copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 12:22 02-02-2023

Փաշինյանը նախաքննական գաղտնիք է հրապարակել, դա քրեորեն հետապնդելի արարք է․ փաստաբանը բացում է փակագծերը

Խնդիրը համակարգային է, մենք գիտենք, որ հատկապես վերջին տարիներին բանակում բավականին լուրջ հարցեր կան կարգապահության հետ կապված և 2020 թվականի դաժան դեպքերից հետո բանակը շատ թուլացել է, բայց խնդիրը պետք է ավելի խորքային դիտարկել։ Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ քաղաքական պատասխանատվություն չկրելու համար գործող վարչապետն ամեն ինչ արել է, որ չթիրախավորվի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Այդ նպատակով խախտվեց անմեղության կանխավարկածը, ինչ առումով, այսինքն՝ մի քանի ժամ անց վարչապետի մակարդակով ասվում է, թե ինչ է տեղի ունեցել, այդ պահից սկսած նախաքննական գաղտնիքները ոտնահարվեցին։ Տպավորություն է ստեղծվում, որ գլխավոր մեղադրողը հենց վարչապետն է»,-մանրամասնում է Հարությունյանը։

Սերգեյ Հարությունյանն իրավական վերլուծություն է արել։ Նրա խոսքով կատարվածը պետք է դիտարկել ակնառու փոստերով և եզրահանգումը պարզ կլինի յուրաքանյուր իրավագիտակից քաղաքացու համար։ «Կարգապահական պատասխանատվության ենթարկեցին մի շարք անձանց, այսօր արդեն կան ձերբակալություններ։ Գործող ՔՊ-ն ամեն բան արեց պատասխանատվությունից խուսափելու համար։ Հարցն այստեղ միայն Սուրեն Պապիկյանին չի վերաբերվում։ Նրա փոխարեն, եթե լիներ Պապիկ Սուրենյանը նույնն էր լինելու իրավիճակը։ Խնդիրը վերևից է գալիս։ Մեզ համար պարզ պետք է լինի, որ գործող վարչապետի և նրա կուսակցության խնդիրն է։ Շեշտում եմ, որ խախտվել է անմեղության կանխավարկածը՝ ուղղորդմամբ»,- ընդգծում է փաստաբանը։

Սերգեյ Հարությունյանը նկատում է՝ պատերազմական ծանր իրավիճակից հետո, բանակի թուլացումից հետո երկիրը կարիք ուներ նորմալ, պրոֆեսիոնալ սպաների։ «Առանց իրական մեղավորներին պարզելու՝ թիրախավորվեցին մի շարք սպաներ։ Սահմանամերձ գոտիներում փորձ ունեցող սպաներ հեռացվեցին աշխատանքից։ Կրկին անգամ հարված գնաց բանակի ուղղությամբ։ Երեխա բանակ ճանապարհելիս ի՞նչ մտածի ծնողը։ Կրկին անգամ արժեզրկվեց սպայի ինստիտուտը։ Տեսնում ենք, թե ինչ կացարանում են ապրել զինվորները և, միևնույն ժամանակ, տեսնում ենք, թե ինչ աստիճանի գումարներ են մխսվում պարգևավճարների վրա»,- ասում է Հարությունյանը։

Փաստաբանը վստահ է՝ կգա օրը և իրավական ձևաչափով բոլոր մեղավորները կպատժվեն․ «Վարչապետի խոսքը դեպքից ժամեր անց նախ և առաջ Սահմանադրության խախտում էր, երկրորդ հերթին քրեորեն հետապնդելի էր նախաքննական գաղտնիքներ հրապարակելը»,- ասելիքը եզրափակեց Սերգեյ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին, կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում, վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ:

Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում՝ կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից: Արդյունքում, կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

  Լուսին Ղազարյան

Ձեզ գուցե հետաքրքրի