Երևան +19°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:38 12-01-2023

Արցախից հրաժարվելով՝ ՀՀ իշխանությունները, ըստ էության, հրաժարվեցին նաև Հայաստանից․ Մետաքսե Հակոբյան

Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին ավելի խորքային հայացքով նայելու դեպքում հասկանալի է դառնում, որ իր դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ էր։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Ցանկացած քաղաքական գործիչ, անկախ նրանից՝ իշխանական է, թե իրեն երրորդ ուժ է պատկերացնում՝ յուրաքանչյուրը շատ լավ գիտակցում է, որ Հայաստանի հետոն կախված է Արցախի նկատմամբ դիրքորոշումից։ Եթե այսօր Հայաստանի իշխանությունները, և մասնավորապես նաև Նիկոլ Փաշինյանը, ով երեկ վերջնագիրը ներկայացրեց ու կնքեց, հաստատեց, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Արցախից։ Ըստ էության, ստացվեց, որ իրենք հրաժարվեցին նաև ՀՀ-ից։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է նաև Հայաստանի պետականության կորստի կամ մոտ ապագայում չլինելու մասին»,- ասաց նա։

Պատգամավորը հիշեց նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Անկախության հռչակագրի, հանրաքվեի ու մյուս գործընթացների մասին։

«Նա փորձեց էլի խառը ձևով խեղաթյուրել և՛ մեր Անկախության հռչակագիրը, որտեղ հստակ, սևը սպիտակի վրա գրված է, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է։ Դրան զուգահեռ, միանշանակ, ինքը պետք է անդրադառնար ու անդրադարձավ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի Արցախի հանրահավաքին՝ ևս մեկ անգամ ցույց տալով հանրությանը, որ, ըստ էության, իրավական որևէ հիմք չունի դա, բայց, իհարկե, դա կեղծ և մոլորեցնող հայտարարություն էր։ Դրան շարունակեց մի շատ վտանգավոր միտք, որ ինքը հնչեցրեց։ Նա ասաց, որ փաստորեն մենք մեզ պետք է համարե՛նք, տեսեք՝ ինչ բառ է օգտագործում, էդտեղ պատահական բառ չկա, համարենք հայ, արցախցի, ղարաբաղցի և ապրենք անվտանգ միջավայրում։ Այսինքն, դրանով Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Արցախը որևէ առնչություն չունի Հայաստանի հետ։ Դա ինչ-որ մի միջավայր է, որտեղ կան մի քանի տասնյակ հազար մարդիկ, որոնք կարող են իրենց համարել հայ»,- ասաց նա։

Ուշադրություն հրավիրեց Նիկոլ Փաշինյանի՝ ոչ պակաս կարևոր մեկ այլ հայտարարության վրա․ ՀՀ իշխանությունները չպետք է որոշեն ԼՂ ճակատագիրը, այլ ԼՂ ժողովուրդը, և անմիջական կապ պահպանի Ադրբեջանի իշխանությունների հետ։

«Սրանք ոչ թե վտանգավոր, այլ ոչինչ չասող հայտարարություններ են՝ միջազգային հանրության կամ ընդհանրապես, քաղաքական միջավայրի համար։ Սա ավելի շատ ասվում էր հանրության համար, որովհետև եթե մենք հստակեցնենք մեր ձևակերպումներն, ապա ինչպե՞ս պետք է Արցախի ժողովուրդը կարողանա իր հարցերը որոշել, երբ այն ճանաչված չէ, չունի դիվանագիտական խողովակներ և չի կարող հանդես գալ որպես բանակցային կողմ»,- ասաց նա։

Այդուհանդերձ, ըստ պատգամավորի, Նիկոլ Փաշինյանն առիթը չի կորցնում ասելու, որ պետք է լինի Բաքու- Ստեփանակերտ երկխոսություն՝ շատ լավ իմանալով, որ դա ուղղակի չի կարող լինել։

«Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնել է 2018 թվականին, երբ եկել է իշխանության։ Ինքն ասուլիսին ուղղակի Արցախում բնակվող 120․000 հայերի՝ թշնամական կողմից ցեղասպանվելու թույլտվություն տվեց։ Կոչը հնչեցրեց թշնամուն, որ վերջ, ՀՀ իշխանություններն այլևս որևէ կապ չունեն, գնացեք, մտեք, ինչ ուզում եք՝ արեք»,- ասաց նա։

Մետաքսե Հակոբյանն այս ամենի համատեքստում գալիս է մի եզրահանգման՝ Արցախն այս բոլոր խնդիրների հետ մենակ է մնացել։

«Բայց, դրա հետ մեկտեղ, վառ գիտակցում ենք, որ թեև չդիմանալով, բայց մենք պետք է համբերենք որովհետև դա է պայքարը։ Ու կարողանանք այս պարագայում փրկել Հայաստանի Հանրապետությունը։ Որովհետև մենք իրականում հասկանում ենք, որ եթե չլինի Արցախ, ապա չի լինի Հայաստանի Հանրապետություն և հակառակը»,- ասաց նա։

Արցախցի պատգամավորն անդրադարձավ նաև նույն օրը կայացած Ալիևի ասուիսին։ Հայտարարեց․ Փաշինյանն ավելի ադրբեջանամետ հայտարարություն արեց, քան Ալիևը։

«Մենք այսօր ունենք հայաստանյան իշխանություն, որը արդեն իսկ Արցախն ու Հայաստանը կործանելու ճանապարհին է։ Եվ, փաստորեն, ամեն կերպ աջակցում է, որ Ադրբեջանն ավելի հզորանա, ավելի մեծանա և կատարվեն այն բոլոր ցանկությունները, որ ունեն իրենք և Թուրքիան»,- ասաց նա։

Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններն աշխատում են համաձայնեցված։

«Վերջին 2,5- 3 տարվա ընթացքում չի եղել մի դեպք, որ Ալիևը մի բան ասի, ու դա չկատարվի։ Եթե հետադարձ հայացք գցենք՝ սկսած 44-օրյայից, իր ասած ամեն օրով, ժամով ու րոպեով տեղի է ունեցել։ Բայց դրանից առաջ հնչել է Նիկոլ Փաշինյանի խոսքը, որը նախապատրաստել է այդ դեպքերին»,- ասաց նա։

Իր խոսքով՝ այդպիսի մի բան տեղի ունեցավ նաև վերջին ասուլիսի ժամանակ․ «Բայց դա եղավ շատ ակնհայտորեն ու բացահայտ վտանգների առկայությամբ։ Մի հարց հնչեց, և Արցախի անվտանգության երաշխավոր լինելու մասին խոսք գնաց։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրանք հիմա շատ հարաբերական արտահայտություններ են։ Այսինքն, եթե այդպես նայենք, ուրեմն ՌԴ-ն էլ ՀՀանվտանգության երաշխավորն է։ Այսինքն, ինքը դրանով ուզեց ասել, որ այսօօր որևէ մեկը որևէ մեկի անվտանգույան երաշխավորը չէ։ Հետևաբար, ինքն էլ Արցախի Հանրապետության երաշխավորը չէ։ Անվտանգության երաշխավորը լինելու վերաբերյալ լրագրողի հարցին տեսեք՝ ինչ է պատասխանում։ Ասում է, որ բանակցությունների ընթացքում ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշլու հավակնություն իրենք՝ իշխանությունները չեն ցուցաբերում։ Այստեղ պետք է ուշադրություն դարձնել, որ ինքը նոր տերմին բերեց ասպարեզ՝ «պետք է տեղի ունենա միջազգային տեսանելի խոսակցություն՝ ԼՂ հայության և Ադրբեջանի միջև»։ Իհարկե, սրանք լոկ բառեր են։ Որովհետև ինչպե՞ս պետք է ցույց տալ։ Դրա համար պետք է ունենալ դիվանագիտական խողովակներ, և ինքն էլ բոլորս էլ շտ լավ գիտենք, որ մեք չունենք այդ խողովակները։ Միշտ օգտագործվել են Հայաստանի Հանրապետության՝ ճանաչված պետության դիվանագիտական խողովակները»,-ասաց նա։

Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ Նիկոլ Փաշինյանը, խոսելով խաղաղապահների մանդատը ՌԴ և ՀՀ Պաշտպանության նախարարների կողմից ստորագրելու փաստի մասին, Փաշինյանը ցանկանում էր ցույց տալ, որ ՀՀ-ն դրա հետ կապ չունի, խաղաղապահները պետք է պահեն Արցախի անվտանգությունը։ Ասում է՝ խոսույթներն ու նպատակներն իրականության հետ կապ չունեն։ հետևաբար, տեսեք՝ ինքն ինչ հայտարարեց։ Ասաց, որ ՀՀ-ն այևս որևէ կապ չունի Արցախի հետ։ Եվ, ինչպես ինքն ասեց՝ պիտի լիներ շրջանների վերադարձ, այնուհետև պետք է լիներ ադրբեջանցիների վերադարձ՝ ԼՂ։ Ասեմ ավելին՝ ինքը դրանով նախապատրաստում է նաև Ալիևի այն խոսքի կատարումը, որ Հայաստանի ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան Հայաստան։ Եթե շարունակի ղեկավարել Նիկոլ Փաշինյանը, ապա մեզ սպասվում է համատեղ բնակություն։ Ընդ որում, մեզ ասելով նկատի չունեմ միան Արցախը, դա լինելու է նաև ՀՀ-ում։ Որովհետև երկու ղեկավարների ներկայիս խոսույթն արդեն տանում է դեպի դա։ Ամեն ինչ սկսելու է Արցախով՝ հասնելով Հայաստան»,- ասաց պատգամավորը։

Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ Հայաստանի իշխանությունները գնում են Ադրբեջանի պահանջները բավարարելու ճանապարհով։ «Բոլոր պահանջները, որ այսօր Ադրբեջանը դրել է Հայաստանի վրա, լեգիտիմ ձևով՝ իբրև թե պատերազմում պարտվելու արդյունքում տրվելու է Ադրբեջանին։ Ե՛վ «Զանգեզուրի միջանցք», և՛ ոչ թե 8, այլ ավելի շատ գյուղեր, և՛, ի վերջո, կկնքվի այն «խաղաղության պայմանագիրը», որն այսօր ուզում է Ադրբեջանը։ Մի գուցե այլ կետեր ևս ավելանան՝ ի շահ այդ երկրի։ Սա պլան մինիմումն է, որ այս պահին կա ու ակնհայտ երևում է»,- ասաց նա։

Պատգամավորի գնահատմամբ՝ մոտ ապագայում ևս պետք է պատրաստ լինել մեծ ու ահասարսուռ պատերազմի։

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
15:02 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today
11:15 Գյումրիի քաղաքապետը իր կողմից արված հայտարարությունից հետո աշխատանքի չի գալիս
08:57 Մանրամասներ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների փակ նիստից․ Հրապարակ
16:00 Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
15:29 Արցախի նախկին ղեկավարները Ադրբեջան են տեղափոխվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ դեսպան
08:37 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ Հրապարակ
16:45 Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։