Երևան +27°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:48 02-02-2023

Տնտեսական ակտիվության այդ երկնիշ աճերն ավարտվում են երկնիշ անկումներով․ Ատոմ Մարգարյան

Դուք կարող եք ունենալ տնտեսական ցուցանիշների որոշակի աճ, նույնիսկ այդ աճը կարող է լինել երկնիշ, բայց աղքատությունը երկրում գրեթե կրկնապատկվի։ Մեզ մոտ մոտավորապես այդպիսի իրավիճակ է։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով ՀՀ տնտեսական ակտիվության 14․2 տոկոս աճին, ՀՆԱ-ի աճին ու Էկոնոմիկայի նախարարի հայտարարությանը, թե մարդիկ Հայաստանում այս տարի նախորդ տարվանից ավելի լավ են ապրում։

«Կա սուտ, մեծ սուտ և վիճակագրություն։ Եթե նույնիսկ այդ վիճակագրությունը մշակված է օրվա մեթոդաբանության համաձայն և համապատասխան է հաշվարկման տեխնիկային, ապա դա դեռևս չի նշանակում, որ բարեկեցությունը կամ կյանքի որակը բարելավվել է։ Եթե այսօր նախարարը և, ընդհանրապես, որևէ պաշտոնյա հետևի, թե ակադեմիական շրջանակներում ինչ դիսկուրս է ընթանում՝ մակրոտնտեսական ցուցանիշների, մասնավորապես, ՀՆԱ-ի և արդյունքային մյուս ցուցանիշների բովանդակության, դերի, իրավաբանական ասպեկտների և այլ հարցերի շուրջ՝ կհամոզվի, որ այդպիսի ձևակերպումներն արդեն վաղուց հնացած են։ Ուղղակի պետք է նայել՝ արդյո՞ք այդ բարեկեցության բաշխումն արդար է հասարակության շրջանում։ Իհարկե, այդպես չէ»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ նախարարության ներկայացրած ցուցանիշները, հատկապես վերջին 1 տարվա ընթացքում, շատ պարզ ու տրամաբանական բացատրություն ունեն՝ ռուս-ուկրաինական պատերազմ ու դրան հետևած իրադարձություններ։

«Բոլորը գիտեն, թե ինչի հաշվին է տեղի ունեցել այդ աճը։ Գաղտնիք չէ, որ այդ, այսպես ասած, ներդրումները կամ փոխանցումները, դրանց առաձգական աճը, ռուս և այլազգի ռելոկանտների բերած փողերի, նրանց ստեղծած աշխատատեղերի հետևանքն է։ Մյուս պատճառն այն է, որ Հայաստանը դարձել է կազինո՝ բաց երկնքի տակ։ Կասկածելի ծագումնաբանությամբ, հիմնականում օֆշորային աղբյուրներից խաղադրույքներ են արվում Հայաստանում։ Ոնց մտնում, այնպես էլ դուրս են գալիս և դա դառնում է ՀՆԱ, շրջանառություն»,- ասաց նա։

Ներկայացված ցուցանիշների՝ այդ շարքին դասվող բացատրություններն, ըստ տնտեսագետի, այդքանով չեն ավարտվում։ Նա ներկայացրեց նաև Էկոնոմիկայի նախարարության հրապարակած արտահանման ծավալների թվային ցուցանիշի պատճառները։

«Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների հետ կապված, Հայաստանը դարձել է, այսպես ասած, մեծ «խողովակ»՝ վերարտահանումների համար։ Նախարարը հավանաբար շատ լավ գիտի, որ մեր արտահանումների գրեթե 3/4-ը, եթե ոչ ավելին, Հայաստանի վրայով որպես պլացդարմ, մեր վերարտահանումներն են՝ Ռուսաստանից Հայաստան, Հայաստանից դուրս կամ հակառակը։ Թող բացեն ու մեկ առ մեկ ցույց տան, թե որ սուբյեկտներն ինչպես և ինչ են ներկրել, ինչ են արտահանել, և արտահանումների աշխարհագրությունն ինչպես է եղել։ Կտեսնեք, որ այդ ամբողջ համապատկերն ուղղակի արտացոլում է պատերազմի և սանկցիաների իրողությունները»,- ասաց նա։

Փորձագետի խոսքով՝ մեր տնտեսական իրողությունները բնութագրող 3 ֆակտոր կա․ «Առաջինը դոլարի և եվրոյի արտարժույթի կտրուկ արժեզրկումն է Հայաստանյան շուկայում, ինչը ծայրահեղորեն վատացրել է բուն հայկական արտադրողների և արտահանողների տնտեսական կացությունը։ Չպետք է խաբվել վերարտահանումների այդ ազդեցություններով։ Պետք է դրանից մաքրել, զտել այդ ամենն ու տեսնել, թե բուն Հայաստանյան աշխատատեղերն ինչ են ստեղծել և ինչ են արտահանել։ Մենք կտեսնենք, որ գրեթե 20 տոկոսով նվազել են արտահանման օրակարգ կառուցող բիզնեսի եկամուտները։ Մենք մի քանի անգամ ականատես եղանք նաև բողոքի ցույցերի»,- ասաց նա։

Երկրորդ ֆակտորն, ըստ փորձագետի, շինարարությունն է, որը զբաղեցնում է մայրաքաղաքի մեծ մասը։ «Այստեղ մինչև 100 մետրանոց, եսիմ քանի հազար քմ տարածքով փոսեր են փորված և «Բաբելոնյան աշտարակաշինություն» է ընթանում։ Դա ուղղակի կոլապս է նշանակում։ Հիմա է արդեն տրանսպորտային կոլապս սկսվել, մի քանի տարի հետո դրան գումարվելու են և՛ բնապահպանական կոլապսը, և՛ ջրմուղկոյուղու՝ ջրամատակարարման-ջրահեռացման խնդիրները։ Մեզ նաև սոցիալական միջավայրի կոլապս է սպասվում։

Մայրաքաղաքի մեծ կենտրոնը, դրան հարակից թաղամասերը, որտեղ երկրաշարժի ուժգնությունը հասնում է մինչև 8 բալի, ծանրաբեռնել ավելի քան 20 հարկանի երկնաքերերով, ուղղակի հանցագործություն է։ Այս ամենը ոչ ոք հաշվի չի առնում, միայն գերշահույթների հետևից են ընկած։ Ընդ որում, երևում է, որ մի քանի խոշոր կազմակերպություններ են այս ամենը կազմակերպում և վերահսկում՝ ո՛չ առանց իշխանական գրասենյակների ուղղակի կամ անուղղակի մասնակցության»,- ասաց նա։

Երկրում ստեղծված տնտեսական իրողության ներկա իրավիճակն, ըստ փորձագետի, բնորոշվում է նաև գնաճով։ Իր խոսքով՝ աշխարհում ստեղծված գնաճային պատկերը Հայաստանում շատ ավելի բարդ ձևով է արտահայտված, և հանգեցրել է բնակչության խոցելի խավի կենսակերպի որակի, իր բնորոշմամբ, կատաստրոֆիկ անկման։

«Լավ կլինի՝ պաշտոնյաներն ա՛յդ մասին խոսեն։ Լավ կլինի, որ նորից կարդան իրենց նախընտրական ծրագրերը, որոնցով գալիս էին։ Թող ամեն անգամ ելույթ ունենալիս ձեռքերում ունենան այդ տեքստերը, և դրանց համապատասխան ելույթներ ունենան։ Այդ աճը պետք է դառնար հզոր պաշտպանական համակարգ ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի համար։ Բայց, ինչպես գիտենք, լրիվ հակառակ պատկերն է։ Արցախը ցեղասպանության եզրին է, օրհասական վիճակում է, Հայաստանի տարածքից, իրենց պաշտանական գնահատումներով, 150 քկմ-ը զավթված է։ Սահմանները կահավորված չեն, թե ինչ է կատարվում բանակի հետ, զինվորը որքանով է պաշտպանված, որքանով է կուշտ, որքանով է զինված՝ ես չեմ խոսում, խոսում են փաստերը։ Ի՞նչ բարեկեցության մասին է խոսքը»,- ասաց նա։

Փորձագետի գնահատմամբ՝ նույն բարձիթողի իրավիճակն է նաև մյուս ոլորտներում։ «Հանրակրթական դպրոց պարզապես գոյություն չունի։ Դրա մեջ, իհարկե, շատ մեծ լումա են ունեցել նաև նախորդ տասնամյակների կառավարիչները, ուղղակի «պայթեցրել են» դպրոցը»,- ասաց նա։

Թե նախարարի հրապարակած թվերն ու ցուցանիշները դեռևս որքան ժամանակ կպահպանվեն՝ փորձագետը հստակ պատասխանել չկարողացավ։ Ասաց՝ կախված է, թե դեռևս որքան ժամանակ կշարունակվի ռուս- ուկրաինական պատերազմը։ Ըստ նրա, այդ ցուցանիշների ֆոնը ձևավորվում է համաշխարհային գլոբալ բրենդներով, որոնք էլ իրենց հերթին ռուս-ուկրաինական պատերազմի սանկցիաների արգասիք են։

«Դրան գումարվում է նաև մեր տարածաշրջանի լարումը՝ կապված Իրանի հետ, կապված, այսպես ասած, «միջանցքի» կեղծ օրակարգի հետ և այլն։ Այսինքն՝ որոշ ժամանակ անց այդ դրական միտումները կփոխվեն բացասականի։ Միայն մի օրինակ բերեմ, ցույց տալու համար, որ այդ երկնիշ աճերն ավարտվում են երկնիշ անկումներով։

2000-ական թվականների ողջ ժամանակահատվածում փչվեց «շինարարական փուչիկը»։ Այն ժամանակ դոլարն ավելի մեծ չափով արժեզրկվեց, մոտ 200 տոկոսով՝ 600-ից հասավ 300-ի։ Աճերը երկնիշ էին։ Այն ժամանակ էլ եղել են 13-14 տոկոս տնտեսական աճեր։ Եվ ինչո՞վ ավարտվեց։ Ավարտվեց մոտավորապես 14 տոկոս անկմամբ և ճգնաժամով, որից երկիրը երկար ժամանակ խելքի չէր գալիս»,- ասաց նա։

Ատոմ Մարգարյանի խոսքով՝ հիմա այդ անկումից խուսափելու միայն մի ճանապարհ կա՝ քաղաքական փոփոխությունները։ «Այս կառավարությունն իր բոլոր ենթակառուցվածքներով ու կադրային ռեսուրսներով վաղուց սպառել է իրեն։ Ավելին, այն քաղաքական ուժը, որը երկրի քաղաքական պատասխանատվությունն է ստանձնել, ամբողջությամբ տապալել է իր իսկ նախընտրական խոստումները և գործունեության ծրագրով նախատեսած ցուցանիշները։ Նրանք պարզապես պետք է ամբողջ խմբով հեռանան։ Այլ տարբերակ գոյություն չունի։ Պետք է ապահովել երկրի անվտանգությունը։ Տնտեսական մյուս հարցերն ածանցյալ են»,- եզրափակեց փորձագետը։

Ամենից շատ դիտված

23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
08:35 Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. Փաստ
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
20:30 3-րդ բանակային կորպուսը նահանջի հրաման չի կատարի, եթե ազգային պահանջ լինի․ Սուրեն Պետրոսյան
22:30 Արցախը հանձնեցի, թողեք Հայաստանը փրկեմ․ Նիկոլ Փաշինյանի «արժանապատվությունը»
13:11 Ջրվեժի ձորում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդու հոշոտված մարմինը. shamshyan.com
22:05 Ո՛չ գազ ունինք, ո՛չ ջուր, աթար կվառենք. Տայգայում երևի մեզնից լավ պայմաններում կապրին. Ջրառատի բնակիչ