copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:00 17-01-2023

Սա կա՛մ գիժ է, կա՛մ «Դոն Կիխոտ» է կարդում

1605 թվականի հունվարի 16-ին հրատարակվեց իսպանացի գրող Միգել դե Սերվանտեսի «Հնարամիտ իդալգո Դոն Կիխոտ Լամանչեցին» կամ պարզապես «Դոն Կիխոտ» վեպի առաջին հատորը` բաղկացած է 57 գլխից։ Երկրորդ հատորը` 74 գլխով, լույս տեսավ 1615-ին։



Նույնիսկ նրանք, ովքեր այս գիրքը երբևէ չեն կարդացել ու չեն տեսել, հաստատ գիտեն այս վեպի մասին ու ճանաչում են պատրանքների մեջ ապրող խենթ ասպետին, նրա գիրուկ զինակցին ու այն հողմաղացները, որոնց դեմ նա պայքարում էր մշտապես։

«Դոն Կիխոտի» սյուժեն Սերվանտեսի գլխում հայտնվեց այն ժամանակ, երբ գրողը բանտում էր։ Թեև նրան վիճակված էր գրել համաշխարհային պատմության ամենահայտնի վեպերից մեկը, սակայն ինչպես յուրաքանչյուր գրող, այնպես էլ Միգել դե Սերվանտեսը երիտասարդության տարիներին երազում էր հաջողության հասնել, բայց հիմնականում զբաղված էր՝ օրվա հացը վաստակելով: Մինչ իր գլխավոր վեպը գրելը՝ Սերվանտեսն ինչով ասես, որ չէր զբաղվում, և մշտապես «փողի հարցերում անփութության» պատճառով նա երկու անգամ հայտնվեց Սևիլիայի թագավորական բանտում։ Ենթադրվում է, որ հենց այդ ժամանակաշրջանում էլ Սերվանտեսը հղացավ այն պատմության գաղափարը, որը հետագայում պիտի դառնար «Դոն Կիխոտ» վեպը:



Այս վեպը ասպետականության այն դարաշրջանի մասին է, երբ ասպետները պայքարում էին ոչ թե հանուն իրենց հայրենիքի, այլ հանուն իրենց ստեղծած հորինված աշխարհի, հանուն երևակայական սիրած էակի։ «Դոն Կիխոտ» վեպը հենց այդ դարաշրջանի սատիրական պատկերն է։

Անգլիացի բանաստեղծ լորդ Ջորջ Գորդոն Բայրոնը մեղադրել է Սերվանտեսին իր «Դոն Կիխոտ» վեպով ասպետական ոգին սպանելու մեջ։ Թեեւ այս մեղադրանքը վիճելի է։ Շատ քննադատներ կարծում են, որ Սերվանտեսը, ընդհակառակը, հեգնանքով փրկել է ասպետական հերոսությունը։

Ռուս գրող Իվան Տուրգենևը Դոն Կիխոտին համեմատել է շեքսպիրյան Համլետի հետ։ Նա Համլետին բնորոշել է որպես հերոս, ով մտածում է և չի գործում, իսկ Դոն Կիխոտին՝ հերոս, ով գործում է և չի մտածում։



Իսկ արգենտինացի գրող Խորխե Լուիս Բորխեսը Դոն Կիխոտին համարել է առաջին պոստմոդեռն վեպը, քանի որ այս ստեղծագործությունը մարմնավորում է իմաստների ազատ խաղի սկզբունքը։
Գրող Ֆեոդոր Դոստոևսկին Դոն Կիխոտի մասին, գրել է. «Ընթերցողը չի մոռանա այս ամենատխուր գիրքը հետը տանել Աստծո վերջին դատաստանին։ Նա մատնացույց կանի մարդու և մարդկության ամենախոր ճակատագրական գաղտնիքը, որը հաղորդվել է գրքում»։ Այնուհետև ռուս գրողն իր զարմուհուն՝ Սոֆյա Իվանովային ուղղված նամակներից մեկում Դոն Կիխոտին անվանել է մեծագույն գրական հերոս։ Դոստոևսկին գրել է. «Քրիստոնեական գրականության գեղեցիկ դեմքերից ամենաամբողջականը Դոն Կիխոտն է» և հավելել. «Բայց նա գեղեցիկ է միայն այն պատճառով, որ միաժամանակ ծիծաղելի է»։

«Դոն Կիխոտ» վեպը համաշխարհային շրջանառությամբ երկրորդ տեղում է Աստվածաշնչից հետո։ Վեպը թարգմանվել է ավելի քան հիսուն լեզուներով։ «Դոն Կիխոտը» շարունակում է մնալ բոլոր ժամանակների ամենալավ վաճառված գիրքը։ Ենթադրվում է, որ վեպի ընթերցողների թիվն արդեն հասել է 500 միլիոնի։



Սերվանետեսը համարվում է մասսայական գեղարվեստական գրականության հիմնադիրը։ Սերվանտեսի ժամանակ այսպիսի մի անեկդոտ կար՝ «Իսպանիայի թագավոր Ֆիլիպ III-ը մի անգամ տեսնում է մի ուսանողի, որը փողոցով քայլելով գիրք էր կարդում ու շատ բարձր ծիծաղում։ Թագավորն ասում է. «Սա կա՛մ գիժ է, կա՛մ «Դոն Կիխոտ» է կարդում»։

Վեպի սիրված լինելու մասին ևս մի պատմություն կա։ Ասում են, երբ նապոլեոնյան զորքերը մտել են Իսպանիայի տարածք ու պատրաստվել հրակոծել Տոբոսո քաղաքը, հանկարծ իմացել են, որ այստեղ է ծնվել է Դոն Կիխոտի սիրելին` Դուլսինեան։ Զորքը քաղաքն անվնաս է թողել։

Նաիրա Եղիազարյան