Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:45 22-03-2023

Ճաշը եփեցի, թթուն հանեցինք ու թարմ հացով կերանք․ ինը երեխաների 30-ամյա մայրը շրջափակված Արցախում ապրելու մասին

Արցախում գազամատակարարումը նորից դադարեցվել է։ 101 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիները հարմարվում են իրավիճակին և ելքեր փնտրում։

Իննը երեխաների մայր Արևիկ Գրիգորյանն Oragir.News-ի հետ զրույցում ասում է՝ գազ չկա, վառարան կօգտագործենք։



Արևիկի ամուսինը ազատամարտիկ է, առողջական խնդիրներ ունի։ Ապրում են Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ Ամենափոքրը՝ Էմիլն է, ով ընդամենը երկու ամսական է։ Ծնվել է շրջափակված Արցախում։



«Էմիլը չի զգում, թե ինչ դժվարությունների միջով ենք անցնում։ Ես և ամուսինս ամեն բան անում ենք, որ երեխաները չզգան դժվարությունները։ Սննդի կարիք կա։ «Կարմիր խաչ» գրասենյակից զանգեցին, որ սննդամթերքով օգնեն։ Երեխուն տանը թողած գնացի ստանալու։ Հերթը շատ-շատ էր։ Բամբասանք չլինի, բայց տղամարդիկ կանանց հերթ չեն զիջում։ Տպավորություն է, թե բոլորը սովամահ են լինում, բայց իրավիճակը իրականում այդքան սարսափելի չի։ Սուսուփուս կանգնել էի վերջում։ Նկատեցին ծանոթներից։ Հարցնում են՝ բա քեզ տանը պուճուր երեխա չունես, ասեցի՝ ունեմ։ Ասում ա՝ բա ինչի՞ հերթում չես կանգնում։ Ասում եմ՝ տղամարդիկ հրում են ու ես էլ գիժ չեմ, հերթում կանգնեմ։ Նոր ասեցին՝ արի առաջ, բաժինդ ստացի, գնա»,- մանրամասնում է Արևիկը։

Արևիկը ամբողջ օրը նվիրում է ընտաիքին։ Ջանք չի խնայում, որ երեխաները մաքուր լինեն ու դպրոցում լավ սովորեն։



«Որ ասեմ իրավիճակը լավ ա՝ սուտ կլինի, բայց կարևորը մեր հողում ենք ու մեր տանը»,- ասում է։

11 հոգանոց ընտանիքի համար Արևիկը այսօր բրնձով ապուր է պատրաստել։ Ասում է՝ երեխաները կերել են ու գնացել դպրոց։



Դեռ հաց գնելու անհրաժեշտություն չունեն։
Մինչև շրջափակումը ամուսինը 4 պարկ ալյուր է տուն բերել։ Վերջանալուց հետո էլ կարողացել են գնել ալյուր։ Արևիկը ջեռոցում հաց է թխում, որ երեխաները գոնե կուշտ լինեն։

«Ճաշը եփեցի, թթուն հանեցինք ու թարմ հացով կերանք։ Ամուսինս մի տաս կիլո սալ էր առել, դա էլ սարքել եմ բիբարով, բանով։ Երեխեքը ուտում են, ի՞նչ անենք, այդքանը ունենք»,- ասում է 30 ամյա բազմազավակ մայրիկը։



Արևիկի ամուսինը ցախը բերում է անտառից։ Ամբողջ օրը անտառում է անցկացնում, որ զավակները չմրսեն, որ վառարանը միշտ վառվի։



«Հարևանները վատ վիճակում են, շատերը վառելափայտ չունեն։ Գազի և լույսի չլինելու պայմաններում՝ մնում են առանց տաք ճաշի։ Իմ վառարանի վրա եթե կաթսա չի լինում պատրաստ եմ օգնել հարևաններին։ Երբեք չեմ մտածել, որ կրակոց լինի, կարող ենք տանից դուրս գալ։ Տղաներիցս՝ ինը տարեկան Ռոբերտը ասում է՝ գնամ Շուշին հետ վերցնեմ։



Իրեն անվանակոչել ենք Աբաջյանի անունով։ Տանը հերոսների անկյուն ունենք։ Երեխաներս մեծանում են Արցախի համար զոհված հերոսների պատմությունները սովորելով»,- հպարտությամբ եզրափակում է Արևիկ Գրիգորյանը։