Երևան +19°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:46 17-01-2023

Կարեն Անդրեասյան․ երբ հիացմունքը նույնն է, փոխվել է միայն կուսակցության անունը

ԲԴԽ նախագահ, պաշտոնով ապաքաղաքական և ապակուսակցական Կարեն Անդրեասյանն այնպիսի գերքաղաքական հայտարարություններ է արել, որ դժվար է հավատալ, որ այսօր նա մաքրվել է քաղաքականությունից և զբաղվում է բացառապես դատական համակարգի անկախությունը երաշխավորելով։

Ընդ որում, Անդրեասյանի դեպքում առհասարակ ողբերգական գրոտեսկի հետ գործ ունենք, նրա նախկին «սերերն ու համակրումները» ուղիղ հակասության մեջ են այսօրվա սերերի և համակրումների հետ, նրանց, ում անվերապահ հավատում և վստահում էր Անդրեասյանը, այսօր իր նոր քաղաքական տերերի երդվյալ հակառակորդներն են։

Իրավիճակի ողբերգությունը հենց այստեղ է, թե օրինակ, ինչպես պետք է վարվի Անդրեասյանը, եթե իր նախկին «կուռք» Վարդան Օսկանյանի առնչությամբ որևէ գործ հայտնի դատարանում։

Հիշեցնենք, որ ՄԻՊ պաշտոնից հրաժարական ներկայացնելուց հետո Անդրեասյանը հանգրվանել էր Քոչարյանի անվան հետ կապվող «Համախմբում» կուսակցությունում, և ահա թե ինչպես էր խոսում այդ կուսակցության մասին 2006թ իր անվան հետ կապվող կայքին տված հարցազրույցում։

«Մեր վարչության նիստերին որոշումները ընդունվում են բացառապես ժողովրդավարական սկզբունքներին համապաստախան: Պարոն Օսկանյանը իրեն մշտապես դրսևորում է որպես ազատական մարդ, կարծիք լսել գիտի և ակնհայտ է, որ իր իշխանության օրոք դիկտատուրա չի լինի, ծեծուջարդը կբացառվի: Գիտեմ, որ իր օրոք ես կկարողանամ լինել այնպիսին, ինչպիսին միշտ ուզում եմ լինել, եթե վերցնեմ ինչ-որ ոլորտի պատասխանատվություն: Իսկ ես ինձ լավ եմ ճանաչում, գիտեմ, որ երբեք չեմ թալանի, երբեք չեմ անի ստորություն իմ երկրի հանդեպ, չեմ անի հովանավորություն՝ իմ ընկերներին տալով բիզնեսներ՝ մյուսներին սովամահ անելով: Այսօր մեր կուսակցությունում իմ տեսակը խրախուսվում է, իմ մյուս գործընկերները նույն մտածելակերպն ունեն, հետևաբար ես երազում եմ, որպեսզի այդպիսի մարդիկ գան իշխանության: Ընդ որում, ոչ թե ուզում եմ ինքս, կամ իմ թիմակիցները անպայման գան իշխանության: Եթե Հայաստանում կա ուրիշ՝ թեկուզ հակառակորդ կուսակցությունում հարյուր նման մարդ, թող իրենք գան իշխանության: Ես հավատում եմ, որ մեր շանսերը շատ մեծ են, բայց չեմ սիրում պարծենկոտություն՝ նույնիսկ քաղաքականության մեջ․․․: »։

Այստեղ են ասել՝ երազանքները իրականանալու «վատ խասիաթ» ունեն, Անդրեասյանը եկել է իշխանության թեկուզ «հակառակորդ կուսակցությամբ»։