Երևան +19°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:41 26-01-2023

Ինչքան Նիկոլը վարչապետ, այնքան Սուքիասյանը` բարերար. ինչու է օլիգարխը հոգում իր գործուղման ծախսերը

Oրերս հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը փետրվարի 13-15-ը մասնակցելու է ԱՄԷ-ում կայանալիք Համաշխարհային կառավարության գագաթնաժողովին։ Ըստ ԱԺ պաշտոնական հաղորդագրության՝ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարվում է ԱԺ պատգամավորի անձնական միջոցների հաշվին:

Հատկանշական է, որ ԱԺ աշխատակազմից որևէ մեկն ընդգրկված չէ պատվիրակության կազմում։ Աշխատանքային և պաշտոնական գործուղումների ընթացքում սովորաբար գործուղումներին մասնակցում են նաև ԱԺ աշխատակազմից ներկայացուցիչներ, սա էր պատճառը, որ այցն ավելի շատ նման էր անձնական այցի։

Oragir.News-ի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանն ասաց, որ Սուքիասյանի հետ միայն իր օգնականներն են մեկնելու։ «Նրանց ծախսերը նույնպես հոգալու է պարոն Սուքիասյանը։ ԱԺ-ից ուրիշ որևէ մեկը պատվիրակության կազմում չկա»։ Մեր տեղեկություններով՝ ԱՄԷ մեկնող պատվիրակության կազմում են նաև կառավարության անդամներ, ինչպես օրինակ՝ Էկոնոմիկայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները։

Սուքիասյանի մամլո խոսնակ Աննա Մկրտչյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց , որ Սուքիասյանը հոգում է միայն իր և իր օգնականների ծախսերը, իսկ կառավարական պատվիրակության մյուս անդամների ծախսերը՝ ոչ։ Նա նաև տեղեկացրեց, որ ԱՄԷ-ում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար Սուքիասյանին հրավիրվել է ԱՄԷ Արհեստական բանականության, թվային տնտեսության և հեռահար աշխատանքի կիրառման հարցերով պետնախարար, Համաշխարհային կառավարության գագաթնաժողովի կազմակերպության ԱՄԷ գործադիր տնօրեն Օմար Սուլթան Ալ-Օլամանի կողմից։

«Պարոն Սուքիասյանն հրավիրված է որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամական խմբի ղեկավար»։ Հետաքրքրվեցինք, թե արդյոք նախորդ գործուղումների ժամանակ նույնպես Սուքիասյանն ինքն է հոգացել գործուղումների ծախսերը՝ Մկրտչյանն ասաց, որ մինչ այժմ Խաչատուր Սուքիասյանը ԱԺ-ի պատվիրակության կազմում միայն մեկ անգամ մեկնել է Մոսկվա։

«Բնականաբար, եթե նախընտրել է կանգ առնել ավելի թանկ հյուրանոցում, ապա ինքն է վճարել հյուրանոցի համար»։ Ստացվում է, որ պատգամավորը հավան չէ պետության հատկացրած սահմանափակ միջոցներով հյուրանոցներին ու ցանկացած պարագայում այլ հյուրանոց էր վարձելու, դե այնպիսի հյուրանոց, որ համապատասախան լինի իր քիմքին ու պահանջներին։

Մյուս կողմից էլ բացառված չէ, որ գործուղվող պատվիրակությունն ԱՄԷ մեկնի հենց Սուքիասյանի ընտանիքին պատկանող ավիաընկերության միջոցով, այնպես որ դեռ մի բան էլ պետությունն է վճարելու Սուքիասյանին այս գործուղման համար։ Բայց դե, սա իհարկե լավ առիթ է բարերար ձևանալու ու իր արած «լավությունը» հանրության վրա թանկով ծախելու համար։