ստեղծեին, ՀՆԱ-ն ավելացնեին, որոնք պետք է պահեին աշխատատեղերը, բյուջեի հարկեր վճարեին, այս պահին շատ ընկերություններ կանգնած են կա՛մ փակման վտանգի առաջ, կա՛մ արդեն փակվել են, կա՛մ առնվազն, վիճակը ծանրացել է»,- ասաց նա։

Արցախից մեր հայրենակիցները կանգնած են նաև ենթակառուցվածքների խնդիրների առջև։
«Լույսի հետ կապված, օրը 3 անգամ երկու ժամով հովհարային անջատումներ ենք ունենում։ Անջատումները տարբեր թաղամասերում տարբեր ժամերի են լինում։ Օրինակ, երեկվա մեր գրաֆիկով գիշերն անջատումը եղել է 4։00-6։00-ը, առավոտյան՝ 12։00-14։00-ը, և երեկոյան 20։00-22։00-ն։ Բայց նախապես հայտարարվում է անջատման մասին։ Այսինքն, ամեն մեկը գիտի, թե երբ որ թաղամասի լույսը երբ են անջատելու և երբ են միացնելու։ Գազի հետ կապված խնդիրը, զարմանալիորեն, վերջին շրջանում կարգավորվել է։ Կարճատև անջատումներ, այդուհանդերձ, էլի լինում են»,- ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ Արցախում ճգնաժամային ներկա իրավիճակն ստեղծող Ադրբեջանն ու Թուրքիան վերջին 55 օրերին տեսան, որ այս ճանապարհով արցախցուն իրենց կամքը թելադրել ու ստիպել չեն կարող։ Ըստ նրա, հիմա արդեն իրենք են կանգնած խնդրի առաջ՝ «իրենց իսկ եփած ճաշն ուտելու ու մարսելու առումով»։

«Այս իրավիճակն ստեղծողները, ի դեմս թուրք- ադրբեջանական տանդեմի, և առնվազն աջակցած ռուսական կողմի՝ իրենց համար ևս բարդ իրավիճակ է ստեղծված։ Քանի որ այս պահին իրենք հասկացան, որ արդեն 55 օր շարունակ «Կյանքի ճանապարհը» փակելով չեն կարողացել կոտրել արցախահայությանը։ Եվ հիմա իրենք, թերևս, պատրաստ կլինեն նահանջել, ուղղակի չգիտեն՝ ինչպես նահանջել, որ դեմքերը փրկեն։ Որովհետև իրենց այդ հատուկ ծառայությունները, որոնք որպես էկոլոգներ ներկայացած՝ ճանապարհին վեր գցած են, դրանք այնտեղ այլևս անելիք չունեն։ Ե՛վ թուրքերը, և՛ ռուսները, և՛ ադրբեջանցիները հստակ հասկացել են, որ իրենց այդ, այսպես ասած, տրյուկը չի անցել Արցախում։ Ոչ միայն Արցախում, բայց հատկապես Արցախում, քանի որ մենք՝ այս 120․000-ս ենք, որ շրջափակման մեջ է։ Ե՛վ օրվա հացի խնդիր կա, և՛ ինչու ոչ, նաև ցեղասպանության հստակ վտանգ կա։ Բայց, այդուհանդերձ, մենք չենք կոտրվել։ Թերևս հիմա արդեն թուրքե՛րը չեն հասկանում, թե ինչպես նահանջել, որ փրկեն իրենց դեմքը։ Իրենք արդեն իսկ ընկել են իրենց փորած փոսը։ Ընդ որում, դժվար է այդ փոսից դուրս գալ, որովհետև իրենք այնպիսի էշություն են արել, որ դրա տակից հեշտ չի լինի դուրս գալ։ Հիմա իրենք այս իրավիճակը կպահեն այնքան ժամանակ, մինչև հասկանան, թե ինչպես են իրենք այս իրավիճակից դուրս գալու»,- ասաց նա։

Արցախցի մեր հայրենակիցն անդրադառնում է նաև ամիս ու կես առաջ Ալիևի հայտարարություններին, թե Բերձորի միջանցքում ակցիաները զուտ բնապահպանական բնույթ են կրում և իրենք որևէ կապ չունեն նրանց հետ։ Այժմ, սակայն, ինքն էլ ընդունում է Բերձոր միջանցքը փակ պահելու գործում Ադբեջանի իշխանությունների անմիջական մասնակցության փաստը։

«Ի՞նչ բնապահպաններ։ Ադրբեջանցի բնապահպաններ հասկացություն գոյություն չունի։ Եթե որևէ մեկը կարող է ցույց տալ այդ բնապահպանները, Շուշիից բացի, երբևէ ուրիշ որևէ տեղում բնապահպանական ակցիա են արել՝ ես կասեմ կեցցեք։ Չկա այդպիսի բան։ Իրենց հատուկ ծառայություններն են ու մի քանի վարձու անառակներ՝ բերած- լցրած էնտեղ, բնականաբար փողի դիմաց ու միանշանակ պետական հովանավորչությամբ։ Ալիևն ինչքան էլ զառանցի ու ասի՝ սրանք բնապահպաններն են, ես չեմ կարող և այլն՝ հեքիաթներ է պատմում, իր հեքիաթին նույնիսկ իր մակարդակի հիմարները չեն հավատում։ Սա ակնհայտորեն բնապահպանական խնդիր չէ։ Հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու կամ առնվազն, կյանքը դժվարացնելու, արտագաղթի մատնելու հստակ քաղաքական ծրագիր է»,-համոզմունք հայտնեց նա։

Արթուրի խոսքով՝ չնայած արդեն գրեթե 2 ամիս շարունակվող շրջափակման՝ Արցախում միասնական պայքար է մղվում։
«Ցավոք սրտի, հայ ժողովուրդը միայն դժվարության պահերին է համախմբվում։ Բայց, այդուհանդերձ, գոնե այդ պահերին միանշանակ միավորվում ենք։ Կա այս պահին այն փոխադարձ կարեկցանքի, այն մարդկային հարաբերությունների ջերմացման իրավիճակը։ Մարդիկ հասկանում են, որ բոլորս գտնվում ենք մեկ նավի մեջ և պետք է փոխադարձ աջակցությամբ կարողանանք դուրս գալ դրանից։ Եվ յուրաքանչյուրի, այսպես ասած, խեղճանալը հանգեցնելու է ընդհանուր գործի տապալմանն ու վատթարացմանը։ Այդ առումով, այո՛, ժողովրդի մեջ, և ո՛չ միայն ժողովրդի, այլև իշխանության վերևներում նստած այն շատ- շատերը, որ ապիկար էին և իրենցից որևէ մարդկային բան չէին ներկայացնում, նույնիսկ իրենք են հիմա ավելի ժողովրդական դարձել։ Նրանք ևս հասկանում են, որ այս իրավիճակում միայն համախմբվածությամբ, իրար աջակցելով է, որ կարող ենք հաղթահարել»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
08:35 Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. Փաստ
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
20:30 3-րդ բանակային կորպուսը նահանջի հրաման չի կատարի, եթե ազգային պահանջ լինի․ Սուրեն Պետրոսյան
19:00 Ինչու Փաշինյանի օրոք համաբանակային զորավարժություն չի եղել. ԳՇ նախկին պետի կարծիքը
22:30 Արցախը հանձնեցի, թողեք Հայաստանը փրկեմ․ Նիկոլ Փաշինյանի «արժանապատվությունը»