Ներքին 3 տարի առաջ - 20:14 24-01-2023

Հույս ունենք, որ մեր մտահոգությունները տեղ կհասնեն, և Լաչինի միջանցքը կբացվի. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արաքսիա Սվաջյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը:

Դեսպանը շնորհավորել է Ժաննա Անդրեասյանին ԿԳՄՍ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նշելով, որ կարևորում է համագործակցության շարունակականությունը կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում: Ջոն Գալագերին համատեղ և արդյունավետ աշխատանք է մաղթել նախարարին` ի շահ երկու պետությունների բարեկամական կապերի զարգացման ու ամրապնդման:

Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով ոլորտային համագործակցությանը, հատկապես կարևորել է ԿԳՄՍ նախարարության արդյունավետ համագործակցությունը Բրիտանական խորհրդի հետ: Որպես հաջողված օրինակներ՝ նշվել են անգլերենի ուսուցիչների վերապատրաստման և ուսուցման որակի ապահովմանն ուղղված աջակցությունը, դպրոցներում անգլերենի ակումբների ստեղծման ծրագիրը, բուհերում «Ստեղծագործ միտք» ծրագրի իրականացումը։

«Առանձնահատուկ կարևոր են Բրիտանական խորհրդի դերը և աջակցությունն անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման և ուսուցիչների վերապատրաստման հարցերում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ շնորհակալություն հայտնելով Բրիտանական խորհրդին մշակույթի ռազմավարության նախագծի մշակման աշխատանքներում գործուն աջակցության համար։

Հանդիպման ընթացքում կարևորվել է գիտակրթական համատեղ ծրագրերի իրականացումը, որը կարող է նպաստել գիտության և կրթության ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը: Անդրադարձ է եղել ՀՀ-ում ընթացող կրթական և մշակութային բարեփոխումների ընթացքին, և երկուստեք վերահաստատվել պատրաստակամությունը՝ էլ ավելի սերտորեն համագործակցել ոլորտային ռազմավարությունների իրականացման փուլում։

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհի խնդրին՝ վերստին շեշտելով հումանիտար ճգնաժամի անդառնալի հետևանքները:
«Ամեն օր շարունակվում են խախտվել շուրջ 30.000 երեխաների հիմնարար իրավունքները, այդ թվում՝ կրթության իրավունքը: Հույս ունենք, որ նաև դիվանագիտական խողովակներով մեր մտահոգությունները տեղ կհասնեն, խնդիրը լուծում կստանա, և Լաչինի միջանցքը կբացվի»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նշելով, որ բարձրաձայնված խնդիրը գտնվում է Մեծ Բրիտանիայի կառավարության ուշադրության կենտրոնում՝ դեսպան Ջոն Գալագերը հույս է հայտնել, որ խնդիրը կստանա դրական լուծում:
Դեսպանն ու նախարարը քննարկել են նաև համագործակցության ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր։ Բարձր գնահատելով կատարված աշխատանքն ու փորձի փոխանակումը՝ երկուստեք կարևորվել է զարգացման ծրագրերի ընդլայնումը բոլոր ուղղություններով: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել առաջիկայում Լոնդոնում տեղի ունենալիք Համաշխարհային կրթական ֆորումին Հայաստանի կրթական բարեփոխումների ընթացքի և ձեռքբերումների ներկայացմանը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը