Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:49 18-10-2022

Ավտոբուսները տեղ կհասնեն վեց ամսվա ընթացքում, մասերը տեղ են հասել, բայց մաքսատանն են․ երբ խնդիրը որոշողներին չի առնչվում


Երևանում առավոտյան աշխատավայր հասնելն ու երեկոյան տուն հասնելն առանձնահատուկ նյարդայնացնող ու ժամանակատար գործ է․ նորօրյա գեղեցիկ ու հարմարավետ ավտոբուսները գալիս են 20-25 րոպե պարբերությամբ, լեփ-լեցուն են լինում արդեն երրորդ կանգառում, ու դրանից հետո սկսվում է մի անվերջանալի պայքար արդեն ավտոբուս բարձրացած և բարձրանալու հուսահատ փորձեր անող ուղևորների միջև՝ «Առաջացեք, մենք էլ բարձրանանք», «Մենք էլ ենք աշխատանքի գնում», «Մի ոտի տեղ տվեք», «Էս արդեն երրորդ ավտոբուսն ենք բաց թողնում» խնդրանք-հորդորներին կից վարորդը պարբերաբար հիշեցնում է․ «Արեք, դեմից վճարեք, նոր հետևից նստեք», որին ի պատասխան․ «Սպասի՝ տեսնենք՝ կմտնե՞նք, չվճարենք՝ էլի մնանք դուրսը»։

Այդ ժամին տաքսիների բարձրագույն գները նորանոր բարձունքներ են նվաճում․ դրանց մասին մտածելն առհասարակ անիմաստ է դարձնում աշխատանքի գնալը։ Կանգառներում առավոտյան ու երեկոյան կուտակվում են մարդիկ, ու հետզհետե խտանում է նյարդային մթնոլորտը։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու այսօրվա նիստում Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանից հետաքրքրվեց, թե երբ է լինելու ընդհանուր տրանսպորտային ցանցի խնդիրների լուծումը։ «Ամենասուր դրվող հարցերն այս պահին կապված են տրանսպորտի հետ։ Ես ուզում եմ, որ մենք հնարավորինս բաց և թափանցիկ լինենք այս առումով։ Մարդկանց մոտ սպասելիքները հստակ են, այսինքն՝ չասենք մի բան, որը չենք անելու»,- ասաց Ավինյանը։

Հայկ Սարգսյանը նշեց, որ Երևանում տրանսպորտի վիճակը կապված է աշխարհում տիրող իրավիճակի հետ։ Նրա խոսքով՝ ըստ նախատեսվածի՝ մինչև տարեվերջ Երևան քաղաքում կլինի ևս 165 հատ 8.5 մետրանոց ավտոբուս, և 30 տրոլեյբուս։ Մինչև մյուս տարվա առաջին եռամսյակի ավարտն էլ կլինի թվով 87 հատ տասներկու մետրանոց երկար ավտոբուս։

Սարգսյանը նշեց, որ այս պահին կան ավտոբուսների տեխնիկական սպասարկման խնդիրներ, գնումները դժվարանում են կատարել՝ կար մեկ անձից գնում կատարելու թույլտվության կարիք, հիմա էլ նորոգման համար անհրաժեշտ մասերը մաքսատանն են, բայց այնտեղից վերցնելն էլ օրերի խնդիր է։

Փաստորեն, պետությունն ինքն իր հետ էլ չի կարողանում պայմանավորվել, որ այսօրինակ անտանելի վիճակը գոնե մի փոքր շուտ գոնե մեղմանա։ Այսինքն, դեռ էլի ժամանակ է պետք, որ այդ բոլոր կազմակերպչական հարցերը լուծվեն, Հայաստան հասած մասերը մաքսազերծվեն, տեղ հասցվեն, ավտոբուսների նորոգումն անեն, որից հետո նոր հնարավոր կլինի ևս մի քիչ թեթևացնել տրանսպորտի վիճակը, քանի որ, ըստ Սարգսյանի, «տեխնիկապես այն ավտոբուսները, որ չէին շահագործվում, կսկսեն շահագործվել»։

Նիստի ժամանակ նշվեց նաև, որ շատ են երթուղայինների հետ կապված հարցերը։ «Նախկինում թաղամասերն իրար հետ կապող երթուղիները շատ էին, իսկ հիմա այդ տարբերակով առաջնորդվելու հնարավորություն չունենք»։ Դա, ըստ պաշտոնյայի, կապված է և շահագործվող ավտոբուսների մեծ չափերի հետ, և երթուղիների հարմարավետ ու արդյունավետ կազմակերպման ցանկության հետ, որպեսզի ծայրամասային թաղամասերի բնակիչները գոնե երկու երթուղի փոխելով հասնեն իրենց ուզած կետը։ Ավինյանը շեշտեց, որ այլևս չի գործելու երթուղայինների այն տրամաբանությունը, որ տրանսպորտը պիտի անցնի «ամեն ծակուծուկով»։

Այսպիսով, այսօրվա ավագանու նիստի տվյալներով՝ եկող տարի առաջին եռամսյակի ավարտին՝ շուրջ կես տարուց, տրանսպորտի հետ կապված լարվածությունը, թերևս, նվազելու է։ Իսկ ի՞նչ պիտի անի քաղաքացին, ի՞նչ պիտի շարունակի անել քաղաքացին մինչ այդ․ պիտի դժվարանա առավոտյան մի ոտատեղ գտնել, որ բարձրանա ավտոբուս, պիտի ճխլված երթևեկի, պիտի հավելյալ գումար ծախսի՝ փոխելով երթուղայիններ կամ ճարահատյալ տաքսի պատվիրի։ Կարելի՞ էր մտածել, որ հին մեքենաները գծից դուրս բերեին այն ժամանակ, երբ կլինեին նորերը, կարելի՞ էր պատկերացնել՝ այս ուղևորահոսքի ու ավտոբուսների այս քանակի պարագայում՝ ինչ խնդիրներ են ունենալու քաղաքացիները․․․ գուցե, բայց չէ՞ որ այդ խնդիրներն իրենց չի վերաբերում․ իրենք շարունակելու են մեր՝ ճխլվողներիս հաշվին երթևեկել իրենց հարմարավետ պետական-ծառայողականներով՝ փորձելով լուծել իրենց չտեսած-չզգացած խնդիրները՝ հաշվի չառնելով իրենց չառնչվող հարցերը։


Կարմեն Մարտիրոսյան