Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:20 22-01-2023

Սկանդալները խմբով վազում են իմ հետևից

1989 թվականի հունվարի 23-ին մահացավ Սալվադոր Դալին։ 20-րդ դարի ամենաարտասովոր ու հանճարեղ այս նկարչին ճանաչում են նույնիսկ արվեստից ու մշակույթից հեռու մարդիկ։ Նրա զարմանահրաշ ստեղծագործություններն ու յուրօրինակ կյանքը միշտ էլ գրավել ու հիացրել է հանրությանը։ Իր կյանքի պես անսովոր էր նաև նկարչի մահը:



Ճիշտ է` Դալին մահացավ 1989-ին, սակայն հետևելով նրա կյանքի ու ստեղծագործության ընթացքին, թվում է, թե նա մահվանը պատրաստվում էր նախորդ յոթ տարիների ընթացքում։



Երբ 1982 թվականին մահացավ Դալիի կինը` Գալան, Դալին սկսեց մեռնել հենց այդ պահից սկսած։ Պարկինսոնի հիվանդությանը գումարվեց կնոջ մահից հետո առաջացած խորը դեպրեսիան։ Դա արտահայտվում էր ոչ միայն նկարչի վարքագծում, այլ նաև ստեղծագործության մեջ։ Այս շրջանի գործերում, օրինակ` «Պիետայի» վարիացիաներում, ակնհայտ է վշտի թեման։ Ավելի ուշ` նա հիվանդության պատճառով այլևս չէր կարողանում նորմալ նկարել։ Նրա կտավներում հայտնվեցին անհասկանալի կերպարներ, որոնք երբեմն խզբզոցի էին նման։



Գալայի մահից հետո Դալին տեղափոխվեց Պուբոլի ամրոց։ Սա այն ամրոցն է, որը նա նվիրել էր կնոջը ու այնտեղ էլ թաղված է իր սիրելին։ Այս ամրոցում նկարչին խնամում էին բուժքույրերը, որոնց համար լուրջ փորձություն էր ամեն օր առնչվել տարօրինակություններով հարուստ, հիվանդ ու ծեր նկարչի հետ։ Դալին կարող էր կերակուրով լի ափսեն շպրտել բուժքրոջ վրա, գոռալ, կծել։ Այս ամենին զուգահեռ` 1984 թվականին Պուբոլ ամրոցում հրդեհ բռնկվեց։ Անկողնուն գամված Դալին ապարդյուն հնչեցնում էր զանգը ու օգնության կանչում։ Նա մենակ էր մնացել հրդեհին դեմ հանդիման։ Հավաքելով ուժերը` նկարիչը ընկավ մահճակալից ու սողաց դեպի ելքը, սակայն դռան մոտ կորցնելով գիտակցությունը` չկարողացավ դուրս գալ սենյակից։ Դալին ծանր այրվածքներ էր ստացել, սակայն ողջ մնաց։ Նախքան այս դեպքը` նա ծրագրել էր մնալ Պուբոլ ամրոցում մինչև մահը և թաղվել Գալայի կողքին, սակայն հրդեհից հետո թողեց ամրոցը և տեղափոխվեց Ֆիգերասի իր առանձնատունը, որտեղ էլ մնաց մինչև կյանքի ավարտը։




1989 թվականի հունվարի սկզբին Դալին հոսպիտալացվեց սրտի անբավարարություն ախտորոշմամբ։ Այս ընթացքում միակ հասկանալի արտահայտությունը, որ նա արտաբերեց դա` «Իմ ընկեր Լորկան» էր։

Սալվադոր Դալին մահացավ հունվարի 23-ին` 85 տարեկան հասակում։ Նկարիչը կտակել էր` իրեն թաղել այնպես, որ մարդիկ կարողանան քայլել գերեզմանի վրայով։ Դալիին թաղեցին Ֆիգերասի իր առանձնատան սենյակներից մեկում, որտեղ այժմ Դալիի թատրոն- թանգարանն է։



Նկարիչն իր բոլոր աշխատանքները նվիրեց Իսպանիային։

Սալվադոր Դալիի մահից մոտ տասը տարի անց` 2007 թվականին իսպանուհի Մարիա Պիլար Աբել Մարտինեսը հայտարարեց, որ ինքը Սալվադոր Դալիի ապօրինի դուստրն է։ Կինը պնդում էր, որ շատ տարիներ առաջ Դալին Կադակես քաղաքում հյուրընկալվել է ընկերոջ տանը, որտեղ նրա մայրը սպասուհի էր։ Ըստ Պիլարի` ինքը 1956 թվականին ծնվել է Դալիի և իր մոր միջև սիրային հարաբերությունից։ Նա վստահեցնում էր, թե մանկուց գիտեր, որ ինքը Դալիի դուստրն է, սակայն չէր ցանկանում ցավ պատճառել իր խորթ հորը։ Պիլարի պահանջով ԴՆԹ թեստ հանձնվեց, որի նմուշը վերցրել էին Դալիի մահվան դիմակից` մազերի և մաշկի բջիջներից։ Փորձաքննության արդյունքները հերքեցին Սալվադոր Դալիի և Մարիա Պիլար Աբել Մարտինեսի միջև ընտանեկան կապի գոյությունը։ Պիլարը սա լիարժեք չհամարեց ու պահանջեց կրկնակի փորձաքննության համար արտաշիրիմել Դալիի աճյունը։
Նա ջանք ու եռանդ չէր խնայում իր ուզածին հասնելու համար, քանի որ` հայրությունը ճանաչվելու դեպքում Դալիի դուստրը կկարողանար ձեռք բերել նրա ազգանվան և ժառանգության մի մասի իրավունքները։
Ժիրոնայի համառ այս բնակչուհու պահանջով և 2017 թվականի հունիսին Մադրիդի դատարանի կայացրած որոշմամբ բացվեց Սալվադոր Դալիի դագաղը։ Արտաշիրիմելու կարգը պահպանում էին 300 մարդ։ Զանգվածային լրատվամիջոցները և հանրությունը շունչները պահած սպասում էին արդյունքներին։ ԴՆԹ թեստը դարձյալ հերքեց Դալիի և Պիլարի հարաբերությունների մասին ենթադրությունները։



Տարօրինակությունները, հետաքրքիր ու թեժ պատմությունները Սալվադոր Դալիին չլքեցին նույնիսկ մահից հետո։ Ինչպես ինքը` նկարիչն էր ասում. «Ես քայլում եմ, իսկ սկանդալները խմբով վազում են իմ հետևից»։

Նաիրա Եղիազարյան