copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 20:18 12-01-2023

Մարտնչում են ոչ թե բանակները, այլ պետությունները, և յուրաքանչյուրը իր խնդիրն է կատարում. Սեյրան Օհանյան

Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով տարածքներ վերադարձնելով պատերազմը կանխելու հնարավորությանը, ասաց, որ հիմա հետահայաց կարելի է ասել՝ գուցե ավելի լավ կլիներ, քան այն, ինչ այսօր ունենք, բայց այն ժամանակ ով ում կհամոզեր, որ դա մի ճանապարհ է, որով պետք է գնալ։

Փաշինյանը նշել էր, որ անընդհատ իրեն զեկուցել են, թե մեր բանակը կարող է իր առջև դրված խնդիրը կարգավորել, ոչ մի քայլ հետ սկզբունքով։

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով վարչապետի ասուլիսում հնչեցված մտքերից, ասաց. «Այդ մեղադրանքները արդարացված չեն, այլ ընդհակառակը՝ մեղադրանքները ուղղված են այսօրվա իշխանություններին, որ բավականին բացասական ազդեցություն են թողել բանակի ընդհանուր մարտանուկության և նրա կողմից խնդիրների կատարման վրա․ սա մեկ»։

Օհանյանն ասաց, որ պատերազմի ժամանակ մարտնչում են պետությունները. «Երկրորդ՝ մարտնչում են ոչ թե բանակները, այլ մարտնչում են պետությունները, և յուրաքանչյուրը իր խնդիրն է կատարում, և այս 44-օրյա պատերազմի ընթացում բանակը փորձել է իր առջև դրված խնդիրը կատարել, բայց բանակը պատերազմի ժամանակ պետք է նաև շարունակական համալրում ունենա, հատկապես անձնակազմով, և պետությունը պետք է փոխադրվի ռազմական ռելսերի վրա․ սա երկրորդ»։

Խոսելով մեր բանակի ստեղծումից՝ Օհանյանն ընդգծեց, որ մեր բանակը անցել է զարգացման մի քանի փուլեր։

«Մեր բանակը, ակնհայտ է, որ ստեղծվել է արցախյան ազատամարտի ընթացքում՝ Հայաստանի և Արցախի անկախությանը զուգահեռ, և նորություն չէ, որ առաջ ազատամարտում անցել է կայացման և զարգացման մի քանի փուլեր և կատարելագործվել է, երկար տարիներ բանակը բավականին բարձր գնահատականի քննություններ է հանձնել, դա մեր սպաների, մեր զինվորների, հրամանատարների համատեղ հանձնված գործողություննների շնորհիվ է։ Այն արտահայտվել է տարբեր զորավարժությունների ժամանակ և՛ երկրի ներսում, և երկրից դուրս միջազգային զորավարժություններում, որտեղ մենք բավականին բարձր գնահատական ենք ստացել»։

Խոսելով բանակի մարտունակության մասին՝ Օհանյանն ասաց, որ բանակի մարտունակությունն արտահայտվել է տարբեր իրավիճակներում։

«Բանակի մարտունակությունը արտահայտվել է տարբեր զորահանդեսներում, և՛ զորքերի, և՛ սպառազինության անընդհատ համալրում է տեղի ունեցել, և զորահանդեսից զորահանդես անընդհար եղել են նորարարություններ։ Սա ակնհայտ է և երևացել է, բայց ամենակարևորն այն է, որ բանակը տարբեր դժվարին պայմաններում բավականին արժանի պատասխան է տվել։ Ապրիլյան պատերազմի ընթացում բանակը կարողացավ մի քանի օրվա ընթացքում խափանել Ադրբեջանի բանակի հիմնական նպատակները, բայց միևնույն ժամանակ ասեմ նաև, որ մենք իդեալական բանակ չենք ունեցել, իդեալական բանակի կարողությունները բխում են իդեալական պետությունից, որովհետև յուրաքանչյուր բանակի ներուժի բաղկացուցիչ մասերը առաջին հերթին երկրի տնտեսությունն է, երկրորդը՝ բանակը իր զորահավաքային ռեսուրսներով, երրորդը՝ երկրի ռազմահայրենասիրական դաստիարակությունը։ Հիմա ասեմ նաև բացասական կողմը․ նախ՝ գիտենք, որ այս պատերազմը հրահրվեց, երբ խաթարվեց բանակցային գործընթացը, և մենք ունեցել ենք բանակցային բավականին ներուժ, որոնք այս իշխանությունները չօգտագործեցին, որոշեցին զրոյական կետից սկսել, դրանում է հենց կայանում նրանց անփորձությոնը կամ միտումնավոր կատարած գործընթացները։ Երբ իրենք եկան իշխանության, ոչ մեկից չհարցրին, թե բանակցային գործընթացը ինչ վիճակում է, ինչպիսի խնդիրներ կան, ինչի վրա ուշադրություն դարձնեն, այլ իրարամերժ, որ ադեկվատ հայտարարություններով և գործողություններով իրենք Արցախը արցախցիների փոխարեն ներքաշեցին պատերազմի մեջ»,- ասաց Օհանյանը։

Օհանյանը ընդգծեց, որ եթե փոքր-ինչ հնարավորություն կար բանակցային գործընթացով կանխարգելել պատերազմը, ապա պետք է գնալ այդ քայլին, դրանում էր կայանում մեր անփորձության պահը կամ միտումնավորությունը։ Ըստ Օհանյանի՝ 2018թ-ից հետո օրվա իշխանությունները, բանակի վերաբերյալ քաղաքականությունը վերածելով փիառի և իջեցնելով կենցաղային մակարդակի, երեք ուղղություններով լուրջ հարված են հասցրել բանակի մարտական կարողություններին.

1.Քաղաքական և կադրային փոփոխությունների շրջանակներ, նախարարի, ԳՇ պետի ՊԲ հրամանատարի անընդհատ, արագ փոփոխությունները բերում են նրան, որ իշխանության են գալիս կամ պաշտոնի են նշանակվում մարդիկ, որոնք որ լիարժեք չեն տիրապետում իրավիճակին, որպեսզի կարողանան լիարժեք ղեկավարել։ Իսկ միաժամանակյա փոփոխությունները լուրջ վնաս են բանակի ամբողջական վիճակին տիրապետելուն։ Իսկ քաղաքական և ռազմական ղեկավարության փոփոխությունները քաղաքականացնում են զորային կառույցների ղեկավարներին։ Եթե պաշտպանության նախարարը կարող է լինել քաղաքական թիմի անդամ, ապա զինվորական ղեկավարները պայմանագիր են կնքում՝ անկախ քաղաքական թիմից, իրենք պետք է իրենց առջև դրված խնդիրը իրականացնեն, այսինքն՝ իրենց պայմանագրի ժամկետով ծառայեն, երբ որ Փաշինյանը փոխում է Մովսես Հակոբյանին ասում է՝ ես ուզում եմ ազատվել բոլոր հներից՝ չհասկանալով, որ եթե քաղաքական թիմում հներից լավ քաղաքականություն է, կարող ես ազատվել, զինվորականության մեջ հները փորձառուներն են, ինքը փոխել է մի մարդու, ով մարտական գործողությունների ժամանակ չորս անգամ վիրավորվել է, լուրջ փորձառություն ունի ԶՈՒ պատրաստության մեջ և այլն, և այլն, և սրանից ներքև էլ փոփոխությունները որոշակի մտավախություն են բերել և որոշակի ազդել զինվորական ղեկավարների նաև համարձակության վրա։

2.Կազմակերպչական առումով՝ ուռճացրել են կենտրանական ապարատը, անիմաստ կենտրոնական վարչություն ստեղծել, իսկ տակը գործառույթները նույնն է մնացել։ Կազմաքանդել են զրամիավորումներ, մոբիլիզացիոն ստորաբաժանումներ են կրճատել, որոշակի փոփոխություններ են արել պաշտպանական մարտի դասավորության մեջ։ Փոխել են սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման ամբողջ պլանը։

3. Երրորդը՝ կարգապահության վրա է լուրջ ազդել։ Սկսած բանակի արտաքին տեսքից, երբ ԶՈւ ղեկավարությունը մեր բանակի դաշտային համազգեստը չի հագել, նույն Փաշինյանը, տեսել եք որ, ի տարբերություն Ալիևի, որը իր բանակի դաշտային համազգեստն է հագնում, նման համազգեստ հագնի․ սրանք ինչ ուզում, հագնում են։ Բանակի քաղաքականությունը վերածել են ելակի, մայկա-տռուսիկի մակարդակի։ Զինծառայողներին բջջային հեռախոսներ են տվել, որ մեր ժամանակ չի եղել։ Այս բոլոր քայլերը, թվում է, թե չեն ազգում, բայց լուրջ ազդեցություն են ունեցել բանակի ընդհանուր կարողությունների վրա»։

Խոսելով իշխանությունների պատերազմական օրերին դրսևորած վարքագծից՝ Օհանյանն ասաց. «Իրենք պատերազմի ժամանակ չեն փոխադրել պետությունը ռազմական ռելսերի վրա, իրենք մոբիլիզացիա չեն արել, որ բանակի շարունակական համալրումը ապահովեն, իրենք կարգ ու կանոն չեն հաստատել մարտական գործողությունների թատերաբեմում և երկրի ներսում, այդ անօրինականությունները, փախուստը, այսօրվա դատաիրավական համակարգը, որը ուղղակի խնդիրներ ունի պատերազմի ժամանակ պահպանել օրինականությունը և խստացման միջոցառումներ իրականացնել, պարզ ասած՝ մատը մատին չի խփել այն իրականացնելու համար, դեռ ավելին՝ նրանցից որոշ մասն էլ պատերազմական իրադարձությունների ժամանակ այդ փախչողների մեջ է եղել, իսկ հիմա պետության ներսում ինչ-որ միջոցառումներ է իրականացվում՝ ասենք հանրահավաքների դեմ, ՏԻՄ-երում հաջողությունների հասնելու, իրենց շահերը առաջ տանելու ամբողջ իրավական համակարգը շարքերով լցնում, տանում են, իսկ պատերազմի ժամանակ ինչու չարեցին դա, որպեսզի կարողանային բանակին թիկունք կանգնել, ես չեմ արդարացնում բանակը, բանակում էլ են եղել թերություններ, առանց դրանց չի լինում, բայց եթե իրենք այդպես վարպետներ էին, պետք է գնային և աջակցեին այդ հրամանատարներին։

ՊԲ-ն, ըստ էության, կարելի է ասել՝ իր հիմնական խնդիրը սկզբնական շրջանում կատարել է, 283 կմ պաշպանության գոտի ինքը ունի, այդ 283 կմ-ում հակառակորդը աջ թևում մխրճվել է՝ 20 կմ-ում ճեղքում առաջացնելով մեր պաշտպանության մեջ, իսկ այդ ճեղքումից հետո այդ հատվածում պատասխանատվություն է կրում ՀՀ ղեկավարությունը, որովհետև եթե ՊԲ-ի իր հատվածում ինքն է որոշում ընդունում, ապա հակառակորդի կողմից ճեղքման այդ հատվածը, Պաշտպանության բանակի և մյուս զորամիավորումների կցման համագործակցության կետն է, որտեղ որոշումներ է ընդունում ԶՈւ-ի ռազմական ղեկավարությունը, և դա հաստատում է այսօրվա կառավարության ղեկավարը։ Այսինքն՝ հիմնական մխրճումը և այնտեղ, որտեղ, որ իրենք պետք է ուժ կուտակեին և դեմը առնեին, այն հատվածն է, որտեղ պատասխանատու է այսօրվա ՀՀ ղեկավարությունը»,- ասաց Օհանյանն։

Օհանյանն ասաց, որ իրենց կողմից անընկալելի էր այն, որ պատերազմի օրերին հաջողություններ չգրանցած տարբեր անձինք ստանում էին Հերոսի կոչում։

«Այդ նահանջի հետ զուգահեռ՝ եթե ինքը ասում է, որ բանակը մարտունակ չէ, ինչու է բանակի ղեկավարությանը, առանձին անհատների գեներալական կոչումներ տվել, կոչումները բարձրացրել, հերոսների կոչումներ տվել, ինքը ասում է՝ ինձ ինչ ներկայացրել են, ես ներկայացրել եմ ՀՀ նախագահին, դա նշանակում է, որ դու ստանձնել ես Կառավարության ղեկավարի պաշտոնը և նույնիսկ ընթացում չես սովորել, ինչու դու չես կարողանում հարց տալ և ասել՝ խնդրում եմ՝ ներկայացրու ինչի համար ենք Հերոսի կոչում տալիս։ Ովքեր են ՀՀ-ում 21 կամ 22 թ․-ին ստացել բարձր գենարալական կամ դասային կոչումներ․ միայն ու միայն ստացել են դատական, դատաիրավական և իրավական համակարգի անձնավորությունները։ Հիմա ով է այս իրավիճակում պատասխանատուն և անգրագետ կառավարիչը, և ով է հասցրել բանակը այս վիճակին»։

Խոսելով բանակի իրականացրած ներկա քաղաքականությունից՝ Օհանյանն ասաց. «Երկու տարուց ավելի է, որ թմբկահարում են, որ բարեփոխում են․ եթե բարեփոխում եք դուք բանակը, դա նշանակում է, որ բանակի կարողությունները բարձրանում են։ Ադրբեջանցիները մեր սահմանի վրա, հետևում չունենալով որևիցե ենթակառույց, մոտ բնակեցված բնակավայր, արագ բարձրացել են, գրավել են մի շարք դիրքեր և այնտեղ արագ, ինժեներական աշխատանքներ կատարելով, ամրապնդել են այդ բնագծերը, իսկ մենք, մեր թիկունքում ունենալով բնակավայրեր, ենթակառուցվածքներ, պետության մեջ ունենալով շինարարական զգալի ներուժ, չենք կարողացել օգտագործել դրանք և առաջինը բարձրանալ մեր սահմանները և առաջինը ամրապնդել դրանք։ Ավելին ասեմ՝ վերջին տարվա ընթացքում օրինակելի կահավորված դիրքերի զգալի մասը սեպտեմբերի 13-14-ին անցել են հակառակորդին»։

Ձեզ գուցե հետաքրքրի